Բաքվում ապստամբությու՞ն է հասունանում

Բաքվում ապստամբությու՞ն է հասունանում

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ասլան Իսմայիլովը ֆեյսբուքյան չափազանց ուշագրավ գրառում է արել: Ըստ այդմ, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, բանակի հրամանատարության միջպետական այցերի ինտենսիվացումը վկայում են տարածաշրջանի, մասնավորապես՝ Ադրբեջանի շուրջ լուրջ վտանգների մասին: Նա ասում է, որ նախկինում իր կողմից արված զգուշացումները հասելեն բարձրակետի: Իսմայիլովը մատնանշում է, որ Ադրբեջանում կան հակաթուրքական ազդեցիկ ուժեր, որոնց պարագլուխն Իլհամ Ալիեւի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է:

Այդ խմբավորման մաս են կազմում Միլլի մեջլիսի պատգամավոր,իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը, պատգամավոր Զահիդ Օրուջեւ, տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի եղբայր Էլթոն Մամեդովը եւ մի շարք օլիգարխներ: Իսմայիլովը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու դեպքում իշխանությունը հայերից ավելի պետք է զգուշանա ներքին թշնամիներից եւ կանխատեսում քաղաքական թեժ աշուն: Իրավիճակի ապակայունացման պատճառ Իսմայիլովը դիտարկում է Ռուսաստանի ,,ներքին լարվածությունը, որ փորձ է արվելու արտահանել,,: Ինչի՞ մասին է խոսքը, կարելի է միայն գուշակել: Տավուշյան եռօրյա մարտերը որոշակիորեն առկախել են ներքին վերադասավորումները: Ալիեւն, ամենայն հավանականությամբ, զգուշանում է ներքին դիմադրությունից: Հակառակ խմբավորումը դա կարող է գնահատել որպես թուլություն եւ անցնել կանխարգելիչ քայլերի:

Ասլան Իսմայիլովը կառավարող շրջանակներին մոտ անձնավորություն է, հայտնի կեղծարար, որ նենգափոխել է Սումգայիթի ոճրագործության քրեական գործը: Նման համարձակ գրառում նա չէր անի, եթե չունենար իշխող վերնախավի համաձայնությունը: Եթե իրավիճակն այնպիսին է, ինչպես Իսմայիլովն է ներկայացնում, ապա Ադրբեջանում անսպասելի զարգացումներ կարող են լինել: