Չեմ կարծում, թե վրեժ լուծելու համար ստուգումներ անեն
ԳԱԱ-ն երկար տարիներ ղեկավարած Ռադիկ Մարտիրոսյանն այժմ ակադեմիայում զբաղեցնում է ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը եւ շարունակում է գործուն մասնակցություն ունենալ ակադեմիական կյանքին։
Վերջերս ՀՀ եւ ՌԴ ԳԱԱ-ների միջեւ ստորագրվեց գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզ։ Այդ առնչությամբ Ռ․ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե դա ինչ է ենթադրում եւ ինչ հեռանկարներ կարող է բացել մեր գիտության առջեւ։ «Միշտ էլ նման համագործակցության ծրագրեր ունեցել ենք։ Մենք սրանից մի 3 տարի առաջ էլ կնքել էինք համաձայնագիր, բայց մանրամասնված չէր, ու դրա անհրաժեշտությունը կար ե՛ւ կադրերի պատրաստման, ե՛ւ հետազոտական աշխատանքների մասով։ Պայմանավորվեցինք բավականաչափ մեծ սպեկտրով հետազոտությունների համար, եւ 5-6 ինստիտուտների համար համապատասխան քննարկումները պետք է սկսվեն»։
Գիտությունների ազգային ակադեմիան նախաձեռնել է գիտական համակարգի բարեփոխումներ՝ միաժամանակ օպտիմալացնելով ԳԱԱ մի շարք ինստիտուտներ։
Մտավախություն չկա՞, որ ինստիտուտների օպտիմալացումը բողոքի ալիք կբարձրացնի գիտնականների շրջանում։ «Դա նորություն չէ, եւ մենք ժամանակ առ ժամանակ ակադեմիայում անցկացնում ենք օպտիմալացման պրոցեսներ։ Ընդհանրապես, այսօր գիտությունն աշխարհում զարգանում է համապատասխան ուժերի ներդրումով․ Նյուտոնի եւ այլ հայտնի գիտնականների ժամանակը վաղուց է անցել, երբ մի գիտնականը խոշոր հայտնագործություններ էր անում։
Այսօր գիտությունը զարգանում է մեծ դպրոցների ուժերի համադրմամբ, բայց մյուս կողմից էլ պետք է ասենք, որ անցած 30 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բավականաչափ կորուստ՝ գիտական անձնակազմի հարցում, որովհետեւ մի մասը գիտությունից գնացել է, մեզ չի հաջողվել ավելի շատ երիտասարդներ ներգրավել։ Այնպես որ, մեր ինստիտուտներում կան ստորաբաժանումներ, որտեղ աշխատողների թիվը քիչ է, նույնիսկ՝ էապես քիչ, եւ սպասել, որ այնտեղ այդպիսի փոքր խմբերով կկատարենք շատ մեծ հայտնագործություններ, դժվար է։ Եվ չի բացառվում, որ 2 իրար մոտիկ գիտական ուղղություններով ստորաբաժանումները միավորվեն, փոխվեն եւ ընդհանուր օպտիմալացվեն»,- ասում է նա ու հավելում, որ 2008-09 թթ․ արել են նման քայլեր, եւ գիտական կենտրոնները, որ այսօր ունենք, մի քանի ինստիտուտի միավորման արդյունքում են առաջացել։
Ըստ Մարտիրոսյանի՝ դա իրենց նախաձեռնությունն է եւ ոչ կառավարության պարտադրանքը, թեպետ կառավարությունը ողջունել է այդ քայլը․ «Կառավարությունն էլ ասում է, որ դա պետք է իրականացվի, եւ այդ բարեփոխումներն էլ պետք է այնպես արվեն, որ մենք եղած ուժերով կարողանանք որոշակի խնդիրներ, որ այսօր մեր տնտեսության, գիտության, մշակույթի առջեւ կանգնած են, լուծել»։
2022թ․ հունվարից նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում, ինչը, ըստ նրա, կառավարության նախաձեռնությունն է․ «Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ գիտությունը լուրջ միջոցներ պետք է ստանա՝ հատկապես աշխատավարձի տեսքով, գիտական ներուժն ամրապնդելու համար։ Հետեւաբար, ատեստավորումը նշանակում է, որ մենք պետք է ունենանք արժանի գիտնականներ, որոնց համար պետությունն այս դժվարին պայմաններում տրամադրում է բավականաչափ մեծ գումարներ»։
Ստացվում է՝ գոհ են կառավարությունից եւ իշխանությունից։ «Իհարկե, պետք է գոհ լինենք, եթե միջին աշխատավարձը 100 հազար էր, հունվար ամսից 2 անգամ ավել է լինելու, եւ պետք է գոհ լինենք դրանից ու հույս ունենք, որ դա մեկ անգամ չի լինի՝ կշարունակվի։ Մենք՝ բոլորս, կարծում ենք, որ սա դրական նախաձեռնություն է, եւ դա գնահատում ենք»։
Խոսակցություններ կան, որ իշխանությունը ֆինանսական ստուգումներ է նախապատրաստում՝ իրեն համակարգից հեռացնելու համար, քանի որ պատերազմից հետո գիտական համայնքը, ի դեմս ԳԱԱ նախագահի, պահանջեց վարչապետի հրաժարականը։ «Ֆինանսական ստուգումներ միշտ էլ եղել են, 2018-ին, երբ փոխվեց իշխանությունը, հենց այդ օրերին մենք այստեղ նստած՝ 6-7 հոգուց բաղկացած հսկա հանձնաժողովը ստուգումներ էր անում։ Եվ դրանք միշտ արվում են, թե մենք ինչքանով ենք արդյունավետ օգտագործում պետության հատկացրած միջոցները»,-ասում է Մարտիրոսյանն ու ընդգծում, որ տրամաբանական չի համարում քաղաքական հայացքներով պայմանավորված նման մոտեցումը, որովհետեւ պատերազմից հետո բոլորս ծանր հոգեբանական վիճակում հայտնվեցինք․ «Ամեն օր խոսում էին պատերազմի հաղթանակների մասին, բայց պարզվեց, որ մենք մեծ պարտություն կրեցինք, եւ դա ամեն մարդու, ամեն ընտանիքի վրա անդրադարձավ։ Իմ հայրենի Մատաղիս գյուղի հայրական տունը 10 տարիների ընթացքում իմ ուժերով կառուցել էի, փայլուն դպրոց կար, որն իմ անունով էր կոչվել․․․ այս բոլորը գնաց․․․ եւ այս վիճակում մարդկանց հոգեբանական վիճակը շատ լարված ու դժվարին էր, բոլորն էլ մտածում էին՝ ինչո՞ւ այսպես եղավ, եւ պարզ է, որ բոլորն էլ պետք է մտածեն, թե ով է մեղավոր։ Այդ առումով իշխանությունը պետք է քննադատվեր, բայց դա չի նշանակում, որ մենք հավերժ իշխանության հետ պետք է հակադրված մնանք, վերջին հաշվով՝ մեր կյանքը, երկիրը, գիտությունը պետք է զարգանան։ Չեմ կարծում, որ միայն վրեժ լուծելու համար ստուգումներ անեն․․․, ստուգումներ պետք է միշտ անել, թե ինչպես են հատկացված միջոցները ծախսվում։ Դրանում նորություն չկա»։
Իշխանությունները խոստանում են խաղաղության դարաշրջան բացել, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ է տեղադրում, որն անցնելու համար ՀՀ քաղաքացիները պետք է «ինչ-որ բան տան», նոր անցնեն․ ինչպե՞ս է գնահատում այս նոր իրավիճակը՝ պատերազմից մեկ տարի անց։ «Պարզ է, որ պատերազմ է եղել, եւ այդ պատերազմի հետեւանքները միշտ էլ ցավագին են, եթե դա լավ եւ ճիշտ կազմակերպված չէ, այդ առումով մտահոգություն շատ կա, հատկապես որ հստակ ինֆորմացիա չունենք։ Եթե տեսնում ենք, որ արդյունքում այդպիսի լուծումներ են առաջանում՝ մաքսակետեր, տարածքներ եւ այլն, իհարկե, դժգոհ պետք է լինենք, եւ միշտ մտավախություն կա, քանի դեռ պարտված կողմ ենք»։
Հույս, ապագա կա՞ այս իշխանությունների հետ։ «Դժվար է նման բան ասել, որովհետեւ իշխանությունը նրա համար է, որ կազմակերպի երկրի կյանքը, նվաճումներ ունենանք, ժողովրդի ապրելակերպը բարելավվի, արտագաղթ չունենանք, ամեն մի իշխանություն պարտավոր է կազմակերպել կառավարման ողջ համակարգը, որպեսզի այդպիսի բացասական երեւույթները քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն։ Հույս ունենք, որ, վերջին հաշվով, բանակցությունների այդ ընթացքը, եթե կարողանան լավ դրսեւորեն, արդյունքները դրական կլինեն։ Պետք է այնպես անել, որ արտագաղթի նոր ալիք չունենանք, եւ կարծում եմ, որ այդ բանակցությունների ընթացքում ժողովրդի այս ցանկությունների ուղղությամբ իշխանությունները պետք է լավ մտածեն»։
Կարծիքներ