Հրմշտոց ա եղել մի թեթև, ի՞նչ վնասվածք, խի քա՞ծ են, ի՞նչ են, մի հատ ճանկռեցին իրար

Հրմշտոց ա եղել մի թեթև, ի՞նչ վնասվածք, խի քա՞ծ են, ի՞նչ են, մի հատ ճանկռեցին իրար

Երեկ գիշերը Մասիսում տեղի ուենցած ծեծկռտուքի մասով Hraparak.am-ը զրուցեց ծեծկռտուք մասնակիցներից Սամվել Հակոբյանի հոր՝ Նուբար Հակոբյանի հետ։ Նա, ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության Արաարատի մարզի տարածքային կազմակերպության ղեկավարն է։ Հակոբյանի որդին՝ Սամվելը, Արայիկ Գրիգորյանի շտաբում է եղել, երբ ժամանել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանն ու նրա ընկերները, որից հետո սկսվել է ծեծկռտուքը նրանց և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև, որոնց մեջ է եղել նաև Սամվել Հակոբյանը։ Նա, ըստ մեր տեղեկության, ամենաշատն է վնասվել։



«Եսիմ ինչ պատերազմ չի եղել, ոչ մի բան չի եղել։ Դու ինձնից լավ գիտես, ցավդ տանեմ՝ ում հետ ա եղել, Մուրադյան Մուրադի էրեխեքի հետ են ինչ-որ վիճվել, էդքան բան, էլի, էդ շիզոֆրենիկի հետ, էլի։ Ամեն ընտրություններին մի բան անում ա, էլի, էդ տարածքում»,-ասաց Նուբար Հակոբյանը։



-Ձեր որդին, փաստորեն, Արայիկ Գրիգորյանի թիմակիցներից է։



-Թիմակից չի, ոչ էլ իրա շտաբից ա, իրա ընկերը էնտեղ շտաբի պետ ա, մանկության ընկերներ են, Արայիկի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ ա իմ տղան, հելնում են վերև՝ նարդի խաղալու ընդեղ, կարտ են խաղում, նարդի են խաղում, իրանց համար զբաղվում են։ Նույն տարիքի տղերք են, իրար հետ զբաղվում են, ուրիշ ոչ մի բան։



-Իսկ քրեական գործ հարուցվե՞լ է, տեղյա՞կ եք, ասացին՝ ոստիկաններն են խառնվել։



-Մենք տեղյակ չենք, ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ ոչ մի բանից՝ քրեական գործ ա հարուցվել կամ չի հարուցվել, ինձ հետաքրքիր էլ չի։



-Կարո՞ղ է հետո հաշվեհարդար լինի, շարունակություն ունենա այս դեպքը։



-Դե, ի՞նչ ասեմ, նենց հարց տվեցիր ինձ, չեմ իմանում, չգիտեմ։



-Ձեր որդին ինչպե՞ս է տրամադրված։



-Իմ որդին լավ ա տրամադրված, պրոբլեմ չունի ինքը։ Ընկերներ են, կարող ա հաշտեցման բան գտնեն, էլի․․․ պետք չի, էլի, սրել իրավիճակը։



-Դե, արդեն սրվել է, Մուրադ Մուրադյանն էլ իր կողմից է արդեն հայտարարում, որ ամիսուկես է՝ էս վիճակն է, անգամ ոստիկանապետին է մեղադրում այս ամենի մեջ։



-Գիտեմ․․․ ես ի՞նչ ասեցի, ասեցի՝ խփելո՞ւ եմ։ Կարդացել եմ իրա ասածները, Մուրադը աներևակայելի բաներ ա գրում։ Ասենք՝ ես, մինչև եկել եմ ըտեղ, արդեն կռվից հետո սաղ քաղաքին ասել ա՝ ոստիկանապետը եկել ա․․․ իրա գաղափարը դու նայի, ասենք՝ ոստիկանապե՞տն ա իրա տղուն ուարկել, որ կռիվ անեն մեր հետ։ Գլուխ չեմ հանում ես։ Եթե ոստիկանապետի հետ ինքը չունի, իրա տղու՞ն ա ղրկել, որ Արայիկ Գրիգորյանի շտաբում կռիվ անեն։



-Իսկ Արայիկ Գրիգորյանն ի՞նչ է ասում, խոսե՞լ եք իր հետ։



-Ինչի՞ չեմ խոսել, երեկ գիշեր ինքն էլ էր էնտեղ, հանդարտեցնում էր, ավելորդ՝ ոչ մի բան։ Ուղղակի հանդարտեցնում էր, ասում էր՝ իմ շտաբի վրա են եկել, իմ պրոբլեմն ա, խնդիր չկա, իրանց կտենամ, կխոսամ։



-Պարոն Հակոբյան, ասում են՝ Արայիկ Գրիգորյանը պայմանավորվածություն է խախտել ու Մուրադյանի տարածք է մտել՝ Մասիս, դրանից է առաջացել այդ ծեծկռտուքը։



-Գիտե՞ք, երևի էս վերջի հնդկական կինոները նայում են իրանք ու երևի իրանք հլը գիտեն՝ դեռ ճորտատիրական հասարակարգ ա Հայաստանում, երևի չգիտեն, որ ազատ, անկախ Հայաստանում ենք ապրում, դեմոկրատական երկիր ենք կառուցում։ Ու՞մ պապայի տարածքն ա էտի, Մուրադի՞ պապայի տարածքն ա, թե՞ Արայիկի պապայի տարածքն ա։ Դա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզն ա, յուրաքանչյուր ոք իրավունք ունի էստեղ իր թեկնածությունը դնելու և շտաբ բացելու և պայքարելու իրա ձայների համար։ Սա ի՞նչ ասացվածքներ են, ի՞նչ հեքիաթներ են սրանք։ Ես իրանց վրա եմ զարմանում՝ իրանց տարածքն ա․․․ չհասկացա, էդ ո՞վ են, առյուծնե՞ր են, հա՞, վայրի կենդանի, որ մեկը մյուսի տարածք չպիտի մտնի։ Արտաշատն էլ, ասենք, Աբրահամյանի տարածքն ա, իրենք առյուծներ են, մենք էլ մկնե՞ր ենք, այ քեզ բա՜ն․․․



-Դուք հիմա ու՞մ եք պաշտպանելու այս ընտրություններին։



-Ես «Ժառանգություն» կուսակցության խորհրդի անդամ եմ, կպաշտպանեմ «Ժառանգութուն» կուսակցության դիրքորոշումները, ուրիշ ոչ մեկին։



-Իսկ Ձեր որդին հիմա ի՞նչ վիճակում է, ասում են՝ վնասվածքները շատ են։



-Չէ, չէ, իմ տղեն ոչ բողոք ունի, ոչ ծեծված ա․․․ հլը մի հատ ասա, էդ որ գրել են, էդ գրողը տեսե՞լ ա իմ տղուն, որտեղի՞ց իմացավ, որ վնասվածքներ ունի իմ տղեն։ Իմ տղեն ա, ես գիտեմ, որ վնասվածքներ չունի, ի՞նչ վնասվածքներ։ Հրմշտոց ա եղել մի թեթև, ի՞նչ վնասվածք, խի քա՞ծ են, ի՞նչ են, մի հատ ճանկռեցին իրար։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ