Քաղաքականություն

Արտաշատի քաղաքապետը տեղակալ է նշանակել Գազի Հովոյի որդուն

Արտաշատի քաղաքապետը տեղակալ է նշանակել Գազի Հովոյի որդուն
Արտաշատի քաղաքապետարանում շարունակվում են անցյալ տարեվերջին սկիզբ առած կադրային կրճատում-փոփոխությունները: Հունվարի 9-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետարանի երկարամյա աշխատակից Իսահակ Գրիգորյանը: Նա առայժմ որեւէ այլ աշխատանքի չի անցել: Գրիգորյանին այդ պաշտոնում փոխարինում է ավագանու անդամ Կարեն Ղազարյանը, ով համայնքում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է:



Ղազարյանն ու համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են, ուստի շատերը բնական են համարում իր քավորի որդուն պաշտոն տալու քաղաքապետի որոշումը: Ի. Գրիգորյանը, նշենք, նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո շուրջ 6 ամիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր եւ, կարելի է ասել, սահուն կերպով իրականացնում էր քաղաքապետի լիազորությունները մինչ այն պահը, երբ ՀՀԿ-ն որոշեց քաղաքապետի թեկնածու առաջադրել համայնքի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանին, ով եւ նախորդ տարի նոյեմբերի 5-ին ընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում: Համայնքապետարանում Գրիգորյանի հեռացումը, սակայն, անակնկալ է շատերի համար, քանի որ պարզ չէ, թե ինչու պետք է 2005-ից քաղաքապետարանում աշխատող Գրիգորյանը հանկարծ որոշեր տոներից հետո աշխատանքից ազատման դիմում գրել:



Նշենք, որ համայնքն ունի քաղաքապետի երեք տեղակալ, որոնցից մեկը հայկական ջիու-ջիցու մարտարվեստի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Ծատուրյանն է, ում նույնպես Կարեն Բենիամինյանն է նշանակել այդ պաշտոնում, մյուսը՝ Ալիկ Իսրայելյանը, ով ազգակցական կապ ունի Կ. Բենիամինյանի հետ, երրորդն էլ Ի. Գրիգորյանն էր, ում էլ, ինչպես նշեց մեր աղբյուրը, Բենիամինյանը որոշեց «զոհել»` տեղ բացելով իր հարազատի համար: Մենք զրուցեցինք Իսահակ Գրիգորյանի հետ, ով, ամեն կերպ փորձելով թաքցնել իր նեղացածությունը, ասաց, որ պետք չէ ցավել իր ազատման համար՝ «դա օրինաչափ է», եւ պնդեց, որ որեւէ մեկն իրեն չի ստիպել, պարտադրել աշխատանքից ազատման դիմում գրել, դա եղել է իր որոշումը: «Չեմ ցանկացել աշխատել, դիմում եմ գրել: Անիմաստ բան է այս խոսակցությունը, եկեք չշոշափենք այս թեման»,- առաջարկեց Գրիգորյանը: Իսկ ի՞նչն է եղել նման որոշման պատճառը, եւ ինչու հենց այժմ՝ աշխատանքային տարվա սկզբին: «Ոչ մի պատճառ էլ չկա: Դա իմ անձնական գործն է: Առայժմ չեմ աշխատի, հետագայում էլ՝ կերեւա: Ես ցանկացած ոլորտում էլ կարող եմ, բայց հիմա չեմ ցանկանում աշխատել»,-պատասխանեց նա: Մեր ճշտմանը, թե արդյոք Բենիամինյանն է հորդորել ազատման դիմում գրել, Գրիգորյանը դարձյալ նույն պատասխանը տվեց, թե «ոչ մի հորդորելու խնդիր էլ չկա, դա եղել է իմ որոշումը», ապա հավելեց. «Եթե Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եք դիմել քաղաքապետարան, Ձեզ կպատասխանեն» (քաղաքապետարանից մեզ ընդամենը հայտնեցին, թե Գրիգորյանն այլեւս չի աշխատում, դիմում է գրել՝ հեռացել): Իսկ կարողանո՞ւմ է նորընտիր քաղաքապետը պատշաճ իրացնել իր լիազորությունները, թե՞, ինչպես արտաշատցիներն են պնդում, հայրն է «ձեռք գցում»` մինչեւ որդին հունի մեջ ընկնի:



Գրիգորյանն արձագանքեց, թե Բենիամինյանը երիտասարդ պաշտոնյա է եւ, հարկավ, կկարողանա պատշաճ կատարել համայնքի կառավարումը: Ինչ վերաբերում է իրեն տարիքով շատ ավելի երիտասարդ կադրով՝ Կարեն Ղազարյանով (նա 30 տարեկան էլ չկա) փոխարինելու քաղաքապետի որոշմանը, ապա Գրիգորյանը դրան նույնպես նորմալ է վերաբերվում. «Նա ավագանու անդամ է եղել, նորմալ է, կաշխատեն: Այսպես թե այնպես՝ երիտասարդները պիտի գան, թարմ հոսանք պիտի լինի, տարեցները պիտի գնան, ինչի՞ մասին է խոսքը»: Նախկին փոխքաղաքապետը չբացառեց նաեւ, որ առաջիկայում գուցե կրկին աշխատանքի անցի քաղաքապետարանում: «Կյանք է, չես կարող ասել, թե եթե վաղը առավոտյան արթնանաս, ինչ կարող է տեղի ունենալ, ու որտեղ կհայտնվես»:



**ՀԳ**. Նշենք, որ Բենիամինյանը պաշտոնը ստանձնելուց հետո իրեն շրջապատել է յուրայիններով. նա մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատել էր համայնքի ղեկավարի երկու օգնականներին՝ իր քեռորդուն նշանակելով օգնական, «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Հովհաննիսյանին՝ նրա փոխարեն նշանակելով Մկրտիչ Ղազարյանին (նա Գազի Հովոյի եղբայրն է): Համայնքապետարանը յուրայիններով համալրելու վերջին ակորդն էլ, փաստորեն, Ղազարյան ընտանիքի մյուս անդամին «կարգին պաշտոնի» տեղավորելն էր: Ասում են, թե հենց Ղազարյաններն են փաստացի ստանձնել քաղաքի կառավարման գործը, թեեւ դե յուրե քաղաքապետը Բենիամինյանն է: Իսկ Ղազարյանների թիկունքին կանգնած են «Ավշարի» Գրիգորյան եղբայրները՝ ի դեմս մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի:







**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image