Դպրոցի տնօրենը հաղթեց մարզպետին

Դպրոցի տնօրենը հաղթեց մարզպետին

Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանը դատարանում հաղթել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին։

Հիշեցնենք՝ տնօրենը հայց էր ներկայացրել՝ ընդդեմ մարզպետի՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի կարգադրությունը՝ նկատողություն տալու վերաբերյալ։

Տնօրենի ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց,որ մարզետարանի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստերը չեն ապացուցվել․

«Մարզպետարանն իրավունք ունի բողոքարկելու Վերաքննիչ, Վճռաբեկ ատյան, սակայն, ես կարծում եմ, որ նկատողությունն ահիմն էր, եւ զուտ հետապնդում են տնօրեններին, ինչքան, որ ես լսել եմ, ուրիշ տնօրենների են ուզում աշխատանքից հեռացնել։ Ես իմաստը չեմ տեսնում բողոքարկելու։ Դեռ չեն բողոքարկել, որովհետեւ վճիռը նոր ենք ստացել։ Դեռ մեկ ամիս ժամանակ կա բողոքարկելու»։

Նա նշեց, որ մարզպետարանի կողմից հրավիրվել եւ որպես վկա հարցաքննվել են մարզպետի օգնականները, կրթության վարչության պետը, ինչպես նաեւ նույն դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանը, որը եւս բողոքում է տնօրենից։

Ուսուցչուհին, սակայն հեռացվել է դատական նիստերի դահլիճից՝ տեղից խոսելու, անվայելուչ բառեր արտահայտելու, ինչպես նաեւ դատարանի օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Թադեւոսյանը շարունակում է աշխատել դպրոցում։