Չարենցավանում մարդ են վնասազերծում, լսվել է պայթյուն. ժամանել է ՀՀ ոստիկանապետը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորեց Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարեց նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Արմեն Իսրայելյանն ասաց, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, Իսրայելանն ասաց, թե «պատահական անցնում էր` այցելեց»:

Ավելի ուշ մենք Արմեն Իսրայելյանին հանդիպեցինք արդեն ոստիկանության բաժանմունքի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ են այս պահին հավաքված, անգամ զրահամեքենա կա կանգնած: Մեզ տեղեկություն հասավ, որ ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունեցել, դրա համար է Օսիպյանը ժամանել Չարենցավան, և այս պահին նրանք պատրաստվում են օպերացիա իրականացնել, ըստ նախնական տեղեկության՝ մարդ պետք է վնասազերծեն:

 Հարցրինք Իսրայելյանին, թե ինչ է տեղի ունենում, ինչ-որ մա՞րդ եք վնասազերծում, Իսրայելյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով,  թե Օսիպյանը սպասում է:

Հարցին՝ ինչ-որ միջոցառո՞ւմ է տեղի ունենում, պատասխանեց. «Դեռ ոչ»: Ապա նստեց մեքենան ու հեռացավ: Իսկ թե որտեղ էր նրան սպասում ոստիկանապետը, չհասկացանք, քանզի Օսիպյանի մեքենան այդ պահին դեռ ոստիկանության բաժանմունքի դիմաց էր կանգնած:

Նշենք, որ այսօր Չարենցավանում ուժեղ պայթյուն է լսվել: Բացի այդ, մենք տեղեկացանք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ալափարսի մի բնակիչ նռնակ էր պայթեցրել, որից կան նաև զոհեր, ու այդ մարդը հիմա թաքնվում է այս տարածքում:

Ամենայն հավանականությամբ՝ ոստիկանները հենց նրան են հիմա փորձում վնասազերծել:
Մանրամասն՝ տեսանյութում: