Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը քիչ առաջ ավարտվեց

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը քիչ առաջ ավարտվեց

«Հենց նոր նախաքննությունն ավարտվեց»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ավարտվե՞լ է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ այլ հարցերի այս պահին չի կարող պատասխանել եւ խնդրեց զանգահարել ավելի ուշ։

Ավելի վաղ, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե, իր իմանալով, այս գործի նախաքննությունն ավարտվել է, մինչդեռ պաշտպանները հերքել էին տեղեկությունը։

Հիշեցնենք` ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։