Ռուբեն Վարդանյանի ստեղծած օֆշորային ընկերությունը օգնել է հարուստ մարդկանց կառավարել իրենց փողերը․ The Guardian

Ռուբեն Վարդանյանի ստեղծած օֆշորային ընկերությունը օգնել է հարուստ մարդկանց կառավարել իրենց փողերը․ The Guardian

2009, 2010, 2011 թվականներին Վարդանյանը երեք փոխանցում է կատարել, ընդհանուր առմամբ 200 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով արքայազն Չարլզի ղեկավարած բարեգործական հիմնադրամին։ Գումարները փոխանցվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Quantus Division Ltd-ի միջոցով։ Փոխանցումները, ըստ Վարդանյանի, եղել են բարեգործական եւ արվել են Անգլիայի ճարտարապետական ժառանգության պահպանմանը աջակցելու նպատակով։

Այդ նվիրատվությունը ծախսվել է Dumfries House հիասքանչ տան փրկության համար, որը գտնվում է Էյշիրում եւ ունի Chippendale-ի անգին կահույքի հավաքածու։ 2007 թվականին այս հիանալի առանձնատունն ու կահույքը նույնիսկ հանվել են աճուրդի, սակայն արքայազն Չարլզը խելահեղ ժամկետում հավաքելով 45 միլիոն ֆունտ ստեռլինգ, հասել է օգնության եւ փրկել այդ ունեցվածքը ազգի համար։ Սակայն հիմնադրամը պարտք է մնացել, եւ այդ անցքը փակելու համար արքայազն Չարլզը սկսել է կրկին հանգանակություններ իրականացնել։ Այդ ժամանակ Վարդանյանը եւս 1,5 միլիոն ֆունտ է ներգրավել ռուսաստանցի գործարարների միջոցով եւ արքայազնը շնորհակալություն է հայտնել 2014-ին նրանց հետ ընթրելով։

Ունեցած նյութերից պարզ է դառնում, որ Quantus ընկերության կողմից 2 միլիոն եվրո վճարվել է հանգուցյալ ռոք աստղ Պրինսին՝ Մոսկվա այցի համար, «Տրոյկայի» կորպորատիվի մասնակցելու համար 2007-ին։ Եվս 20 հազար եվրո ծախսվել է Վարդանյանի այցը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունը ֆինանսավորելու համար։ 500 հազար դոլար էլ Quantus-ը American Express-ի միջոցով ուղարկել է Վարդանյանի կրեդիտ քարտերը ծածկելու համար, 935 հազար եվրո երեք տարվա ընթացքում փոխանցում է արվել նրա կնոջ հաշվին Իսպանիայում իսկ զոքանչը՝ Էմիլիա Զոնաբենդն էլ ստացել է եւս 900 հազար եվրո։

Վարդանյանն այդ ցանցն անվանել է որպես իր ներդրումային բանկի անկախ ստորաբաժանում, որը օգնում է հարուստ մարդկանց կառավարել իրենց փողերը։ Հասկանալի է, որ նա երբեք չի մասնակցել գործարքներին կամ կառավարմանը, անձամբ չի վերահսկել փոխանցումները կամ հաշիվները, որոնք ունեցել են հաճախորդները եւ չի մասնակցել դրա գործունեությանը, սակայն եւ խոստովանել է, որ այդ ցանցից որոշակի օգուտներ ստացել է։