Խուլ ու համրի զրույց

Խուլ ու համրի զրույց

Մենք ասում ենք` երկրում քաղբանտարկյալներ կան, իրենք ասում են` կալանավորների քանակը 5 հազարից դարձել է 2 հազար 400: Մենք ասում ենք` Երեւանի խցանումների հարցը լուծեք, իրենք կայանատեղիների տարեկան վճարը դարձնում են 160 հազար, որ մեքենա ունենալը դառնա թանկ հաճույք` ոչ բոլորին մատչելի: Մենք ասում ենք` օրենք է պետք ընդունել, որով Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը դառնա քրեորեն պատժելի արարք, իրենք Արցախը հանձնում են թշնամուն եւ հարցը լուծված համարում: Մենք ասում ենք` արցախցիները նույնպես հայ են ու հայաստանցի, իրենք ասում են` կարեւորը անձնագրի մեջ գրված կոդն է, եւ առաջարկում են արցախցիներին, որ դիմեն` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Մենք ասում ենք` պատերազմում պարտության մեղավորը երկրի իշխանությունն է եւ գերագույն գլխավոր հրամանատարը, իրենք հանձնաժողով են ձեւավորում` պատերազմում պարտության մեղավորներին գտնելու համար, եւ սկսում են քրեական գործեր հարուցել շարքային զինվորականների, պատերազմի մասնակիցների, ՊՆ տարբեր ստորաբաժանումների աշխատողների նկատմամբ, հայտարարում են, որ 11 հազար դասալիք է եղել եւ հարյուրավոր դավաճաններ, բայց հարուցված քրեական գործերը կարճվում են, մեղադրյալները` մեկը մյուսի ետեւից, արդարացվում:

Մենք ասում ենք` բանակը վերականգնեք, զենք գնեք, զորավարժություններ արեք, իրենք ասում են` մեզ զենք չեն վաճառում, գնված զենքը չենք կարողանում հասցնել Հայաստան, բանակի վերականգնման համար տարիներ են պետք: Մենք ասում ենք` նորմալ հարաբերություններ կառուցեք հարեւան երկրների ու դաշնակիցների հետ, որ կարողանաք զենք բերել, զորավարժություններ անել: Իրենք դիտորդներ են բերում: Մենք ասում ենք` վերջապես որոշեք եւ հստակ ասեք` ով է ձեր դաշնակիցը: Նրանք լարախաղացություն են անում: