Իմքայլականի ինքնախոստովանական «ցուցմունքը»

Իմքայլականի ինքնախոստովանական «ցուցմունքը»

Հունիսի 22-ին Ազգային ժողովում հապճեպ ռեժիմով իշխող ֆրակցիան ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում են Սահմանադրական դատարանի երեք անդամի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է շարքային դատավոր։ Այդ նիստից հետո հայտնի դարձավ, որ իշխանական պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով։

Կան կասկածներ, որ շատերի մոտ վարակը հաստատվել է ավելի վաղ, քան հունիսի 22-ի քվեարկության օրը, կամ առնվազն ունեցել են ախտանիշներ, բայց քաղաքական հրահանգով գնացել են քվեարկության՝ վտանգելով մյուսների առողջությունը։ Հենց դրանից հետո էլ ԱԺ-ում վարակի տարածումը թափ է առել։

Իսկ դա, ինչպես հայտնի է, քրեորեն պատժելի արարք է։ Մասնավորապես լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրեցին, որ Վիկտոր Ենգիբարյանն ու Հայկ Գեւորգյանն են հունիսի 22-ից առաջ թեստ հանձնել։ Քիչ առաջ Ենգիբարյանը հրապարակեց իր թեստի պատասխանը՝ ցույց տալով, որ ինքը հունիսի 23-ին է ստացել պատասխանը, դրանից մեկ օր առաջ էլ՝ քվեարկության օրը երեկոյան թեստ է հանձնել, նույն օրն էլ իբր ախտանիշներ է ունեցել։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի կասկածներ ունեցող որեւէ քաղաքացու միանգամից չեն թեստավորում եւ առնվազն երկու օր պետք է ախտանիշները պահպանվեն, որպեսզի թեստավորեն։

Պատգամավորը, փաստացի հերքելով, հաստատեց այն կասկածները, որ ախտանիշներ եւ գանգատներ ունենալով գնացել է ԱԺ եւ մասնակցել ճակատագրական քվեարկությանը։