Ապաշնորհության շքահանդես

Ապաշնորհության շքահանդես

Խայտառակ պարտությամբ Արցախյան երկրորդ պատերազմը՝ բազմահազար զոհերով հանդերձ, պետք է լիներ շրջադարձի կետը: Եվ գործող իշխանությունը չպետք է վերարտադրվեր 2021-ին: Ու դրանում, այո, մեղավոր է ողջ ժեխահանրությունը, որ ձայն տվեց Նիկոլին: Էլ չասած 2023-ին Երևանի ավագանու ընտրության մասին: Երևանցիները թե՛ ուղղակիորեն և թե՛ թեկուզ ոչ ուղղակիորեն քաղաքապետ ընտրեցին մեկին, ով, նախ, բացարձակ աչքի չէր ընկել որպես փոխվարչապետ: Եվ երկրորդ. տապալել էր գործը՝ քովիդի համաճարակի ժամանակ հանդես գալով որպես պարետ: Քովիդի համաճարակի առումով բազմահազար զոհերն էլ առաջին հերթին հենց նրա խղճին են, որովհետև ինքն էր այդ հարցով պատասխանատուն: Ինչպես նաև երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և առողջապահության նախարարի խղճին էին: Ովքեր անընդհատ ելույթներ էին ունենում քովիդի հարցով՝ ձևականորեն ճիշտ այնպես, ինչպես սովորաբար դա արվում էր արևմտյան երկրների ղեկավարների կողմից:

Ինչևէ, համավարակի ժամանակ սեփական ապաշնորհությունը բացահայտած անձն այսօր նույն այդ հատկանիշը բացահայտում է հանրային տրանսպորտի չարեփոխման համատեքստում, ինչը կատարվեց երկու փուլով: Առաջին փուլում անցումն էր 100 դրամանոց մետաղադրամներին, որին բացարձակ պատրաստ չէր բնակչությունը: Իսկ բնակչությունը պատրաստ չէր, որովհետև նախօրոք նրան չէին ներկայացրել իր գլխին գալիքը: Եվ, ինչն ավելի կարևոր է, նախապես չէին հատվել անհրաժեշտ քանակի մեղաղադրամներ: Հաշվի չէր առնվել, որ երկու և ավելի անձի դեպքում  վճարումը կատարվում էր ոչ միայն 100 դրամանոցներով: Դա հաշվի առնելու համար պետք էր մի քիչ ֆայմ ունենալ ու պարզագույն հաշվարկ կատարելու ունակություն: Հատկապես որ վերջինս չորս տարի սովորելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև ավարտել էր մագիստրատուրան: Եվ այն էլ, բռնվեք, տնտեսագիտության մեջ մաթեմատիկաան մոդելավորման գծով: Դրան վերադիր էր Լոնդոնում ստացել էր ֆինանսների մագիստրոսի կոչում:
Եվ այդ անձն ուղղակի պարզագույն հաշվարկ կատարելու ունակ չի եղել և ՀՀ կենտրոնական բանկին ներկայացնելու 100 դրամանոց մետաղադրամների լրացուցիչ քանակի հարցը: Ինչ մնում է Թելսելի հատ կապված այսօրվա պատմությանը՝ ապա դա ապաշնորհ կառավարման գագաթնակետն է: Ֆինանսների մագիստրոս քաղաքապետն առանց նախապատրաստության պայմանագիր է կնքում Թելսելի հետ՝ հանձնարարելով իրականացնել հանրային տրանսպորտի թվայնացման համակարգը: Եթե այդ գործը հանձնարարվեր նրա առաջնորդին՝ Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի բնակչին, ով նույնիսկ ամբողջական բանասիրական կրթություն չի ստացել, գործի տապալումը հասկանալի կլիներ: Բայց բացարձակ անհասկանալի է, որ նույնը տեղի է ունենում Լոնդոնում ֆինանսների մագիստրոսի կոչում ստացած անձի դեպքում, ով կրթության մեջ համատեղել էր կիրառական մաթեմատիկան ու տնտեսագիտությունը: 

Ինչ մնում է Թելսելի կողմից թվայնացման գործընթացի տապալմանը, ապա, անկեղծ ասած, այդպես էլ պետք է լիներ: Որովհետև այդ ամբողջն արվեց շփթփ տարբերակով: Այնինչ, պետք է սկզբում ստեղծվեր համակարգը, այնուհետև այն փորձարկվեր մեկ կամ երկու ավտոբուսային երթուղիներում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ զուգահեռաբար ստուգվեր նաև տարիքային տարբեր խմբերի անձանց ռեակցիաները տվյալ նորամուծությանը: Այսինքն, արձանագրվեին նրանց համար առաջացող բարդությունները, ներդրվեին դրանց լուծման կամ ինչպես Նիկոլն է անընդհատ օգտագործում՝ հասցեագրման ուղիները: Չնայած չեմ ընկալում, թե ում ինչ է տվյալ դեպքում հասցեագրվելու: Բայց որ սոցցանցային հայհոյանքներն ու անեծքները հասցեագրվում են քաղաքապետին ու հատկապես Թելսելին՝ դա փաստ է: Չնայած նման վերաբերմունքին արժանանալը հեչ բան է տրանսպորտային համակարգի վճարումների մոնոպոլիա ձեռք բերելու համեմատ: Ի դեպ, նախկինում ընդդիմադիր գործիչ Փաշինյանն անընդհատ անարգանքի սյունին էր գամում ամեն տեսակի մոնոպոլիաները՝ հիշենք բանանի կամ շաքարի ներկրման խնդիրը: Իսկ նրա կառավարման 7-րդ տարում դրվում է հերթական մոնոպոլիայի հիմքը: 

Այս պատմության մեջ առկա է մեկ այլ հանգամանք. դա քաղաքացիներին հիմարի տեղ դնելու մտայնությունն է: Վերցնենք հենց առաջին սակագնային փաթեթը: Այն ենթադրում է 300 դրամով երեք ուղևորություն 90 րոպեի ընթացքում: Այսինքն, արտաքնապես սակագինը պահպանվում է նախկինը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ ժամուկեսում հնարավոր է Երևանի մի ծայրամասից գնալ մեկ այլ ծայրամաս, սակայն հնարավոր չէ վերադառնալ: Տրանսպորտային երթուղիների գործող սխեմայի պայմաններում դա հնարավոր է անել առանց փոխադրամիջոց փոխելու, ինչը նշանակում է, որ իրականում մեկ ուղևության արժեքը վերածվում է հենց 300 դրամի: Եվ եթե նույնիսկ փոխվի գործող սխեման, ապա լրացուցիչ կներառվի ընդամենը մեկ և ոչ թե երկու փոխադրամիջոց: Եվ յուրաքանչյուրի արժեքը կկազմի 150 դրամ: Քանի որ Երևանը փոքր քաղաք է՝ ի տարբերություն, օրինակ, ԳԴՀ մայրաքաղաք Բեռլինի: Եվ Երևանի մակերեսն (այն կազմում է 230 քառ. կմ) էլ 3-4 անգամ պակաս է Բեռլինի մակերեսից. կազմում է շուրջ 900 քառ. կմ: Այնպես որ այնտեղ կարող է օգտակար լինել նման փաթեթի գործարկումը, բայց ոչ Երևանի դեպքում: Էլ ինչ իմաստ ուներ 3 փոխադրամիջոց նկատի ունենալը՝ եթե, իհարկե, հենց սկզբից նպատակ չի դրվել ձեռ առնել մարդկանց: