Երկու թռիչք

Երկու թռիչք
Հարցազրույց ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ



-Ապրիլի 12-ին Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվեց  «Աղավնիների վարպետը» վավերագրական էքսպերիմենտալ ֆիլմը: Ինչպե՞ս հղացավ այս ֆիլմը ստեղծելու գաղափարը:



- Գյումրի քաղաքում մանկությունս անցել էր մի թաղամասում, որտեղ ղուշբազներ էին ապրում: Պապս նույնպես ղուշբազ էր: Թռիչքներ, քննարկումներ, խանդավառություն, մեծ սեր աղավնիների նկատմամբ, արկած: Այս մթնոլորտում ապրելը, այս ամենը տեսնելն ու մանկական հոգով զգալը երեւի հետագայում պետք է որ արտացոլվեր իմ ֆիլմերից մեկում: Կարս քաղաքի մասին միշտ երրորդ դեմքով էին խոսում եւ մի տեսակ հպանցիկ էին անդրադառնում` չփորձելով խորանալ մանրամասների մեջ: Պապս իր հորից էր պատմում, որ ապրել էր Կարս քաղաքում, ասում էր, որ հայրն աղա է եղել, խանութ է ունեցել Կարսում, հետո գաղթել է Վրաստան, ապա եկել ու հաստատվել է Գյումրի քաղաքում: Այս ամենի մասին ես շատ էի մտածում եւ գրառումներ էի անում, որն օգտագործեցի ֆիլմի համար:



- Ֆիլմը պատմում է Գյումրիում ապրող հայ եւ Կարսում ապրող՝ աղավնի պահող թուրք մարդկանց մասին, ովքեր հանդիպում են, ծանոթանում եւ ընկերանում հենց Կարս քաղաքում: Գյումրեցի վարպետ Անդոն իր աղավնիներից մեկին տանում է Կարս եւ նվիրում Մուստաֆային: Սա երկխոսությո՞ւն է, թե՞ պարզապես միեւնույն ճակատագրով ապրող մարդկանց հանդիպում…



- Ես փորձում եմ խոսել էն լեզվով, որի գործիքներին էսպես թե էնպես տիրապատում եմ, այսինքն իմ պարագայում՝ «արվեստի», հենց արվեստն է իր մեջ ամփոփում այդ երկխոսությունը: Ես, որպես մարդ եւ ռեժիսոր, շփվում էի աղավնի պահող երկու մարդու հետ, նրանք ընթացքում լռությամբ կամ հայացքներով շփվում էին միմյանց հետ, կադրի հետ: Եվ սա երկխոսություն է՝ բազմաշերտ ու հետաքրքիր մի երկխոսություն:



- Այդ երկխոսությունը կրկնակի հետաքրքիր է նաեւ հայտնի ողբերգական իրադարձությունների առումով:



- Այո, բայց նախեւառաջ սա մարդկային ճակատագրի պատմություն է: Վարպետ Անդոյի հայրը ծնվել եւ մինչեւ ցեղասպանությունը կյանքի մի մասն ապրել է Կարս քաղաքում, հետո դրա մասին պատմել է որդուն, իսկ նա, հնարավորություն չունենալով տեսնել հոր ծննդավայրը, միայն իր երեւակայության մեջ է կառուցել քաղաքը: Եվ հիմա պատկերացրեք՝ իր այդ երեւակայությունը պիտի բախվեր իրականության հետ: Նա հնարավորություն ուներ շոշափելիորեն տեսնելու իր երեւակայության մեջ կառուցած հայրենի Կարսը: Եվ հետաքրքիր էր կողքից դիտել, հետեւել այդ մարդու հույզերին, որ առաջին անգամ պիտի տեսներ Կարսը, ասես ներկան վերադառնում է պատմական անցյալ. վարպետ Անդոյի հայրն իր որդու միջով վերադառնում էր հարազատ քաղաք…



- Ֆիլմում «բառերը» քիչ են, գերակայում է լռությունը. ասես հերոսների` վարպետ Անդոյի եւ Մուստաֆայի երկխոսությունը տեղի է ունենում ինտիմ, միայն իրենց հասու լռության ներսում…



- Կարծես հենց սկզբից ֆիլմն էլ էր ընտրել լռության ճանապարհը: Դրվագը, երբ վարպետ Անդոն Կարս քաղաքում է` լուռ նստած հայկական եկեղեցու բակում, այդ պահին պատահաբար մի թուրք փոքրիկ տղա անցնում է եկեղեցու բակով, երեւի դասից փախել էր կամ, չգիտեմ՝ պարզապես զբոսնում էր: Ես իրեն նկարեցի այդ դրվագում, եւ անորսալի է, թե այդ պահին ինչ էր մտածում թուրք երեխան իր դիմաց նստած մի հայ տարեց մարդու մասին: Դա միայն հասու է եւ պատկանում է լռությանը, որ նրանց կապող միակ լեզուն է…



- Ինչպե՞ս գտար աղավնի պահող այդ թուրք մարդուն…



- Քանի որ արդեն կար հայ հերոսը` վարպետ Անդոն, պետք էր Կարսում գտնել աղավնի պահող մի մարդու եւս, ով կհամաձայներ նկարահանվել ֆիլմում: Իմ գործընկերները, թուրք պրոդյուսերներն օգնեցին ինձ եւ մի քանի հոգու գտան, նրանց նկարներն ուղարկեցին, ինչպես նաեւ, իմ խնդրանքով՝ փոքրիկ պատմություններ նրանց մասին: Առաջին անգամ, երբ ճամփորդեցի Կարսում, հանդիպեցի այդ մարդկանց: Նրանք շատ տարբեր էին: Ես ծանոթացա Մուստաֆայի հետ եւ հասկացա, որ ինձ համար հենց նա է ֆիլմի մյուս հերոսը: Նկատվում էր, որ այս մարդն իր մեջ ասելիք ունի, պատմություն ունի պատմելու՝ թեկուզ իր լռությամբ: Նա լավ գիտեր հայերի մասին, եւ հետո՝ նրա վերաբերմունքն աղավնիների հանդեպ եւս գերեց ինձ, եւ իմ ընտրությունը, կարծում եմ, ճիշտ էր:



- Ֆիլմի սկզբում պատկերված էր Գյումրին, ապա նոր Կարսը: Ինձ թվում է՝ այս երկու քաղաքները շատ հարազատ են միմյանց. Նախ՝ շատ մոտ են նաեւ բնությամբ, եւ հետո՝ ինչ-որ նմանատիպ գունային մթնոլորտ ունեն…



- Երբ Կարսում էի, ինձ մի պահ թվում էր, թե Գյումրիում եմ, նույնիսկ օդն էր նման, բնությունը, այդ մերկ սարերը: Գյումրեցիներ կան, որոնք եղել են Կարսում եւ ասում էին, որ դեժավյու են ապրել: Բայց դա մի ակնթարթ է տեւում, մյուս ակնթարթում հասկանում ես, որ Կարսը լրիվ ուրիշ քաղաք է, ուրիշ ապրելակերպով, մտածողությամբ: Գույների մասով հետաքրքիր բան ասացիր: Ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո մտածում էի գունային արհեստական ավելացումներ անել: Բայց հետո հասկացա, որ դրա կարիքը չկա, իրականում սա այն էր, ինչ պետք էր: Ստամբուլի կինոփառատոնում, ֆիլմի ցուցադրումից հետո, շատ մարդիկ էին մոտենում եւ հաճելիորեն կիսվում հենց ֆիլմի գույների մասին` հավանություն տալով գունային այս երանգներին:



- Ֆիլմը ցուցադրվեց Ստամբուլի հայտնի «Պերա» թանգարանում: Ինչպիսի՞ն էր թուրք լսարանի արձագանքը, շփումներ, քննարկումներ եղա՞ն…



- Ֆիլմի ցուցադրումից հետո «Պերա» թանգարանում քննարկում, որպես այդպիսին, չեղավ, քանի որ այդ օրն էլի ֆիլմեր ցուցադրվեցին, պարզապես ժամանակ չկար: Քննարկում ծավալվեց երեկոյան` կազմակերպված միջոցառման ընթացքում: Հետաքրքիր եւ տարբեր կարծիքներ հնչեցին ֆիլմի սցենարական, օպերատորական աշխատանքների մասին: Խոսակցությունները ծավալվում էին միայն արվեստի շուրջ, առանց որեւէ քաղաքական ենթատեքստերի: Այդ ամենի մասին խոսվում է հենց  ֆիլմում, եւ հասկացողը հասկացավ՝ կարծում եմ:



- Թուրքիայում արվեստը զարգանում է` լինի գրականություն, կինո, ժամանակակից արվեստ: Քո կարծիքով՝ ինչի՞ հետ է դա կապված: Երիտասարդներ կայի՞ն ֆիլմի դիտմանը…



- Թանգարանում ֆիլմի դիտմանը ներկա էր ամենից շատ երիտասարդությունը, ինչը շատ ուրախալի էր: Կային նաեւ ծանոթ թուրք երիտասարդ ռեժիսորներ, որոնց հետ շփվում եմ: Արվեստի զարգացումը կապված է նաեւ իրենց տարածաշրջանի հետ, թեկուզ Ստամբուլում, որտեղ խաչաձեւում են Արեւելքն ու Արեւմուտքը, եւ այս ամենը կուտակվում՝ մի օր պայթում է, արտացոլվելով արվեստի մեջ: Արվեստագետներն ասես նյութի պակաս չունեն եւ հենց այդ շերտերից էլ հանում են իրենց հետաքրքրող թեմաները: Ստամբուլում կողք-կողքի ապրում են քրդեր, հայեր, թուրքեր, հույներ. ստեղծվում են ինքնատիպ պատմություններ, որոնք էլ հետագայում գրի են առնվում, ցուցադրվում ֆիլմերում: Իսկ աշխարհին միշտ էլ հետաքրքիր է բազմազանությունը, եւ եթե գործը լավ է արվում, աշխարհն իհարկե արձագանքում է: Եվ մի չափազանց կարեւոր հանգամանք եւս՝ Ստամբուլում մարդիկ շատ-շատ են կարդում, պարզապես գրախանութների տեղատարափ է. տարբեր ոճերի, հին ու նոր,  գեղեցիկ գրախանութներ: Այսօր Ստամբուլում երիտասարդության ձեռքին գիրքն է, որ ուղեկցում է նրանց ամենուր:



- Վերադառնանք Կարս: Օրհան Փամուկը «Ձյունը» վեպը գրելիս օրագրային նշումներ է արել եւ այնտեղ պատմում է, որ Կարս քաղաքն իրեն մի անելանելի ու խորը թախիծի մեջ է գցում, որ այն ասես Թուրքիայից կտրված ու լքված մի տարածք լինի…



- Կարծում եմ՝ կա այդ թախիծը, որը երեւի մեկ այլ իրականությունից կտրված լինելու հետ է կապված: Այստեղ մարդիկ ապրում են իրենց ստեղծած անկախ կյանքով: Այս կյանքը միայն իրենցն է, ասես իրենք են իրենց  միակ տերը: Կան աղքատներ, եւ կան մեծահարուստներ, իսկ ակնհայտ խորը սոցիալական տարանջատումից թախիծը սաստկանում է:



- Ֆիլմի փակ ցուցադրություն արդեն եղել է: Ե՞րբ է կրկին ցուցադրվելու:



- Շուտով «Աղավնիների վարպետը» ֆիլմը կցուցադրվի «Էսպաս» երիտասարդական մշակութային կենտրոնում: Ֆիլմը նաեւ կցուցադրվի «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի ընթացքում, եւ հուսով եմ՝ նաեւ մի շարք միջազգային կինոփառատոնների շրջանակում: