Ո՞վ է հաջորդը

Ո՞վ է հաջորդը

Արմեն Գրիգորյանի մահն անգամ նրա հանդեպ անտարբեր կամ վերապահումներ ունեցող մարդկանց ցնցեց։ Այդ հիմար, հորինված հոդվածով մարդուն բանտ նետել, զրկել տեսակցություններից, ստորացնել ու նվաստացնել այնքան, որ սիրտը չդիմանա՝ հենց դատարանի դահլիճում կանգ առնի․․․ Եվ այս հանցավոր շղթայի մեջ «փչացնել» մեծ թվով մարդկանց՝ քննիչ ու դատախազ, դատավոր ու մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան ու մտավորական։

Բոլոր նրանց, ովքեր չեն ընդվզել, չեն պահանջել, որ Գրիգորյանն անհապաղ ազատ արձակվի, որովհետեւ քաղաքական հետապնդման է ենթարկվում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Արյունով ու կորուստներով ուղեկցվող չորս երկարուձիգ տարի, որոնց բերած ավերածություններն անհաշվելի են։ Մանվել Գրիգորյանի մահվան մեջ ինքը մեղք չուներ՝ տուշոնկաները ԱԱԾ-ն էր հայտնաբերել, գեներալի կալանքն էլ դատարանն էր տվել։ Պատերազմում ինքը մեղք չուներ, որովհետեւ այն վաղուցվանից էր ծրագրված։ 4 հազար զոհն իր խղճին չէ՝ նախկինները չէին զինել բանակը։

Սոնա Մնացականյանի մահվան մեջ ինքը մեղք չունի, որովհետեւ 200 կմ/ժամ արագությամբ քաղաքով սուրացող իր ավտոշարասյան այդ մեքենայի ղեկին ինքն անձամբ չէր նստած։ Արմեն Գրիգորյանին, Ավետիք Չալաբյանին, Իգոր Խաչատուրովին, Գերասիմ Վարդանյանին, Մամիկոն Ասլանյանին, մյուսներին ինքը չի կալանավորել, այլ քննիչները միջնորդել են, դատավորները՝ կալանք տվել։  Ընդ որում, Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավորը՝ Արուսյակ Ալեքսանյանը, միանձնյա է մի խումբ քաղբանտարկյալների կալանքի սանկցիաները տվել՝ Ավետիք Չալաբյանին, Միկա Բադալյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մանթաշյանին։ Նրանց դժվար է քրեական հանցագործներ անվանել, իսկ, այ, դատավորին կարող ենք հանգիստ խղճով իշխանությունների կամակատար անվանել։