«Հրապարակ». Առաջարկվում է Հայոց ցեղասպանության փաստը հերքողների համար քրեական պատիժ սահմանել
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 3971 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Մասնավորապես, հատուկ ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը քրեական պատիժ է սահմանում։
Գործող Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն առհասարակ ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու դեպքերում։
Ընդդիմադիրներն ընդգծում են, որ օրենսդիրը տարբերվող մոտեցում չի որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում, ինչն առաջարկում են իրենք՝ օրենքում մի բառ ավելացնելով՝ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: «Փաստում ենք, որ Մեծ եղեռնի նկատմամբ առանձին մոտեցման ընդունումը նպատակադիր է ոչ միայն պատմական, այլեւ քաղաքական, սոցիալական եւ իրավական դիտանկյուններից՝ հաշվի առնելով հայ ազգի առջեւ ծառացած այժմեական մարտահրավերները»,- նշվում է ընդդիմության ներկայացրած փոփոխությունների նախագծի հիմնավորման մեջ։
Եվ առաջարկում են պատժաչափ սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով: Իսկ եթե վերոհիշյալ հոդվածը խախտողը պաշտոնյա է, ապա պատժել ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Բնական է, որ այս առաջարկը գործող իշխանությունների սրտով չէ՝ 44-օրյա պատերազմից հետո նրանք լծվել են թուրք-ադրբեջանական հարեւանների հետ խաղաղության դարաշրջան բացելու գործին, եւ այս ընթացքում թուրքական կողմից բազում հայտարարություններ են հնչել, որ դրա նախապայմանը Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելն է։ Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բնականաբար, հրապարակային դեռ չեն ասում, որ պատրաստ են կատարել թշնամու բոլոր պահանջները, միայն թե նոր պատերազմ չլինի, եւ իրենք մնան իրենց աթոռներին, սակայն ամեն ինչ վկայում է դրա մասին։ Ավելին՝ ԱԳՆ-ում խոսում են, որ իրենց ուղիղ հրահանգ է իջել՝ մոռանալ Հայոց ցեղասպանության թեման։
Հիմա էլ տեղեկություններ կան, որ սահմանադրական «բարեփոխումների» անվան տակ ուզում են հրաժարվել Անկախության հռչակագրում ցեղասպանության մասին դրույթից։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջին դեմքերը Փաշինյանին հորդորում էին Սահմանադրությունը փոխել։ Հիմա քաղաքական շրջանակներում խոսում են, որ այս տարի մեկնարկած բարեփոխումների գործընթացի իրական նպատակը Սահմանադրության նախաբանը խմբագրելն է՝ հեռացնելով հետեւյալ հատվածը․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որի 11-րդ կետը ձևակերպված է այսպես․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
«Հայաստան» խմբակցության նախագծի հիմնավորման մեջ բաց տեքստով նշվում է այս մասին․ «1990 թվականի օգոստոսի 23-ի ՀՀ անկախության հռչակագիրը (այսուհետ՝ Անկախության հռչակագիր) նախանշում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Նշված փաստաթուղթը պարունակում է անդրադարձ այն ոլորտներին, որոնց զարգացումը, խթանումը, հաստատումը, ըստ հեղինակների, պետք է հանդիսանար անկախ պետականության հիմնասյուներից:
Անկախության հռչակագրի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հատկանշական է, որ Անկախության հռչակագրի 12-րդ կետը սահմանում է, որ այն հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար՝ այսպիսով նախանշելով այն հիմնական ուղղությունը, որին պետք է միտված լինի հայաստանյան իրավական համակարգը»։
Ընդդիմադիրները հատուկ ընդգծում են, որ գործող Սահմանադրության պրեամբուլան հռչակում է, որ հայ ժողովուրդն ընդունում է ՀՀ Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները․ «Ամփոփելով վերոգրյալը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Անկախության հռչակագրի, Սահմանադրության պրեամբուլայի, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի եւ օրենսդրական զարգացման տեսլականի, ինչպես նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արդյունավետության ապահովման նպատակով օրենսդրական փոփոխության իրականացումն արդիական է»:
Բանն այն է, որ միջպետական պայմանագրերը, որոնց թվում է նաեւ հայ-թուրքական խաղաղության պայմանագիրը, պետք է Սահմանադրական դատարանում քննության ենթարկվեն, իսկ գործող Սահմանադրության հիմքը, այն է՝ Անկախության հռչակագրի՝ ցեղասպանության վերաբերյալ կետը խոչընդոտելու է այդ գործընթացին։ Պարզ է, որ ընդդիմության այս նախաձեռնությունն էլ նախորդների ճակատագրին է արժանանալու, եւ ԱԺ մեծամասնությունը մի անհեթեթ հիմնավորմամբ այն խեղդելու է օրորոցում։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի խանգարում պատերազմից հետո պետության դեմ որոշումներ ընդունել՝ շրջանցելով օրենքը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա հունվարի 11-ի նոր փաստաթուղթը եւ ուրիշ այլ փաստաթղթեր պետք է անպայման անցնեին խորհրդարանով, սակայն պետության ղեկավարը միանձնյա, մի ստորագրությամբ վճռեց պետության ու ժողովրդի ճակատագիրը։
Կարծիքներ