Հարցազրույց

«Հրապարակ». Ինձ համար լավ կլիներ, որ ես էս վիճակում չհայտնվեի

«Հրապարակ». Ինձ համար լավ կլիներ, որ ես էս վիճակում չհայտնվեի

Ալավերդում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով որեւէ ուժ «50+1» ձայն չի հավաքել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արկադի Թամազյանի գլխավորությամբ, առաջին տեղում է՝ 6 հազար 791 (48.6 %) ձայնով, երկրորդը ՔՊ-ն է՝ 6 հազար 557 ձայնով (47%), ցուցակը գլխավորում էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով շուրջ մեկ տարի դե ֆակտո Ալավերդու համայնքապետն էր․ բնակիչների հետ հանդիպումների մեջ էր, կառավարությունը լուծում էր քաղաքի խնդիրները, իսկ Մկրտչյանը դա վերագրում էր իրեն։ Երրորդ տեղում ՀԱԿ-ն է, որը ստացել է 340 քվե (2.3%), այսինքն՝ անցողիկ շեմը չի հաղթահարել, սակայն օրենքի ուժով անցնում է ավագանի, քանի որ, ըստ ԸՕ-ի, ավագանին պետք է 3 քաղաքական ուժից կազմված լինի։ Առաջին եւ երկրորդ տեղ գրաված ուժերի միջեւ մանդատները բաշխվել են հավասար, ստացվել է այնպես, որ ՀԱԿ-ի 1 հատիկ մանդատն է որոշելու, թե ով Ալավերդիում կդառնա քաղաքապետ,  կձեւավորի համայնքային իշխանությունը։ Եվ քանի որ իշխանությունը շատ մեծ ռեսուրս է ծախսել այս քաղաքի վրա, եւ նրա համար միեւնույն չէ, թե ում կհասնի համայնքապետի պաշտոնը, կարելի է ենթադրել, որ այստեղ կատաղի պայքար է գնում։ Զրուցել ենք ՀԱԿ ցուցակը գլխավորող Նորայր Գեւորգյանի հետ։

- Ստացվել է այնպես, որ դուք եք որոշելու՝ Ալավերդու քաղաքապետն ով կլինի։ Ի՞նչ եք որոշել։

- Ես՝ չէ, կուսակցությունը։

- Դուք էլ եք, չէ՞, այդ կուսակցության անդամ։

- Հա, բայց սրանք քաղաքական ընտրություններ են։

- Դուք քաղաքական ցուցակ եք գլխավորել, մանդատը Ձեզ է պատկանում, ուզում ենք իմանալ Ձեր անձնական մոտեցումը՝ ի՞նչ չափանիշներից ելնելով է կոալիցիա կազմվելու։

- Ես կուսակցական մարդ եմ, ինձ այս հարցն այնքան էլ․․․ եկեք՝ ես չխախտեմ կարգապահական հարցերը, ու սպասենք կուսակցության որոշմանը։ Ինչ որոշում էլ կայացվի, դրան տեր եմ։

- Դուք ուզում եք ասել, որ ընդհանրապես վարկանիշ չունեք, եւ ՀԱԿ-ի՞ն են այդ ձայները տվել։

- Այնպես չէ, որ ինձ համար սա կոմֆորտ վիճակ է, գուցե ոմանք սա համարեին իրենց արժեքը բարձրացնելու վիճակ, բայց կրկնում եմ՝ կոմֆորտ վիճակ չէ։ Ես ամբիցիոզ մարդ չեմ, չեմ կարծում, որ այսքան ձայնով իրավունք ունեմ ինչ-որ շատ պահանջներ դնեմ։ Ինձ համար լավ կլիներ, որ ես էս վիճակում չհայտնվեի։

- Շառից-փորձանքից էլ հեռու մնայիք․․․

- Այո։ Որովհետեւ իրենք հավաքել են այդքան շատ ձայներ, բայց իմ նվազ ձայներից է կախված իրենց կարգավիճակը։

- Քաղաքականությունը հեռու է բարոյականությունից, օրինակ, Սիսիանում երրորդ տեղը զբաղեցրած ուժը համայնքապետի պաշտոն է ուզում։

- Չէ, ես չունեմ նման հավակնություն, ինձ իրավունք չեմ վերապահում նման պաշտոնի հավակնել, միանալու դեպքում կհավակնեմ տեղակալի պաշտոնին։

- Ձեր կարծիքով, կոալիցիան ի՞նչ սկզբունքներով պետք է կազմվի․․․

- Բերեք՝ չմեկնաբանեմ, մինչեւ կուսակցության որոշումը։ Կիրակի կհրապարակվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները, որից հետո հնգօրյա ժամկետում ավագանին պետք է նիստ հրավիրի, ու համայնքի ղեկավար ընտրվի։

- Բայց ի՞նչ կա այդքան մտածելու, ով քանակապես ամենաշատ ձայնն է հավաքել, նրան էլ միացեք՝ հարգեք ալավերդցիների կամքը։

- Հիմա Դուք ինձ ուզում եք ուղղորդել։ Ձայների տարբերությունն ընդամենը 200 է։

- Քի՞չ է։

- Ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ, որ նայեմ՝ ով ավել է, իրեն աջակցեմ։ Պետք է ամեն ինչը ծանրութեթեւ անել։

- Գուցե իշխանությունների հնարավոր ճնշումների՞ց եք մտահոգված։

- Ոչ, իշխանության ճնշումներից ես չեմ վախենում, եւ իշխանությունն էլ ճնշումներ, նման բան չի գործադրում։

- Եթե ամենաշատ ձայն ստացածի հետ կոալիցիա կազմելու տրամաբանությունը չեք ընդունում, ուրեմն ընդունում եք ՔՊ-ի հետ միավորվելու տրամաբանությունը։

- Ես ասում եմ՝ պետք է ծանրութեթեւ անել, բազմաթիվ հարցեր կան, կուսակցությունն է որոշելու։

- Հաշվի է առնվելու ՀԱԿ առաջնորդի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ առկա անքակտելի կա՞պը, թե՞ պատերազմից հետո նրա հնչեցրած գնահատականը։

- Լավ, էլի, ի՜նչ անքակտելի կապ, չկա նման կապ, ո՞վ ասաց, որ Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ անքակտելի կապ կա։ Սա շատ ավելի ցածր հարց է, Դուք տանում հասցնում եք չգիտեմ ուր։

- Օրինակ, որոշ ուժեր պատերազմից հետո անպատվաբեր են համարում ՔՊ-ի հետ համագործակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ վերջին ընտրություններից առաջ հայտարարություն տարածեց, որ որեւէ պարագայում կոալիցիա չեն կազմելու ՔՊ-ի հետ։ Դուք, փաստորեն, չեք մերժում իշխանության հետ կոալիցիա կազմելու գաղափարը։

- Ես նման հայտարարություն չեմ կարդացել։ 

- Իսկ թեկնածուներից որեւէ մեկի հետ անձնական մտերմություն ունե՞ք։

- Ես անձամբ ոչ մեկի հետ այս քաղաքում չեմ շփվել, ո՛չ Արեն Մկրտչյանի, ո՛չ Արկադի Թամազյանի, ընտրություններից հետո երկուսի հետ ընդամենը հեռախոսազրույց եմ ունեցել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image