Ագրարայինի կոլեկտիվը միակամ է մասնաշենքը չհանձնելու հարցում
Վերջին օրերին մամուլում և ագրարային համալսարանի դասախոսների շրջանում ակտիվորեն քննարկվում է ագրարայինի ամենամեծ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին հարցը:
Հարցի նախապատմությունը
Ընտրելով բուհում արձակուրդային շրջանը, համալսարան են այցելել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, ովքեր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ շրջել են մասնաշենքում ու ծանոթացել են շենքային պայմաններին: Ականատեսների վկայությամբ՝ Հայոցյանը Զաքոյանին հանձնարարել է գիտական գրադարանից Մատենադարան ու ազգային գրադարան տեղափոխել արժեքավոր գրականությունը, իսկ մնացած մասը տեղափոխել այլ վայր:
Ագրարայինում կատարվող իրադարձությունները
Մամուլում բարձրացված աղմուկից և այցի իրական նպատակը հայտնի դառնալուց հետո սկսվել է կոլեկտիվի անհանգստությունն ու ձևավորվել է խումբ՝ մասնաշենքը հանձնելու գործընթացը կասեցնելու հետ կապված:
Համալսարանի դասախոս Գվիդոն Մատինյանն անմիջապես զանգահարել է Սարգիս Հայոցյանին այցի նպատակը, շենքի հանձնման մասին լուրերը հաստատելու կամ հերքում ստանալու նպատակով: Ըստ Մատինյանի՝ Հայոցյանը ոչ միայն չի հերքել լուրերը, այլ նշել է, որ իրականացվում է հայ-ֆրանսիական համագործակցություն:
Այնուհետև կոլեկտիվի անունից Հ. Զաքոյանին հանդիպել է նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, ով նույնպես հանդես է եկել հանձնման լուրը պաշտոնապես հաստատելու կամ հերքելու պահանջով: Զաքոյանը նշել է, որ նման հարց չկա, սակայն հրաժարվել է պաշտոնապես հերքել լուրը: Նա նշել է, նաև որ առաջարկելու է ֆրանսիականին հանձնել 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը, որն ի դեպ, դեռևս 2023թ. համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի և հոգաբարձուների խորհրդի դասախոս և ուսանող անդամների գործուն մասնակցությամբ և աջակցությամբ, 6 տարի ժամկետով, կառավարության որոշմամբ, արդեն հանձնվել է ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանին:
Հասկանալով, որ համալսարանում իրավիճակը դառնում է անվերահսկելի, Զաքոյանը օգոստոսի 5-ին փաստացի արձակուրդում գտնվող աշխատակիցներին հրավիրել է խորհրդակցության՝ ընդունելության հարցերի հետ կապված անհասկանալի օրակարգային հարցով: Ինչու անհասկանալի: Որովհետև հանրապետությունում արդեն ավարտվել է ընդունելության գործընթացը, իսկ համալսարանն արդեն 5-րդ տարին կրկնել է ընդունելության խայտառակ ցուցանիշը՝ ընդունելով ընդամենը 52 ուսանող: Երկրորդ ժողովին մասնակցել են հավաքարարներ, պարետներ, գիտական կենտրոնների աշխատակիցներ, և անգամ աննախադեպ երևակայության պայմաններում դժվար է պատկերացնել այդ աշխատակիցների ազդեցությունն ընդունելության գործընթացի կազմակերպման վրա: Հանդիպման իրական նպատակն ըստ ականատեսների եղել է մասնաշենքի հանձնման դեպքում կոլեկտիվի տրամադրությունները շոշափելը, ինչպես նաև դեսպանին ու Հայոցյանին ներկայացնել, որ կոլեկտիվը դեմ չէ:
«Ամեն մեկդ մի ուսանող, որ բերեք խնդիր չենք ունենա», «ուսանող որ ունենանք, շենքը չեն վերցնի», «համալսարանը ոչ մեկիդ տունը չի, որ չուզեք, չտաք», «առաջարկել եմ շինարարական համալսարանի տրամադրված 5-րդ հարկը տալ ֆրանսիականին»: Մտքի այս գոհարները պատկանում են բանախոսին, ով ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել համալսարանի կենսական շահերը:
Ինչ վերաբերում է ընդունելության խայտառակ վիճակին, ռեկտորի պարտականությունները կատարող Զաքոյանն ու նախկին ռեկտոր Ուռուտյանը ևս պարտավոր էին իմանալ, որ այդ գործընթացի համար պատասխանատու են հենց իրենք, ոչ թե համալսարանի գիտաշխատողն ու հավաքարարը, պարետն ու պրոֆեսորը:
Ժողովի ընթացքում կրկին հնչել է մասնաշենքը հանձնելու լուրը պաշտոնապես հերքելու պահանջ, որը Զաքոյանը ոչ միայն չի կատարել, այլ նաև նշել է որ կա մասնաշենքի մասնակի հանձնման խոսակցություն՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Ժողովի ընթացքում ելույթ ունեցողները կոշտ քննադատության են ենթարկել նախկին ռեկտոր Ուռուտյանին ու Զաքոյանին՝ նշելով որ չեն թողնելու շենքային կամ այլ որևէ զիջում:
Կոլեկտիվի անդամները նշում են, որ միակամ են և, այո, ագրարային համալսարանն իրենց տունն է, և ոչ թե Զաքոյանի, Ուռուտյանի նման ագրարայինին վերաբերում են որպես արտագնա աշխատանքի:
Հաշվի առնելով, ագրարային համալսարանի կանոնադրությամբ համալսարանի առջև դրված հիմնական խնդիրներից մեկը հանրապետության գյուղատնտեսության համար բարձրորակ մասնագիտական կադրերի պատրաստումն է, իսկ Հ. Զաքոյանը որպես ռեկտորի պարտականությունները կատարող ոչ միայն չի նպաստում այդ խնդրի լուծմանը, այլ նաև խոչընդոտում է, ինչպես նաև ի հեճուկս ՀՀ օրենսդրության՝ 6 ամսից ավել աշխատում է որպես ռեկտորի պարտականությունները կատարող, մասնաշենքի հանձնման գործընթացի դեմ հանդես չի գալիս սկզբունքային քայլերով, չի արտահայտում համալսարանի և աշխատակիցների շահերը, ավելին, վերջին ժողովի ժամանակ առաջ է քաշել մոլորեցնող, անհասկանալի թեզեր ու հայտարարություններ։ Կոլեկտիվը առաջիկայում պահանջելու է նրա հրաժարականը:
Կարծիքներ