Սկանդալ Ցեղասպանության տարելիցի նախօրեին

Սկանդալ Ցեղասպանության տարելիցի նախօրեին

Կրթության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սկանդալային իրավիճակ է տիրում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։

Թե ինչու է տարելիցի հենց նախօրեին ՀՀ վարչապետը նման հանձնարարական տվել, ԿԳՄՍ-ում չգիտեն։ Մեր ձեռքի տակ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրությունը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանին, որտեղ նա առաջարկում է պետգույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ քննարկել եւ լուծել «պետական սեփականություն հանդիսացող հողամասը» Երեւան համայնքին հանձնելու հարցը։

Նշենք նաեւ, որ այս տարի ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության տարելիցի որեւէ միջոցառում չեն ծրագրել, անգամ հանձնաժողով չեն ձեւավորել։ Այդ հանձնաժողովը, ըստ ավանդույթի, կազմավորվում էր տարելիցից ամիսներ առաջ, եւ այս տարվա անգործությունը որեւէ առնչություն չունի կորոնավիրուսի համավարակի հետ, քանի որ հանձնաժողովը դեռ հունվար-փետրվարին պետք է սկսած լիներ իր աշխատանքները։