Դանիլո Կիշ. «Մեռյալների հանրագիտարան»

Դանիլո Կիշ. «Մեռյալների հանրագիտարան»
Սերբական գրականությունը Իվո Անդրիչից եւ Միրոսլավ Կրլեժայից հետո դեռեւս աշխարհին չի տվել Դանիլո Կիշ անուն-ազգանունով մի այնպիսի գրողի, որ իր մասշտաբներով, էսթետիկական, փիլիսոփայական, գեղարվեստական ամենաբարձր չափանիշներով վստահաբար ներխուժի եւ իր ծանր խոսքը տեղ հասցնի մեծ գրականություն: Ամենաշատ թարգմանվող սերբ գրողը` Դանիլո Կիշը, ծնվել է 1935թ. Հունգարիայի սահմանին մոտ գտնվող Սուբոտիցայում: Նրա հայրը հրեա էր, որ մահացել էր Օսվենցիումի ճամբարում:



Հետագայում համարյա անծանոթ հոր կերպարը կդառնա Կիշի գրականության գլխավոր մետաֆորներից մեկը` հայրը, որպես կորուսյալ ժամանակ, որպես 20-րդ դարի արհավիրքի պատմություն եւ որպես գրողական որոնումների, ուսումնասիրությունների գլխավոր թիրախ:



«Մորիցս ես ժառանգել եմ փաստերն ու լեգենդները միմյանց շաղախած պատմություններ պատմելու ձիրք, հորիցս` պաթոս եւ իրոնիա»,-իր կարճ ինքնակենսագրության մեջ գրում է Դանիլո Կիշը: Բելգրադի համալսարանում սովորելով փիլիսոփայություն, Կիշը Սերբիայում մի քանի գիրք է հրատարակում, ապա 1973թ. տեղափոխվում է Փարիզ եւ բնակվում այնտեղ, համալսարանում ուսուցանելով սերբո-խորվաթերեն լեզու:



Շուտով նրա` «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար», գիրքը, որ ստալինյան ռեպրեսիաներում զոհ գնացած անհատների ու ստեղծված իրավիճակների մասին սատիրիկ ոճով հզոր մի պատում է, նրան մեծ համբավ ու ճանաչում է բերում, գրքին արձագանքում են Իոսիֆ Բրոդսկին (այժմ գիրքը վերահրատարակվում է Բրոդսկու առաջաբանով), Պետեր Էստերհազին եւ ամերիկացի էսսեիստ Կիշի հետ մտերմացած Սյուզըն Զոնթագը, ով Դանիլիո Կիշին` Իտալո Կալվինոյի եւ Թոմաս Բերնհարդի հետ միասին, համարում է  20-րդ դարի  երկրորդ կեսի ամենակարեւոր հեղինակներից մեկը:



Կիշի վերջին գլուխգործոցը «Մեռյալների հանրագիտարան» պատմվածքների ժողովածուն է, որ, կարելի է ասել, պատմվածքներով միմյանց փողկապակցված վեպ է, ինչպես «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը, որ նույնպես պատմվածքային կառուցվածք ունի: «Մեռյալների հանրագիտարան» գլխում հերոսը ժամանում է Շվեդիա՝ հանգստանալու, մահացած հոր կորստի ցավը մի փոքր մեղմելու եւ վիշտը փոքր-ինչ մոռանալու համար: Շուտով նա հայտնվում է մի տարօրինակ գրադարանում, որտեղ գտնում է «Մեռյալների հանրագիտարան» գիրքը:



Պարզվում է՝ գրքում զետեղված են մահացած մարդկանց մանրամասն կենսագրություններն ու հիշողությունները: Հանրագիտարանում նա գտնում է հոր անվան ու ազգանվան սկզբնատառերը եւ սկսում կարդալ նրա կյանքը: Բորխեսյան ու շուլցյան աշխարհի ճանապարհը շարունակելով՝ Դանիլո Կիշի հրաշալի պատումը գտնում է սեփական կոսմոսը, նրա ստեղծած աշխարհը բացառիկ է իր անմիջականությամբ` իր փափուկ, սթափ, բայց չափազանց խորհրդավոր մթնոլորտով, որտեղ իրականությունն անապացուցելի է դառնում, որովհետեւ հորինվածքը քայլ առ քայլ համոզում է իր կատարյալ ճշմարտացիությամբ: Մեռյալների հանրագիտարանում գրառված են հոր կենսագրության բոլոր մանրամասները, նրա ժեստերը, հույզերը, բոլոր գործողությունները, ճանապարհորդած վայրերը, կենցաղային աննշան թվացող դետալները, իրականացած ու չիրականացած երազանքները: Յուրաքանչյուր մարդ տիեզերական ամբողջություն է, եւ նրա կյանքը` իր միապաղաղ օրերով եւ ոչ անսովոր ընթացքով, միակն է ու վերջին: Կիշի մեռյալների հանրագիտարանում հոր կյանքը, նրա սովորական կենսագրությունը լիովին վերափոխվում է բացառիկության. հայրը բացառիկ է`  առաջին անգամ ծովը տեսնելու ու երբեք այդ ակնթարթը չմոռանալու զգացողությամբ, կարդացած թերթերով, ծերության հետ չհաշտվելու անզորությամբ, վրա հասած խոր մելանխոլիայով:



Յուրաքանչյուր մարդկային կյանք բացառիկ է, հետեւապես յուրաքանչյուր մարդու կողմից կատարված չնչին գործողություն, ապրած հույզ եւս բացառիկ է ու անկրկնելի: Հայրը կյանքի վերջում հանկարծ սկսում է ինտենսիվ նկարել եւ ամենից շատ նկարում է յուրօրինակ ծաղիկներ: «Մեռյալների հանրագիտարանում հոր կենսագրության վերջին էջերից մեկում հերոսը տեսնում է մի տարօրինակ ծաղիկ, որ նման չէ նախկինում նրա կողմից նկարված բոլոր ծաղիկներին: Եվ նա կարդում է վերջին ֆանտաստիկ պարբերությունը, որ հայրը սկսել է ծաղիկներ նկարել միայն այն ժամանակ, երբ նրա օրգանիզմում սկսվել են սերտաճել չարորակ ուռուցքի մետաստազները, որոնք նկարված ծաղիկների տեսք ունեն:



Չգիտեմ՝ գուցե այս հատվածը մեծանուն սերբ գրող Դանիլո Կիշի սեփական կարճ ճակատագրի սարսափելի կանխորոշումն է դառնում: Նա մահանում է չարորակ ուռուցքից 1989թ., Փարիզում, աշխարհին թողնելով իր հրաշալի գրականությունը: