Անվերնագիր. Արմեն Շեկոյան

Անվերնագիր. Արմեն Շեկոյան

Ես եկել եմ ու մի քիչ էլ
գըլգըլալեն դեռ կըհոսեմ:
Ես գրում եմ, որովհետև
դուք չեք թողնում, որ ես խոսեմ:

Ես թռչուն եմ

Ես թռչուն եմ, վասնզի
սիրում եմ երգել:
Ես թռչուն եմ, վասնզի
գարուն է եկել:
Ես թռչուն եմ, վասնզի
երգն է հարատև:
Ես թռչուն եմ, վասնզի
ունեմ երկու թև:

Մահապարտներ

Իմ եղբայրներն եք, բայց սրտիկն իմ խև
մերժեց, որ դառնամ մեկիդ կուսակից:
Դեռ չեմ հեռացել. տարածքում եմ.
և անունըս դեռ չեք հանել ցուցակից:
Անընդհատ իրար հաղթում եք, մինչդեռ
դուք չեք թողնի, որ մեկըդ վայելի:
Ձեր հարվածներից փըշըրվում եմ դեռ
ես – ձեր հստակ ու միակ հայելին:

Գարուն Երևան

Հոգին էլի թռչում է,
և սիրտն է թռչում:
Քո գարունն է հետ եկել
թռչուն առ թռչուն:
Թռչուններըդ հետ եկել՝
տաքն են վայելում:
Իսկ տղերքըդ մնացին
օտար վայրերում:

Անցողիկ

Մերթ զվարթ, մերթ սրտնեղելով՝
ես շրջեցի էս տեղերով.
անցա էս հին կյանքի մոտով
էսպես – առանց ավտո – ոտով:
Ու ես կերթամ էս աշխարհից
ոտով – առանց ջիպ ու տաքսի
ու գոհ. քանզի իմ երթալով
աշխարհումըս մազ չի պակսի:

Իմպրովիզացիա

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ էսքան հույզ չկա,
ախր ուրիշ տեղ էսքան կույս չկա,
ախր ուրիշ տեղ մեռնող ու հառնող
էսքան երազ ու էսքան հույս չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ էսքան խենթ չկա,
ախր ուրիշ տեղ էսքան մենթ չկա
ու էսքան շուտ-շուտ իմպիչմենթ չկա,
զի՝ մերի նման պառլամենտ չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ մութ ուժեր չկան,
ախր ուրիշ տեղ բութ ուժեր չկան,
ախր ուրիշ տեղ օրը ցերեկով
Ազգային ժողով ներխուժել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ վեհ, հայրենաշունչ
էսքան երգ, էսքան երգի տող չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
երբ գրպանումըս տոմսի փող չկա:

Հուսո առագաստ
Եփոյին՝ Լոս Անջելես մշտական
բնակության մեկնելու նախօրյակին

Դու էլ ես գնում մեզանից, Եփո՛,
չնայած ունես և՛ հարգանք, և՛ փող:
Էս կյանքը խաղ է, փուչ է և ունայն,
բայց դու մի՛ գնա էդպես ձեռնունայն.
վերցրու քեզ հետ սրտերը մեր,
մեր լեռներից խաղաղ հովեր,
վերցրու քեզ հետ խաչված քարեր,
ծով դաշտերից ոսկե հասկեր.
մեր Կիլիկիո անմար երգով,
մեր պապերի կարոտ էրգրով,
հուսո ճերմակ առագաստով
հասիր բաց ծով:

Պապլավոկ

Ես ցերեկներն իմ կյանքն եմ ապրում,
իսկ իրիկունները խոսում եմ քաղաքականությունից:
Ես ցերեկներն իմ կյանքով եմ ապրում,
իսկ իրիկունները խոսում եմ հայրենասիրությունից:
Ես ցերեկներն իմ փայն եմ խլում,
իսկ իրիկունները խոսում եմ մարդասիրությունից:
Ես ցերեկները սերիալներ եմ թարգմանում,
իսկ իրիկունները խոսում եմ դրանց վնասներից:

Տրտունջք

Երազեցինք մենք անընդմեջ
ցաքուցըրիվ ու անկանոն:
Այն, ինչ եղավ երազի մեջ,
չի լինելու իրականում:
Խախտըված են կարգ ու կանոն
մեր նիրհի ու մեր վազքի մեջ:
Այն, ինչ տեսանք երազի մեջ,
չենք տեսնելու իրականում:

Եռաբլուր

Տղերքն էլի իրարով են՝
հավերժի մեջ ու հիմի:
Խոտն է ծլել Նավասարդյան
Աշոտի տաք շիրիմին:
Գարնան մի ամպ զիլ տրաքեց
մեր ամենավերևում.
կարկուտ տեղաց շիրիմներին,
ու երկինքն էր երերում:
Ու մենք փախանք՝ թողած ցրիվ
պատառիկներն իր կյանքի:
Ու նա մնաց կարկուտի տակ,
զի սովոր էր զրկանքի:

Ապաշխարանք

Զատիր ևըս մի անգամ
մեղքըդ այլոց մեղքերից:
Չէ, անմեղ չես, բարեկամ.
մի համոզիր քեզ ու ինձ:
Ապաշխարիր, բարեկամ,
մինչև բացվի նոր օրը:
Դու անմեղ ես ճիշտ այնքան,
որքան՝ ես ու բոլորը:

Մտածելիք

Գիշերային ժամերին
քնահարամ ու անքուն
միտք եմ անում, թե կյանքում
Ո՞նց անեմ, որ ավելի
սիրուն ապրեմ ու ցածով
շարունակեմ իմ ճամփան:
Ո՞նց անեմ, որ ամեն բան
լինի հենց ձեր ուզածով:
Ո՞նց անեմ, որ չըզատեմ
ինձ՝ գործերից իմ արած:
Ո՞նց անեմ, որ չըդատեմ
ինձանից լավ մարդկերանց:
Ո՞նց անեմ, որ վերանամ
արդեն արած իմ գործից:
Ո՞նց անեմ, որ տիրանամ
հազարամյա ձեր փորձին:
Ո՞նց շարժըվեմ Էս կյանքում,
ո՞նց հայտնըվեմ դեպքի վայր,
որ էս պստիկ արանքում
ինձ համարեք ձեզ եղբայր:

Հին ու չարչարված

Վերամբարձ ու հին, հին ու չարչարված
կյանք է. առայժըմ մեզ չի գոհացնում:
Եվ նըշանառու ամեն մի հարված
դիպչում է սրտին ու չի մոռացվում:
Կյանք է: Առայժըմ մեզ չի գոհացնում:
Ահաբեկում է իր սլաքներով:
Օրեր են. հերթով գալիս են-անցնում
Իրիկնամուտի վերելակներով:
Գալիս-անցնում են ու չեն գոհացնում
ու մեզ չեն ցնցում մեր խախուտ հիմքից:
Կյանք է հարահոս. գալիս է-անցնում
ու իր հետքերը թողնում է դեմքիս:
Սերը թոշնում է, բայց չի մոռացվում:
Ու չի մոռացվում և ոչ մի հարված:
Կյանք է. անտեղյակ գալիս է-անցնում
վերամբարձ ու հին, հին ու չարչարված:

Դևը

Մենք երկատված դեմք ու հոգով
շարժըվեցինք դեպի առաջ:
Ո՞վ էր քաշում մեզ իր թոկով,
ո՞վ էր գալիս մեզ ընդառաջ
ու անընդհատ գըրգըռում մեզ՝
համարելով իր զավակունք:
Ո՞վ դիզեց մեր հոգսերի դեզն,
ո՞վ մեր դժվար բախտի ակունքն
անդառնալի ցամաքեցրեց՝
ցուցանելով խոտոր ճամփա:
Ո՞վ մեր օդը նվազեցրեց՝
դարձընելով կյանքը ճամբար:

Վերջերգ

Պրծավ: Ավարտվեց: Ամեն-ամեն ինչ:
Ամեն ինչ պրծավ, ու մընաց ոչինչ:
Բա՛վ է ձևանամ: Բա՛վ է խաղ անեմ:
Բա՛վ է իմ ու ձեր վերքին աղ անեմ:
Ափսո՜ս, չունեցա հազար ու մի կյանք.
Հազարն էլ սրտանց ձեզ մատաղ կանեի:

 

Անդին 5, 2014
Անդին ամսագիր