Նորից խաբեցին

Նորից խաբեցին

Իհարկե, վատ չէ, որ ժամանակին ապառիկով հեռուստացույց առնող, բնակարան չունեցող երիտասարդները տներ են առնում, թանկարժեք հագուստ հագնում, լավ հյուրանոցներում ապրում, որակյալ սնունդ ընդունում։ Մարդու կյանքի որակը պետք է շարունակ բարձրանա, եւ երիտասարդության շրջանի զրկանքները պետք է ետեւում մնան։ Ուրեմն ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան ծանր տանում Սուրեն Պապիկյանի ու Արարատ Միրզոյանի՝ տուն գնելու լուրերը, Հայկ Կոնջորյանի՝ բիզնես դասով ճամփորդելը, Արփի Դավոյանի՝ ավտոմեքենա ձեռք բերելը։ Չէ՞ որ նրանց ձեռքբերումներն անհամեմատելի են Հովիկ Աբրահամյանի ու Վովա Գասպարյանի ունեցվածքի հետ։ Բանն այն է, որ երիտասարդների այս թիմն իշխանության է եկել թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հատորներով ելույթներ է ունեցել, հոդվածներ գրել, որ բյուջեն լափում են, որ երկիրը պադավատապետություն են սարքել, աներձագ-փեսա-սանիկ-քավորով են պետությունը կառավարում։ Անգամ առաջին դեմքերի՝ արձակուրդ գնալն էր քննադատում՝ «քար եք քաշե՞լ, որ արձակուրդ եք գնում»։

Ճիշտ է՝ մարդիկ այս ելույթների մի փոքր մասն են միայն հիշում, բայց նրանց գիտակցության մեջ մեխված է մի բան՝ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարող փողոցի ընդդիմությունը եկավ իշխանության եւ ինքն էլ սկսեց թալանել, հարստանալ ու կոռուպցիայի մեջ թաղվել։ Սա նշանակում է՝ նորից իրեն խաբել են, սրբի կերպարով՝ վանքի հավերն ուտող սրբապիղծներ են եկել իշխանության, գառան դիմակ հագած գայլեր, որոնց նպատակը սեփական որկորն է՝ հարստանալը, հարստահարելը եւ հանրությանը հիմարեցնելը։ Եվ մարդկանց համար կարեւոր չէ՝ սրանք դղյակնե՞ր են կառուցում, թե՞ էլիտար շենքերում բնակարաններ ձեռք բերում։ Ինքը նորից իրեն խաբված ու դավաճանված է զգում։