Մարդիկ գիտեն, որ կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները կարող են գալ, բայց ոչ ոք մի քայլ անգամ հետ չի գնա

Մարդիկ գիտեն, որ կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները կարող են գալ, բայց ոչ ոք մի քայլ անգամ հետ չի գնա

Մարդիկ գիտեն, որ կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները կարող է գան ու մարդիկ պատրաստ են։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Նա նշեց, որ մեր զանգից առաջ բնակիչների հետ հենց այդ հարցն էին քննարկում։

«Բնակիչները գիտեն, որ կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայիններն ամենայն հավանականությամբ գալու են, սակայն ոչ ոք ոչ մի քայլ հետ չի գնալու՝ բոլորն իրենց տեղերում են։ Այս մարդիկ պայքարում են ոչ միայն իրենց գյուղերի, այլև հայկական պետականության պահպանման համար, որովհետև այն, ինչ լինելու է սրանից հետո՝ հազարապատիկ ավելի սարսափելի է լինելու, քան կարող ենք պատկերացնել»,-ասաց Պետրոսյանը։ Նա հավելեց, որ Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները հասկանում են, որ այստեղ խնդիրը միայն իրենց հայրենի գյուղերը չեն, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության գոյության, հետևաբար նաև հայ ժողովրդի գոյության հարցն է:
«Եթե պիտի գան, մարդկանց փորձեն ծեծել-ջարդելով ճանապարհը բացել, թող գան, ինչ ասեմ, մարդիկ գիտակցաբար կանգնած են իրենց տեղերում: Բայց բնակիչներից ոչ ոք սադրանքների չի տրվելու»,- հավելեց Պետրոսյանը։

Նշենք, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ։