Հադրութ․ ինչպես եղավ, եւ ինչ հարցեր ունեն հադրութցիները Հարությունյանին

Հադրութ․ ինչպես եղավ, եւ ինչ հարցեր ունեն հադրութցիները Հարությունյանին

Արցախի Հադրութ կամ Գետահատ քաղաքը, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում էր, հոկտեմբերի 12-ին դեռեւս հայկական զինված ուժերի վերահսկողության տակ էր։ 3 օր անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները քաղաքում երկու հայի են  գերեվարել, ապա նրանց գնդակահարել փողոցի մեջտեղում։ Տներից մեկում սպանել էին նաեւ թոշակառու կնոջն ու որդուն, հրդեհել տներ, մահացել էր մի տարեց բնակիչ եւս։ Շրջանում բնակվում էր մոտ 14 հազար մարդ, որից մոտ 3 հազար 500-ը՝ Հադրութում։

Մեզ հետ զրույցում Հադրութի շրջանի ԱԻՆ նախկին ղեկավար Արմեն Ղուկասյանը, ով հիմա Հայաստանում է՝ պատերազմից հետո մի քանի օրով արձակուրդ է ստացել, հարցին, թե Արցախի նախագահնը արցախցիներին տուն է կանչում, գնալո՞ւ են, մնալո՞ւ են, պատասխանեց․ «Գնալ-չգնալու հետ կապված՝ չեմ կարող ասել, բայց, ճիշտն ասած, գնալու տեղ էլ չունեն, ո՞ւր գնան։ Մենք չենք կարա էդքան հազար հոգով գնանք, ուրիշ տեղ տեղավորվենք։ Էդ տեղը չկա»։ 

Արմեն Ղուկասյանը, որն անձամբ է կազմակերպել Հադրութի բուժկենտրոնում պառկած վիրավորների ու մահացածերի տեղափոխումը, ասում է՝ ամեն ինչ այնքան անսպասելի է եղել, որ «ոչ մեկը ոչ մի բան չի հանել»։ «Սաղ մնացել է մեջը։ Իրանց հագն ինչ կար, տենց հելել են, մի օրվա, երկու օրվա հաց են վեկալել։ Մարդ կա՝ իրա ապրուստը լրիվ մնացել ա ընտեղ» ։
ԱԻՆ պաշտոնյան ասաց, որ, ճիշտ է՝ Ալիեւի հայտարարության ժամանակ քաղաքը վերցնելու մասին խոսք չկար․ «Էդ սաղ եղել ա անսպասելի, միանգամից։ Իրանք մտան քաղաքի մի մասից, մենք հասցրինք էն մյուս կեսով դուրս գալ։ Իրանք, իմ կարծիքով, դիվերսանտներ էին, անտառի մեջ էին թաքնված եղել ու մյուս կողմով մտան»։

Մի քանի օրից արցախցի այլեւս նախկին պաշտոնյան վերադառնալու է Ստեփանակերտ։ Նրան հարցրինք՝ Արցախի նախագահին հարցեր ունի՞։ Ասաց․ «Չէ, ես անձամբ իրան հարցերս կտամ։ Թե ինչ, էդի մնա ինձ»։ Դադիվանք, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, այլ վանքեր ու եկեղեցիներ, որոնք մնացին հանձնված շրջաններում։ Շատերը մեր կորսված հայրենիքին, մեր երիտասարդ զինվորների մահերին գրեթե համարժեք սգում են նաեւ այդ եկեղեցիների համար։
Արցախցիներից շատերը գաղափար չունեն, թե ինչպես են գծվելու իրենց հայրենիքի նոր՝ մոտ 5 անգամ փոքրացած սահմանները, եւ չգիտեն՝ տուն ունե՞ն։ Արդյոք 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կառուցած Ամարասի եկեղեցին մնո՞ւմ է մեր տարածքում։ Վանքի հոգեւոր հայր տեր Մաթեւոսը մեզ հայտնեց․ «Ամարասը մեր վերահսկողության տակ է, Ամարասը մեր ձեռքն ա»։

Մարտունու շրջանը, որի մի մասը մնացել է հայկական վերահսկողության ներքո, ուներ 36 համայնք, 40 բնակավայր՝ Մարտունի քաղաքը, Ճարտարը, Բերդաշենը, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը, որտեղ գտնվում են բազում հուշարձաններ։ «Հադրութի մեջ կա Սուրբ Հարություն եկեղեցին, Մեծ թաղեր, Տուն գյուղը, սաղ մնացել ա»։ Արցախի թեմի Հադրութի եկեղեցու հոգեւոր հայրն ասաց, որ եկեղեցական գույքից ոչինչ չեն տարել։ «Սաղ մնացել ա, չենք հասցրել տանենք։ Մտածելու ժամանակ էլ չկար, որ մտածեինք, հետեւից՝ սարի մոտից միանգամից մտան, ու պրծավ»։ Հիշեցնենք, որ Հերհերում է գտնվելիս եղել Վարանդա շրջանի հոգեւոր կենտրոններից մեկը, Ամարասի Սբ Գրիգորիս վանքի ամառանոցը։