Պատիվ ունեմ, պարոն գեներալ... Բայց մինչ այդ նաեւ մի քանի հարց, որ մինչ օրս չեմ կարողացել որեւէ առիթով քննարկել ձեզ հետ: Ասենք` դուք ե՞րբ եք հասարակ ավագ լեյտենանտներիս հետ հարց քննարկում, որ մի հատ էլ առիթ տայիք ձեզ հարց տալու: Բայց հիմա ձեզ համար խաղաղ ժամանակներ են սկսվել: Բանակում պրինցիպի գործ չկա, դուք էլ բանտերում հով լռված եք ձեզ համար: Ու հենց այստեղ ծնվում է առաջին հարցը` ո՞վ էր տեսել գեներալը բանտ նստի: Լավ է` դիսբատ չեն կոխել ձեզ: Սա ի՞նչ խայտառակություն է: Ու խելոք, օրենքի տառին համապատասխան, ձեզ համար նստած եք:
Օրենքը, եթե ուզում եք իմանալ, ձեր խանչալի ծայրին պետք է լինի, դուք գեներալ եք, իսկ օրենք գրում են ինչ-որ երեսփոխաններ, որ կարողանան իրենց հետույքները զերծ պահել ձեր խանչալից: Որ մի ոստիկան (կներեք, հարգելի ոստիկաններ) ձեր թեւերն ոլորի ու բերման ենթարկի, բա պարզ չի՞, որ վարչապետը ձեզ ինչում ասես կկարողանա մեղադրել ու ստիպել իր սիրած երգերը երգել:
Գեներալ Դավիթ Տոնոյան, ախր դու ինչի՞ ես բանտում: Չգիտե՞ս, որ բանտարկված գեներալի խոսքն ասնավանի չի: Արձագանքել էիր, չէ՞, Նիկոլի հերթական բլթոցին` սաղավարտների եւ զրահաբաճկոնների մասով, թե Նիկոլը ստում է, նա տեղյակ է եղել դրանց քանակի մասին, որովհետեւ վերջին զեկույցը ներկայացվել է հենց նրա կառավարությանը: Մենք էլ ասինք` ջան, գեներալը խոսեց: Բայց քո հետեւից էլ գեներալ Մոսին խոսեց ու այնպես խոսեց, որ ավելի լավ է` չխոսեր: Թե բա Տոնոյան Դավիթը սխալ բան է ասել, այդպիսի զեկույցները կառավարությանը չեն զեկուցվում, այլ՝ Անվտանգության խորհրդին:
Պահոոո... ԱԽ-ն կառավարությունից քանի՞ քայլ է հեռու, իմ շատ հարգելի գեներալ Մոսի ջան: Մենք հո Չինաստանը չե՞նք, որ մեր կառավարությունը 2 միլիարդ մարդու մեջ չերեւա: Դժվա՞ր էր ասել` Նիկոլը փչում է, Տոնոյան Դավիթը շատ էլ ճիշտ է ասում` Նիկոլը գիտեր սաղավարտների եւ զրահաբաճկոնների քանակի մասին: Բայց մինչ երկու գեներալ այսպես սխալ են հանում միմյանց, Նիկոլը մեծ ճարպկությամբ ամրագրում է, որ պատերազմի օրերին ճղճղոցով զորահավաքներ կազմակերպելը հաղթելու ամենաճիշտ ճանապարհն էր: Դե հիմա` չհաղթեցինք, դե հիմա՝ շատ զոհ տվեցինք... Ես պատասխանատու եմ, իհարկե, բայց մեղավոր չեմ... Բա մեղավորն ո՞վ է... Հրեն, բանտերում նստած գեներալները: Այդ նույն գեներալներն էին մեղավոր, որ թուրքը նաեւ Հայաստանի տարածք ներխուժեց, այդ նույն գեներալներն են մեղավոր, որ մեր բանակը վերջնական կազմաքանդման եզրին է: Խեղճ գեներալներ, իսկ դուք հիմա, երեւի, պրիբորները ձեռքներիդ՝ բանտի ճաշարանի հերթում եք կանգնած: Ցավով եմ ասում, բայց ցավեցնելու համար:
Արդյոք ես կսխալվե՞մ, եթե ասեմ, որ գեներալի մտածողությունը սովորական մահկանացուների եւ, իհարկե, քաղաքական գործիչների մտածողությունից պետք է տարբերվի: Ես երկու դեպք եմ լավ հիշում, երբ բոլորը սպասում էին գեներալների քայլին` 1999թ. հոկտեմբերի 27-ին եւ 2021թ. փետրվարի 25-ին: 99-ին ՀՀ ՊՆ-ում քաղաքական հացկատակների խմբակը պախկվել էր մի անփառունակ գեներալի գալիֆեի մեջ ու հաթաթաներ էր տալիս երկրի քաղաքական իշխանությանը, թե հեսա տանկերը քշում ենք քաղաք: Էլ չասեմ, թե ինչով դա ավարտվեց, որովհետեւ քաղաքական ոչնչություններն էին զորահանդեսի հրամանատարները եւ ոչ թե անփառունակ գեներալը, որ բանակին հրաման տալու իրավասություն ունեցող միակ մարդն էր այնտեղ: 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբն էր աշխատում: Օնիկ Գասպարյանին օգնում էր հենց իր` գեներալի մտածողությունը:
Ոչ մի քաղաքական գործիչ նրան այդ պահին չէր ուղղորդում ու չէր խանգարում իր լիբերալիզմով ու սոցիալիզմով, իր հիվանդ երեւակայությամբ ու վախերով: Եվ Օնիկ Գասպարյանը սխալվեց ընդամենը մեկ հարցում: Փաշինյանին հրաժարական պարտադրող հայտարարությունը նա պետք է տարածեր այն ժամանակ միայն, երբ Նիկոլ Փաշինյանին փաթեթավորած տանելիս լինեին ՊՆ բունկեր: Դա կկոչվեր հեղաշրջում եւ ինչպիսի՞ հեղաշրջում... գեներալական: Այլապես հայտարարությունը տարածեցին ու իրենցից գոհ նստեցին, որ տեսնեն, թե Նիկոլն ինչպես է լեղապատառ փախչելու: Նիկոլ դու Նիկոլ... Մի քանի ժամում հավաքեց զորքն ու մի ճղճղան հանրահավաք արեց Հանրապետության հրապարակում, թե՝ հասեք, հեղափոխությունը վտանգի մեջ է: Եվ այդպես նա մի ժեխահավաքով հաղթեց տանկ ու բաբանով զինված Օնիկ Գասպարյանին: Եվ հիմա չասե՞լ`Օնիկ Գասպարյանի այդ սխալի պտուղներն ենք քաղում մենք:
Այդ դեպքերից մեկ տարի երկու ամիս անց մի ուրիշ գեներալ` Տիրան Խաչատրյանը, որ նույնպես ստորագրել էր 2021թ. փետրվարի 25-ի խրոխտ հայտարարությունը, հայտնվում է Ազատության հրապարակում ու ընկնում լրագրողների շրջափակման մեջ: Սրանք կպնում են գեներալի գլուխը, թե չէ որ չէ` պիտի ասես` ինչո՞ւ այն ժամանակ Նիկոլին թողեցիք թախտին: Ի՞նչ պատասխանի գեներալ Խաչատրյանը, որ լավ լինի: Ասում է` դուք, ինչ է, ուզում էիք հեղաշրջո՞ւմ անեինք, բա միջազգային հանրությունն ի՞նչ կասեր: Վախ, իմ տիրական Տիրան Խաչատրյան ջան, վախ, իմ հերոս գեներալ ջան... Ախր քո ի՞նչ խշտիկին ա էդ միջազգային հանրությունը, ո՞վ է նա, ո՞ւմ շունը: Դու իսկի չգիտեիր` Բայդենը Թրամփի ինչն ա, հիմա միջազգային հանրություն-մանրությո՞ւն ես ասում: 2018թ. այս օրերին նույն բանակը չլցվե՞ց փողոց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Միջազգային հանրություն չկա՞ր այդ ժամանակ:
Խեղճ հայ ժողովուրդ, նոյեմբերի 9-ից մինչ օրս մղկտալով սպասում է`բա մեր գեներալները ե՞րբ են խոսելու: Ես արդեն չգիտեմ` կխոսե՞ն, թե չեն խոսի, եւ, առհասարակ, ո՞րն է ճիշտը` խոսե՞ն, թե՞ չխոսեն: Իսկ քանի՞ գեներալ է մնացել, ո՞վ գիտի: