Մոխրաթաղ. 280 տնից մնացել է 90-ը

Մոխրաթաղ. 280 տնից մնացել է 90-ը
«Մինչեւ պատերազմը Մոխրաթաղում 280 տուն կար, իսկ հիմա մնացել է ընդամենը 90-ը»,- նշում է գյուղապետ Լյովա Ավանեսյանը:



Մոխրաթաղը Մարտակերտի շրջանի սահմանամերձ գյուղերից է: Արցախյան պատերազմի ընթացքում մոխրաթաղցիները հերոսաբար մարտնչել են թշնամու դեմ եւ նրանց դուրս քշել գյուղից:



Ինչպես գրում է karabakh-open.info-ն, այստեղ շատ բան է փոխվել պատերազմից հետո. «Բնակչությունը քչացել է. ներկայումս մոտ 340 բնակիչ ունի գյուղը: Պատերազմից հետո բնակչության մի մասը թողնելով տները հեռացել է գյուղից»,-ափսոսանքով նշում է գյուղապետը:



Պատերազմի ընթացքում գյուղը բավականին լուրջ վնասներ է կրել: Հակառակորդի արձակած արկերից վնասվել է գյուղի կենտրոնում գտնվող Սբ.Սարգիս եկեղեցին, ավերվել՝շատ տներ, գյուղի ակումբը եւ այլն:



«Ժամանակին ակումբում 300 մարդ էր տեղավորվում: Առաջին հարկում գյուզացիները հարսանյաց հանդեսներ, ծնունդներ, էին նշում: Վերջերս տանիքն ենք վերանորոգել, այնինչ շենքը լրիվությամբ վերանորոգման ենթակա է, սակայն դրա համար բավականին մեծ գումարներ են պահանջվում»,-ասում է Լյովա Ավանեսյանը:



Գյուղացիները գոհ են ճանապարհներից, լուսավորվածությունից, սակայն չունեն մշտական ջուր: Գյուղը գազաֆիկացված չէ, չնայած ընդհանուր խողովակը հասել է մոտակա գյուղ: Գյուղացիներն ասում են, որ խոստացել են Մոխրաթաղում էլ գազ անցկացնել, բայց դեռեւս չկա:



Հակոբ Ավանեսյան