Ասա` ինչ ես կարդում, ասեմ` ով ես դու
Մենք շատ քիչ ենք ուսումնասիրում հասարակական կարծիքը եւ գրեթե տեղյակ չենք, թե մարդն ինչ է մտածում, ինչով է հետաքրքրված: Ահա` որոշեցի փոքրիկ ուսումնասիրություն անել, թե «Հրապարակի» ընթերցողներին ինչն է հետաքրքրում, եւ պարզել, թե hraparak.am կայքի որ հոդվածներն են ամենից շատ դիտում ունեցել` վերջին 2 օրվա ընթացքում: Արդյունքներն ավելի քան շոկային են եւ հիասթափեցնող, չնայած վստահ եմ, որ մեր կայքի ընթերցողները քաղաքականապես ակտիվ, միջինից բարձր ինտելեկտով ու գրագիտությամբ մարդիկ են: Եվ այսպես․ ամենաընթերցված հրապարակումների թոփ հնգյակը գլխավորում է «Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը վիրահատվել է` նա վիրահատել է քիթը» հրապարակումը: Երկրորդ տեղում է «Մահացել է հայտնի շոումեն Արման Սահակյանը», երրորդը՝ «Լույս աշխարհ է եկել դերասանուհի Լիկա Սալմանյանի առաջնեկը» հրապարակումը:
Անկեղծ ասած` առաջին անգամ էի լսում ե՛ւ այս դերասանների, ե՛ւ շոումենի անունները, երբեւէ նրանց չեմ տեսել բեմում կամ էկրանին, եւ այս հրապարակումները դրվել են մեր կայքում, այսպես կոչված` լրահոսը լրացնելու, նաեւ թեթեւ «կերակուր» ընթերցողին մատուցելու նպատակով: Եվ երբեք չէի պատկերացնի, որ մեր ընթերցողին կարող են նման հոդվածներ հետաքրքրել: Ավելի հետաքրքրել, քան քաղաքական բնույթի հրապարակումները, Արցախի եւ Հայաստանի հիմնախնդիրներին վերաբերող կարեւոր թեմաները: Սակայն ամենից շատ ընթերցված նյութերի թոփ հնգյակի վերջին երկու հրապարակումները փոքր-ինչ մխիթարական են. մեկը Հրանտ Բագրատյանի հաղորդումն է` ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի մասին, որի օրակարգում երկու հարց կա. «Արցախի ճանաչումը եւ օրվա իշխանությունների հեռացումը», իսկ մյուսը՝ Սիսիանի Բնունիս համայնքում հայտնված ադրբեջանցիների մասին տեղեկությունը:
Կարծիքներ