«Հրապարակ». Ընդդիմադիրները բացել են հյուրերի աչքերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին եւ կոնգրեսականները կիրակի փակ հանդիպում են ունեցել նաեւ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հետ։ Մասնակցել են Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը։ Հանդիպումից որոշ մանրամասներ ենք իմացել:
Բոլոր կարեւոր հարցերին կոնգրեսականները լղոզված պատասխաններ են տվել, դիցուք` Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու հարցին ինչ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն։ Իսկ երբ կոնգրեսականները բացատրել են, թե ինչու են աջակցում գործող իշխանություններին` որ պաշտպանում են 2018-ից հետո Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը, ընդդիմադիրները նախ հետաքրքրվել են, թե որտեղ է այդ ժողովրդավարությունը, որն իրենք չեն տեսնում, ապա հատ-հատ թվարկել են իշխանության կողմից այն բոլոր ճնշումներն ու ռեպրեսիաները, որոնք իրականացվում են ընդդիմադիրների, անհնազանդ ՏԻՄ ղեկավարների, լրագրողների եւ այլոց նկատմամբ։ Կոնգրեսականները զարմացած լսել են ընդդիմադիրներին՝ խոստանալով ճշգրտումներ անել այս կապակցությամբ։
Պատգամավորները հետաքրքրվել են աջակցությունների վերաբերյալ լուրերի մասին՝ թե՛ ծրագրային, թե՛ քաղաքական: Կոնգրեսականներն ասել են, որ նախ Հայաստանը պետք է ձեւակերպի, թե ինչ աջակցություն են ակնկալում իրենցից։ Ընդդիմադիրների հանդիմանություններին, որ միայն դատարկ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք է նաեւ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կրկին հստակ պատասխաններ չեն տվել՝ ասելով, թե վերադառնալով ԱՄՆ` այս բոլոր հարցերն ավելի հանգամանալից կքննարկեն։
Կարծիքներ