Հասարակություն

«Եղնիկներն» ամեն մարդու տեղ չէ

«Եղնիկներն» ամեն մարդու տեղ չէ
width=400Իմ զրուցակիցը, որ մի քանի ամիս առաջ է զորացրվել, ծառայել է «Եղնիկներ» կոչվող զորամասում: Նա չցանկացավ իր անունը հրապարակել։ Ասաց՝ եթե անունս գրեք, չեմ կարող անկեղծ զրուցել։ Նա ծառայել է հենց այն ստորաբաժանումում, որտեղ մեկ ամիս առաջ բռնության հետեւանքով զինվոր է մահացել, իսկ օրերս էլ մեկ այլ զինվոր ինքնասպանություն է գործել։



- Որքա՞ն ես ծառայել «Եղնիկներ»-ում։ Ի՞նչ կարող ես ասել այնտեղ ծառայող սպաների մասին, արդյո՞ք այդքան վատ էին վերաբերվում զինվորներին։



- Այնտեղ ծառայել եմ 1.5 տարի։ Այն, ինչ պիտի ասեմ, վերաբերում է միայն մեր գումարտակին, ամբողջ զորամասի մասին քիչ բան գիտեմ, որովհետեւ մեր գումարտակը շատ հեռու էր զորամասից: Մենք պահպանում էինք ստրատեգիական  շատ կարեւոր դիրքեր` Մռով սարի վրա: Իմ ծառայության ժամանակ, սպաներն այնքան էլ վատ չէին զինվորների հետ։ Չի եղել դեպք, երբ սպան դաժանորեն ծեծի զինվորին: Այո, եղել են դեպքեր, երբ սպան մեկ կամ երկու անգամ ապտակել է զինվորին, բայց դրանից ավելի բան չի արել: Իսկ դասակի հրամանատարների մեծ մասը վախկոտ է: Ընդհակառակը, եթե զինվորը շատ ուզենար, կարող էր ինքը ձեռք բարձրացնել որոշ սպաների վրա:



- Այդ դեպքում ո՞րն է վերջին սպանությունների պատճառը։



- Հստակ չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ իմ զորացրվելուց հետո այնտեղ տեղի է ունեցել սպայակազմի փոփոխություն: Իմ ծառայության սկզբնական շրջանում եղել է մի դեպք, երբ գումարտակում, այսպես ասած, մի «խմբավորում» կար, որոնք չէին ուզում աշխատել: Մի անգամ նրանք, ովքեր չէին հանդուրժում նրանց «բորզիությունը» (ժարգոնային տերմին), առանձնացել էին անտառում ու իրար տվել: Եղել են կապտուկներ ու այլ վնասվածքներ: Երբ սրա մասին իմացել է գումարտակի հրամանատարը, խիստ զայրացել է: Նա նման պառակտում տանել չէր կարողանում: Դրանից հետո նման ծեծկռտուքներ չկային:



- Քո կարծիքով «Եղնիկներն» ինչո՞վ է տարբերվում այլ զորամասերից։



- Մեր ծառայության բնույթն այլ էր: Այստեղ զինվորը գիտի իր գործը, գիտի  իր գործի նպատակը եւ շարայինով կամ մեկ այլ բանով շատ քիչ է զբաղվում: Մենք գտնվում էինք աշխարհից կտրված մի վայրում, որտեղ ոչ հեռախոսակապ կար, ոչ էլ հարազատների հետ կապվելու մեկ այլ միջոց: Հարազատների հետ կապվել կարող էինք միայն զորամասից (այսինքն՝ որտեղ մեր շտաբն էր), ինչը մեզնից շատ հեռու էր գտնվում: Բացի այդ, մենք համարյա դասեր չէինք անում, որովհետեւ դասարան չունեինք: Իսկ զորանոցի հատակին մեծ ճեղքեր կային, որտեղից ձմռանը  փչում էր: Էլ չասեմ, որ «Եղնիկները» տեղակայված է Ղարաբաղի ամենացուրտ վայրում: Պատճառներից մեկը հենց դա էր, որ ամառը շատ էինք աշխատում, որպեսզի ձմռանը շատ ցուրտ չլինի: Փայտ ջարդում էինք ամբողջ գումարտակով, սպաներն էլ մեզ հետ հավասար աշխատում էին: Ամառը դժվար էր, ձմեռը` հեշտ:



- Ծառայելիս անընդհատ լարվա՞ծ էիք։



- Չէի ասի, թե անընդհատ լարված էինք։ Ֆիզպատրաստությամբ առաձնակի չէինք զբաղվում: Էլ ի՞նչ ֆիզպատրաստություն, երբ հերթափոխությունը կատարելու համար, 25 կիլոմետրը` 100 տոկոսանոց սպառազինությամբ զինված, գնում էինք ոտքով: Ոտքով էինք գնում, որովհետեւ այդ ճանապարհը ցանկացած ավտոմեքենայի համար անհաղթահարելի է:



- Ձեզ մոտ հարուստ ընտանիքներից զինվորներ կայի՞ն։



- Չէ, հարուստի որդիներ չկային։ Բայց շատ տարօրինակ զինվորներ կային: Այնպիսիք, որ ընդհանրապես չպիտի ծառայեին բանակում, իսկ եթե նրանց ուղարկել էին ծառայելու, գոնե չպիտի «Եղնիկներ» ուղարկեին: «Եղնիկներն» ամեն մարդու տեղ չէ: Նռնականետորդներից մեկը նռնականետի «հասակին» էր։ Խեղճը տնքալով էր տանում իրեն ամրակցված սպառազինությունը: Մեկն էլ այնքան քնկոտ էր, որ զենքը ստուգելիս մի քանի անգամ մոռացել է հանել պահեստատուփը. եթե սերժանտը չնկատեր՝ մեզնից մեկը կամ կվիրավորվեր, կամ կզոհվեր, որովհետեւ դիմացն աղյուսե պատ էր, եւ գնդակը հետդարձ կաներ: Կային նաեւ հիվանդ, հոգեկան շեղումներ ունեցող տղաներ: Չգիտեմ, թե ինչու էին նրանց ուղարկել… «Եղնիկները» միայն առողջ մարդու տեղ է: Մի ուրիշն էլ ոչ գրել գիտեր, ոչ կարդալ: Ինչպե՞ս կարող էր կանոնադրություն սովորել...



- Երեւի շատ դժվար էր աշխարհից կտրված այդ վայրում ծառայելը։



- Սկզբնական շրջանում էր դժվար: Ուզում էի փախուստի դիմել… Երկու հոգի փախուստի փորձ արդեն արել էին… Պատճառը կարոտն էր, ինչպես ասացի, հարազատների հետ կապվելու միջոց չկար: Բացի այդ, նոր եկած զինվորները դիվերսիայի մասին հեքիաթներ էին լսում ու հավատում: Իսկ մենք գտնվում էինք անտառում` մեն-մենակ: Իրականում թշնամին ոչ մի հնարավորություն չունի այստեղ մտնելու, որովհետեւ նա պիտի անցնի հաճախակի «թարմացվող» ականապատված դաշտով, ինչն անհնար է, իսկ հետո հանդիպի սահմանապահներին: Այստեղ վախի մթնոլորտ էր ստեղծում նաեւ անտառի խորհրդավորությունը: Շատ քիչ սպա կցանկանար այստեղ ծառայել: Իսկ ով այստեղ ծառայում է, արդեն մեծ գործ է կատարում, որովհետեւ իրեն զրկում է լիարժեք կյանքից:



- Շահումյանի շրջանին մո՞տ էր ձեր գումարտակը։



- Հա, դիմացը Շահումյանի շրջանն է, որ գտնվում է ազերիների վերահսկողության տակ։ Շահումյանցի հրամանատարներից մեկը երբ հեռադիտակով նայում էր իր հայրենի գյուղին, աչքերը խոնավանում էին: Ընդհանրապես, «Եղնիկների» կազմավորման գործում մեծ դեր ունեին շահումյանցիները: Մեր գումարտակի հրամանատարը լավ մարդ էր: Մի անգամ մի զինվոր, առանց հարցնելու, երկու լիտր սոլյարկա էր գողացել, նա խիստ բարկացել էր ու ասել. «Կարող ա՞, որ խնդրեիք, մերժեի», ու  հետո խիստ վիրավորական խոսք ասել տանողի հասցեին: Իսկ մեկ այլ գումարտակի հրամանատար կովեր էր պահում եւ հաճախ զինվորի ճաշացուցակում կաթ էր ավելացնում:



- Բարձրագույն հրամանատարությունից հաճա՞խ էին լինում ձեզ մոտ։



- Չեմ հիշում, որ երբեւէ «Եղնիկներ» այցելած լինի ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Ընդամենը մի քանի անգամ հանձնաժողով եկավ ՊԲ գլխավոր շտաբից ու ՊՆ-ից:



- Ի՞նչ արատավոր երեւույթներ կային ձեր զորամասում:



- Ինչպես եւ մնացած զորամասերում: Սակայն կարող եմ առանձնացնել երկու դեպք, որոնց մասին միայն լսել եմ: Գումարտակներից մեկում երկու հոգի, փոխադարձ համաձայնությամբ, սեքսով էին զբաղվել, որոնց բռնացրին… Ասում էին, որ մեկ ուրիշն էլ որոշել էր համածառայակցին  ստորացնել… դե, կարծում եմ հասկացար, թե խոսքը որ սեքսուալ ակտի մասին է:



Գեւորգ Նազարյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image