Հարցազրույց

«Հրապարակ». ՍԱՏՄ-ն եկել է, խնդիր չի հայտնաբերել, գնացել է, հետո հետ եկել եւ փակել պիցցերիան

«Հրապարակ». ՍԱՏՄ-ն եկել է, խնդիր չի հայտնաբերել, գնացել է, հետո հետ եկել եւ փակել պիցցերիան

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը: Հիշեցնենք․ Փաշինյանի հրահանգով Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին` մեղադրանք առաջադրելով «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» հոդվածով։ «Տաշիր պիցցայի» ցանցի մարքեթինգային բաժնի աշխատակից Արտակ Մաթեւոսյանը «Հրապարակ»-ին երեկ ասաց, որ այս պահի դրությամբ 10 մասնաճյուղ է փակվել: Անգամ մարզերում են փակել, մեկը, օրինակ՝ Էջմիածնում։ «10 օբյեկտ փակ, որոնցից 7-ի համար մենք դիմում ենք գրել ՍԱՏՄ, որ արդեն ենթակա է վերաբացման, այսինքն՝ այն խնդիրը, որը ՍԱՏՄ-ն նկատել է, 10 օբյեկտից 7-ում խնդիրները վերացված են։ ՍԱՏՄ-ն եկել է, խնդիրներ է գտել, նշել են՝ ինչ խնդիր են արձանագրել մեզ մոտ․․․ Հիմա 10-ից 7 օբյեկտի որոշումները վերացված են»։

- Խնդիրները խոհանոցի հե՞տ են կապված։

- Տարբեր` կարող է խոհանոց լինի, հովացման, տեխնիկական  խնդիր։

- Մենք տեսանք՝ փակման պատճառաբանություններից մեկն այն էր, որ հատակի մակերեսը հարթ չի եղել, դա փակման պատճա՞ռ է։

- Գիտեք, ՍԱՏՄ-ն իր չափորոշիչներն ունի, գուցե այդ չափորոշիչների մեջ մտնում է, որ հատակը պետք է հարթ լինի, իսկ հատակը հարթ չի եղել, որը կարող է փաստացի արձանագրության հիմք դառնալ։

- Այս ստուգումները մշտապես եղե՞լ են, թե՞ սա առաջին դեպքն է։

- Այո, մենք հայտարարություններով էինք հանդես եկել, որ մասնաճյուղերից մեկում աղցանների հետ կապված խնդիր կար, որը կարճ ժամանակահատվածում վերացվեց, եւ օբյեկտը շարունակեց իր գործունեությունը։ Օբյեկտը չի փակվել, աղցանների վաճառքն էր դադարեցվել։

- Պիցցերիաների ցանցի նկատմամբ սեւեռում չե՞ք տեսնում, քանի որ, գիտենք, այն պատկանում է Սամվել Կարապետյանին։ Սա հստակ հրահանգ չէ՞ իշխանության կողմից՝ բիզնեսը տապալելու։

- Չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել, քաղաքական ենթադրություններ անել, որովհետեւ ինքս քաղաքականությունից հեռու եմ, բայց եթե տրամաբանորեն նայենք, քանի որ մինչ օրս ՍԱՏՄ-ի կամ մեկ այլ գերատեսչության կողմից մեր օբյեկտներից որեւէ մեկը չի փակվել, ասում եմ՝ աղցանի վաճառքն է միայն դադարեցվել, օբյեկտը չի փակվել, իսկ հիմա ՍԱՏՄ-ն օբյեկտները փակել է։ Մենք մեր գործունեության ընթացքում դեպքեր չենք արձանագրել, որ օբյեկտը փակվի, այո, եղել են խնդիրներ, բայց խնդիրը չի բերել նրան, որ օբյեկտը փակվի։

- Այսինքն՝ սա սեւեռում է, գուցե դուք խուսափո՞ւմ եք դա ասելուց։

- Չեմ խուսափում, մարդիկ էդպես են բնութագրում․․․

- Դուք այդ կարծիքին չե՞ք։

- Այո, ես՝ ինքս, տեսնում եմ այդ դիտավորությունը, որովհետեւ ասում եմ` եթե մենք ունենայինք նման դեպք, կասեինք՝ սա հերթականն է։ Սա աննախադեպ է նրանով, որ ՍԱՏՄ-ն մեր խնդրագրի, դիմումի հիման վրա է եկել ստուգելու․․․

- Տպավորություն է, որ դուք եք ասել՝ եկեք, ստուգեք, փակեք։

- Ստուգումներ իրականացվում են ՍԱՏՄ-ի կողմից, որովհետեւ մենք լաբորատորիա չունենք։ Իրենք գալիս՝ ուսումնասիրություն են անում, եթե խնդիր են հայտնաբերում, դա արագ վերացվում է, նպատակը՝ առողջ սննդով ապահովենք հաճախորդին։

- Տուգանե՞լ են նաեւ։

- Տուգանքի պահով ոչինչ չեմ կարող ասել, բայց 10-ից 7-ում խնդիրը վերացված է։

- Դիմումը ե՞րբ էիք ներկայացրել։

- Մինչեւ այս հայտնի դեպքերն իրենք արդեն շրջայցերը սկսել էին, մենք ՀՀ-ում ունենք 32 «Տաշիր պիցցա», նրանք հերթով իրականացնում են` պատահական մտնում են օբյեկտ, իրականացնում գործունեությունը։ Երբեւէ չի եղել, որ այցելեն մի օբյեկտ եւ ետ վերադառնան։

- Իսկ այս դեպքում եղե՞լ է։

- Այո, եկել, խնդիր չեն հայտնաբերել, հետո ետ են եկել եւ փակել են։ Պարզապես չեմ հիշում՝ որ հասցեի մասին է խոսքը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image