Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ չեն հավատում իրենց «երջանկությանը»

Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ չեն հավատում իրենց «երջանկությանը»

Շատ հստակ պետք է հասկանալ հետևյալը. Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ միայն սպասարկում է երրորդ կողմի աշխարհաքաղաքական խաղացողների շահերը՝ ի վնաս Հայաստանի և Արցախի շահերի, այլ նաև նորանոր ռիսկեր է ստեղծում տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական շարունակական գոյության համար։ Սա ակնհայտ երևում է հայկական կողմի իրարամերժ և անկանոն քայլերից, որոնք իրար են հակադրում աշխարհաքաղաքական կենտրոնների բախումը Հայաստանի\Արցախի շուրջ։

Զարմանալի չէ, որ նույնիսկ թուրքերն ու ադրբեջանցիները պարզապես չեն հավատում իրենց «երջանկությանը», երբ հայկական կողմի քայլերը կրկին ու կրկին նպաստում են թուրք-ադրբեջանական տանդեմի՝ առանց հայերի և Հայաստանի, թյուրքական տարածաշրջանային գերիշխանություն ձևավորելու ծրագրերին։ Իսկ մեր դաշնակիցները պարզապես չեն հասկանում, թե ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունն ինքը ձևավորել Հարավային Կովկասում այն մթնոլորտը, որը ենթադրում է հայկական գործոնի չեզոքացում կամ ոչնչացում։

Իրանցիներն ու ռուսները պարզապես հրաժարվում են հասկանալ այն աբսուրդը, որն առաջացնում է Հայաստանի իշխանությունը։ Բայց կա նաև հետևյալ ասպեկտը․ Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է պաշտպանել իր շահերը և պատրաստ է թուրք-ադրբեջանական սցենարով գնալ Հայաստանի ինքնաոչնչացմանը, ապա նույն ռուսները, իրանցիները, չինացիները, եվրոպացիներն ու ամերիկացիները դեռ կպաշտպանեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, բայց արդեն առանց հետհայացքի հայերի ուղղությամբ։

Եվ սա, այս պատմական պահին, ամենավատ բանն է, որ կարող է պատահել մեզ հետ։

Արման Աբովյան