Ինչու են վարկաբեկում Հայաստանի պարծանք, աշխարհահռչակ Բյուրականի աստղադիտարանը

Ինչու են վարկաբեկում Հայաստանի պարծանք, աշխարհահռչակ Բյուրականի աստղադիտարանը

ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը բողոքում է, որ շուրջ 1,5 տարի է ինչ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվում է իր ղեկավարած հիմնարկի թիրախավորված վարկաբեկում: Մեր կարծիքով  դրա պատճառն այն է, որ աստղադիտարանի կուրորտային տեղանքում գտնվող դենդրոպարկը և տուրիստների համար հետաքրքրություն ներկայացնող շինությունները «յուղոտ պատառ» են տուրիզմի բիզնեսով հետաքրքրվածների համար:

Ինչն է հետաքրքրել ԱԺ և ֆիննախի պատասխանատուներին՝ արցախյան պատերազմի օրերին

Ինչո՞վ են զբաղված մարդիկ դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ պատրաստվում են դիմավորել նոր տարվա գալուստը: Իսկ ո՞րն է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ամենակարևոր գործը: Մինչև Սփյուռքի նախարար դառնալը նաև զբոսաշրջիկների խմբեր Թուրքիա ուղեկցած Մխիթար Հայրապետյանը դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 6:12 –ին (՞)  նամակ է հղել լրատվամիջոցներին, որը վերնագրված  է  «Բյուրականի աստղադիտարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: Հայրապետյանի համար հրատապ, անհետաձգելի հարցի մասին նրա նամակից տեղեկանում ենք, որ Աստղադիտարանում ֆիննախի կողմից  իրականացվել է  ստուգում, որի արդյունքում «արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին»:

 Ընդ որում, Ֆինանսների նախարարությունը  պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին, նոյեմբերի 4-ին և, կապիտուլյացիայի օրը՝ նոյեմբերի 9-ին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ստուգման մասին, որն ավարտվել է նոյեմբերի 24-ին: Իսկ այդ ամբողջ թոհուբոհն առաջացել է այն բանից հետո, երբ 2020-ի սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կայացել է հանդիպում աստղադիտարանի նախկին մի քանի աշխատակիցների հետ, որոնք, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, բողոքել են իրենց աշխատանքից հեռացնողի դեմ։

Լրատվամիջոցները, քաղաքական, հասարակական հայտնի գործիչները, քաղաքացիներն անհերքելի փաստեր ներկայացնելով բազմաթիվ հաղորդումներ են տալիս, հայտարարություններ են անում միլիոնավոր դոլարների խախտումների, յուրացումների, պետության դեմ կատարված ծանր հանցագործությունների մասին և, տարիներ են անցնում … ոչ մի արձագանք: Իսկ այստեղ՝ կոպեկանոց «խախտումների» հարցով այսպիսի օպերատիվություն ու թոհուբոհ: Ինչու՝ կոպեկանո՞ց, որովհետև բախտ եմ ունեցել 2019-ի դեկտեմբերի 19-ին մասնակցելու ԲԱ տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում բողոքի իրենց խոսքն են ասել նույն բողոքավորները: Իսկ մինչ այդ ունկնդրել եմ տնօրեն Արեգ Միքայելյանի հանգամանալից զեկույցը՝ աստղադիտարանի աննախադեպ հաջողությունների մասին: Իսկ որ դրանք հնարավորի առավելագույնն են՝ դատեցեք ինքներդ:

Հայաստանի եւ ոչ մի բնագավառ չունի այն հաջողությունը, որին հասել է ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը

Հայաստանի եւ ոչ մի ոլորտ տարածաշրջանի երկրների կողմից պաշտոնապես չի ճանաչվել որպես տարածաշրջանային կենտրոն, բացի ԲԱ-ից: Եվրոպայի սահմանից մինչեւ Կենտրոնական Ասիա ընկած բոլոր երկրները՝ ներառյալ Թուրքիան եւ Իրանը, նույնիսկ հպարտ Վրաստանը, որն ունի Աբասթումանի աստղադիտարան, պաշտոնապես ճանաչել են Հայաստանը՝ ի դեմս ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի, որպես տարածաշրջանային կենտրոն: Բացի այդ, հիանալի գիտնական եւ հմուտ մենեջեր Արեգ Միքայելյանի ջանքերի շնորհիվ աստղագետ Բենիամին Մարգարյանի շրջահայացության ֆոտոթիթեղները ճանաչվել են որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ ընդգրկված արժեք: 

Հուշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում Հայաստանն ունի ընդամենը 11 արժեք: Ասենք նաեւ, որ որպես գիտության արժեք՝ աշխարհում շատ քիչ բան է համարվել արժանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելու համար:   

ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, Մատենադարանից հետո երկրորդը, ճանաչվել է որպես ՀՀ Ազգային արժեք, ինչի շնորհիվ ավելացել է նրա ֆինանսավորումը: Նրան շրջապատող զբոսայգուն շնորհվել է դենդրոպարկի ստատուս, ինչը հնարավորություն է տվել աստղադիտարանն ավելի գայթակղիչ դարձնել զբոսաշրջիկերի համար: Ի դեպ, Արեգ Միքայելյանի ջանքերով է Հայաստանում ստեղծվել գիտական տուրիզմը, որի արդյունքում ԲԱ-ն շուրջ 23 հազար այցելու և շուրջ 18,5 միլիոն դրամի եկամուտ է ունեցել: Նրա կազմակերպչական տաղանդի և համառ ջանքերի շնորհիվ է Հայաստանում ստեղծվել և արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը: Այն դարձել է Հայաստանի բրենդներից մեկը և ՌԴ լրատվամիջոցներում անվանվում է «Армянская нобелевка»՝ հայկական նոբելյան մրցանակ: 

Հայաստանի և արտերկրի դպրոցականների ու ուսանողների համար աստղադիտարանում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպաստում են գիտության պրոպագանդմանը նրանց շրջանում: Արեգ Միքայելյանը Հայաստանում նույնիսկ ժուռնալիստիկան է զարգացրել՝ հիմնադրելով գիտական ժուռնալիստիկայի համար տրվող ամենամյա մրցանակ: Դա հնարավորություն է տվել լրագրողական այդ բնագավառ ներգրավել բազմաթիվ երիտասարդ լրագրողների, իսկ ընթերցողներին՝ ծանոթանալ հայ գիտնականների նվաճումների և պրոբլեմների հետ: 
Թվում է թե, եթե Արեգ Միքայելյանի կազմակերպչական և կառավարման տաղանդն ունեցող մեկը ղեկավարեր ՊՆ-ն, մեր բանակը ոչ թե կպարտվեր, այլ Արցախում հաղթելուց հետո վաղուց ազատագրած կլիներ Նախիջևանը և Թուրքիայի տարածքով կշարժվեր Սիրիա, որպեսզի ոչնչացնի սիրիական ահաբեկիչների որջը:

Ինչ է սպասվում Հայաստանում դեռ գոյություն ունեցող գիտական և կրթական հաստատություններին

Մխիթար Հայրապետյանի դեկտեմբերի 31-ի նամակն ավարտվում է այսպես. «Որպես ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ վստահեցնել, որ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում՝ ոլորտի բարեփոխումների, զարգացման, արդիականացման և հնարավոր խախտումներից
խուսափելու նպատակով»:

Դա նախազգուշացում է ոչ միայն  ԳԱԱ-ին, որն ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի պետք է կազմալուծվի, իսկ անորոշության մեջ հայտնված նրա ինստիտուտների ղեկավարներին փաստորեն պետք է նշանակի կառավարությունը /այդ ֆունկցիան պետք է իրականացնեն նորաստեղծ «ԳՀԻ-ների ղեկավարման խորհուրդները», որոնց անդամների մեծամասնությանը նշանակելու է կառավարությունը/: Դա նախազգուշացում է նաև բուհերին, որոնք նույն օրենքի նախագծի համաձայն, զրկվելու են ակադեմիական ազատությունից: Իսկ փլուզված սովետմիությունը, իր թերություններով հանդերձ, մի լավ հատկություն ուներ՝ լավագույն շենք-շինությունները տրամադրվում էին երեխաներին, գիտնականներին և բուհերին: 

Մանկապարտեզների, պիոներական ճամբարների մեծ մասի, դպրոցների մի մասի փակման և դրանց շենքերի սեփականաշնորհման հարցը իշխանությունները «լուծել» են: Մնացել են  որոշ, դեռևս չոչնչացված ԳՀՒ-ների և բուհերի շենքերը, որոնք նույնպես «յուղոտ պատառներ» են:

Գրիգոր Էմին-Տերյան