Ազգային ժողովում «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիայի վավերացման նախագծի քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների պահպանությանը։
Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է նա գնահատում մշակութային ժառանգության պահպանության և պետական մարմինների միջև առկա կապը։
Նախարարի պատասխանը պատգամավորին չբավարարեց, ինչից հետո նա ավելի հստակ ձևակերպեց իր հարցը՝ պարզաբանելով, թե արդյոք Հայաստանի կառավարությունը և մշակույթի ոլորտի պատասխանատու կառույցը իրենց պարտավորությունների շրջանակում համարո՞ւմ են նաև երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության հարցը։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մշակույթի ոլորտի լիազոր մարմինների գործունեությունն իրականացվում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում։