Հասարակություն

Աղաչում էի՝ Աստվա՛ծ իմ, խնդրում եմ, դու միայն իրեն բեր, թող ոտքերը չլինեն, ձեռքերը չլինեն, միայն բեր

Աղաչում էի՝ Աստվա՛ծ իմ, խնդրում եմ, դու միայն իրեն բեր, թող ոտքերը չլինեն, ձեռքերը չլինեն, միայն բեր

Հոկտեմբերի 19-ին Անահիտի կյանքը կանգ առավ, աշխարհը դատարկվեց, եւ նրա մեծ սիրուց նրան բաժին մնաց անկշիռ կարոտ, փուլ եկած աշխարհ, պապայի աչքերով մեկուկեսամյա լուսավոր Մոնթե:

Թաթուլի ու Անահիտի սիրո պատությունն սկսվել է ավագ դպրոցում: Թաթուլը խենթի պես սիրահարվել  Անահիտին, 7 տարի շարունակ հետախույզի համառությամբ պայքարել Անահիտի ոչ պակաս համառ սրտի համար, հետո Արագածի գագաթին ամուսնության առաջարկ արել։

Տարօրինակ երջանկություն

«Հետախույզ ամուսին ունենալ՝ նշանակում է ամեն անգամ ճանապարհել, չիմանալով՝ վերադառնալու է, թե ոչ: Ամեն անգամ բաժանվելիս մենք իրար հրաժեշտ էինք տալիս՝ չիմանալով՝ էլի կտեսնե՞նք իրար: 

Պատերազմն սկսվելուց մի քանի օր առաջ Թաթուլը եկավ ու ասաց. «Արձակուրդ եմ վերցրել, պիտի գնանք հանգստանալու»: Գիտե՞ք՝ շատ տարօրինակ երջանկություն էր այդ օրերի երջանկությունը: Մենք շատ-շատ երջանիկ ենք եղել միասին: Բայց այդ օրերի երջանկությունը տարօրինա՛կ երջանկություն էր: Երբ Տաթեւի ճանապարհին էինք, ասացի. «Թա՛թ, զգո՞ւմ ես՝ ինչքան տարօրինակ է էս երջանկությունը: Կարծես վերջը լինի: Այսպիսի բան լինում է միայն հեքիաթների վերջում: Ինձ թվում է, որ այս երջանկությունը եկել է ոչ թե նրա համար, որ մենք երջանիկ լինենք, այլ եկել է ինչ-որ մեկիս կուլ տալու»: Թաթն ինձ ասաց․ «Էլ էդպես չասես։ Ես պիտի հերոս մեռնեմ: Ես պիտի էնպես մեռնեմ, որ Մոնթես պատմության դասին իմ մասին անցնի ու ասի՝ ինքն իմ պապան է: Ես պիտի իմ ազգի համար մի բան անեմ, նոր…», ու իր ուզածն ինքն արեց, իր ուզած մահով էլ մահացավ:

Չավարտվող գիշեր

Թաթուլը զոհվեց հոկտեմբերի 19-ին: Ինձնից թաքցնում էին: Բոլորն իմ զանգերից խուսափում էին, ընկերների հեռախոսահամարները զանգելուցս հետո անհասանելի էին դառնում: Արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում, բայց չէի ուզում հավատալ… Ամսի 19-ի երեկոյան ինձ ասացին, որ Թաթուլը վիրավոր է: Ես սկսեցի զանգել հիվանդանոցներ, բայց չէի կարողանում գտնել: Այդ գիշերն ինձ համար… չգիտեմ… դժոխք էր… լույսը չէր բացվում: Մի ամբողջ գիշեր ծնկի եկած՝ աղոթեցի: Աղոթում էի, խենթի պես քայլում, անվերջ-անվերջ աղոթում: Աղաչում էի՝ Աստվա՛ծ իմ, խնդրում եմ, դու միայն իրեն բեր, հասցրու տուն: Ոտքերը չլինեն, ձեռքերը չլինեն՝ կարեւոր չէ, դու միայն իրեն հասցրու ինձ… Աղոթքներովս լույսը բացվեց… Ես մամայենց տանն էի: Երբ վերադարձա Թաթուլենց, այսինքն՝ մեր տուն, տեսա, որ շենքի բակում լույս է վառվում: Ախր, եթե Թաթուլը վիրավոր է, էս ի՞նչ լույս է… հասկացա, հասակացա, թե ինչ է կատարվել, ու էլ ոչինչ չեմ հիշում: Ուշաթափվել եմ: Այդ պահից սկսած՝ ես մի ամիս սթրեսից չեմ խոսել: 

Մահ իմացյալ

- Թա՛թ, ո՞նց ես: 
- Ա՛ն, արե՛ւս, միշտ հիշի՝ եթե ոտքերս, ձեռքերս էլ չլինեն, ես պայթած էլ լինեմ, մեկ է, ես լավ եմ: 
Միշտ, երբ հարցնում էի՝ ո՞նց ես, ասում էր՝ սաղից լավ եմ:
Հարցնում էի՝ ի՞նչ ես անում, պատասխանում էր՝ քնած եմ: Ասում էի՝ էդ կրակոցների տակ ո՞նց ես քնած: Ինձ ինքը մի՛շտ էր հանգստացնում: Իսկ հիմա, որ պատմում են, թե Թաթուլն ինչերի միջով է անցել, ինչ լուրջ հանձնարարություններ է արել…
Վերջին հանձնարարության ժամանակ հրամանատարը հարցրել է՝ ո՞վ է պատրաստ կամավոր գնալ այսինչ գործողությանը՝ շեշտելով, որ 99 տոկոսով չեն վերադառնալու: Թաթուլն առաջինն է ասել՝ ես կգնամ: ԱԹՍ-ի հարվածից զոհվել է ե՛ւ ինքը, ե՛ւ իր երեք հատուկջոկատային ընկերները: Չորս ընկեր, որ միշտ անբաժան են եղել: Այդ առաջադրանքը եղել է պատերազմի ամենավտանգավորներից մեկը: Այդ տղերքը եղել են վերջին հույսը, որ այդ հողերը կարող են գոնե փրկել: 

Մոնթեն

Մեր տղայի անունը Թաթո՛ւլը դրեց Մոնթե: Որոշել էր՝ 4 տղա պիտի ունենանք. հայրենիքին զինվոր է պետք: Անուններն էլ՝ Արաբո, Նժդեհ, իսկ եթե աղջիկ՝ Սյունե, Սոսե: Թաթուլն իր տունը փոքր հայրենիք էր դարձնում, որտեղ պիտի ծնվեին Նժդեհներ, Արաբոներ, Մոնթեներ:
Մոնթեն 1,5 տարեկան է, դեռ չի խոսում: Երբ Թաթուլի ընկերները եկան մեր տուն, ինքը համազգեստը ճանաչեց ու սկսեց լացելով խփել տղերքից մեկին: Բոլորս հասկացանք․ Մոնթեն մտածեց, թե իր պապայի շորերն ուրիշն է հագել: Մոնթեն ընդամենը մի քանի օր է, ինչ սկսել է «պապա» ասել: Բայց իր պապան չհասցրեց լսել այդ «պապա» բառը: Մոնթեի ծնված օրվանից երազում էր այդ բառի մասին: Թաթուլի զոհվելու օրերին Մոնթեն 3 օր բացարձակ ոչինչ չկերավ, շատ նյարդային էր: Երեւի երեխաս ինչ-որ բան զգում էր: 

Մե՛նք պարտվեցինք

Թաթուլն իր բաժին հաղթանակը տարավ, ինչպես այն բոլոր տղերքը, որ իրենց կյանքը տվեցին: Այդ մե՛նք ենք պարտվել: Պարտվել է մեր դիվանագիտությունը, մեր քաղաքական գործիչները: Մեր էրեխեքը չեն պարտվել, կռված ցանկացած զինվոր հաղթել է: Ինձնից սկսած՝ բոլորս մեղավոր ենք, բայց ո՛չ իրենք:
Թաթուլի դեպքից հետո ես գնացի Արցախ: Ինձ թվում էր՝  Թաթուլին այնտեղ կգտնեմ, կխաղաղվեմ: Բայց երբ գնացի, այդ հողերը տեսա… Սարսափելի է, որ այն հողը, որի վրա արյուն է թափվել, չես կարող գրկել, գոնե ձեռքերդ խրել այդ հողի մեջ, զգալ… Էնքան սարսափելի է, երբ այդ կորստի հետ հասկանում ես, որ նա էլ ես կորցրել: Ստացվեց, որ մենք երկուսն էլ կորցրինք: Ես պատերազմի ժամանակ շատ-շատ եմ իրեն գրել՝ կկարողանաս, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք: Ես էլ էի հավատում…

Ապրեցնելով…

Հիմա Թաթուլի մասին գիրք եմ գրում: Ես պարտավոր եմ ամեն ինչ անել, որ իր մասին բոլորն իմանան: Երբ զգում եմ, որ թուլանում եմ, էլ ուժ չունեմ, արդեն վերջն է, ինձ հիշեցնում եմ, որ ես Թաթուլի կինն եմ: Ինքն ինձ միշտ ասում էր, որ ես իրավունք չունեմ թույլ լինելու: Ինքս ինձ էդպես ուժ եմ տալիս: Ու ես մտածում եմ, որ եթե ես ուզում եմ, որ ինքն ապրի, պիտի ես ապրեցնեմ իրեն: Իսկ ինքը կապրի, քանի ես ու մնացածն իրեն հիշում ենք: 
Ես մենակ չեմ… ես զգում եմ՝ ինքն իմ հետ է: Ինքը չի կարող թողնել, որ ես մենակ մնամ: Ես իրեն էլ, ինքս ինձ էլ խոստացել եմ՝ ամեն ինչ Մոնթեի համար անելու եմ, ամեն-ամեն ինչ: Իսկ ինքը կլինի այնքան, ինչքան մենք կանք. ինքն ինձ մենակ չի թողնի: Ինքն էնքան լավ ամուսին է եղել, որ ոչ մի օր ինձ մենակ չի թողել ու հիմա էլ չի թողնի: Ինքն ինձ ուժ կտա ու կօգնի, որ անեմ ամեն ինչ: 

Անավարտ սեր…

Թաթուլի մահով իմ կյանքը կարծես ավարտվեց: Երբ նպատակներդ, երազանքներդ մեկի հետ են կապված, ու երբ մի օր այդ մեկը չի լինում, ամեն ինչ կարծես վերջանում է: Թաթուլի մահից հետո ես փախչում էի Մոնթեից: Ինձ թվում էր՝ ինքը կհարցնի՝ ո՞ւր է պապաս, ու ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ես վախենում էի իմ երեխայից, նրա անմեղ աչքերից: Սուտ է, թե ինչ-որ մի օր կհարմարվեմ այս ամենին, ուղղակի հիմա հասկանում եմ, որ Թաթուլի տե՛ղն էլ ես պիտի լինեմ: Պիտի ամեն ինչ անեմ, որ Մոնթեն ոչնչի կարիք չունենա: Թաթուլն ինձ մահանալուց առաջ հաղորդագրություն էր ուղարկել, վերջին հաղորդագրությունը՝ «Ձեզ շատ եմ սիրում: Մոնթեին իմ տղա կմեծացնես: Ես քեզ կյանքիցս շատ եմ սիրում»:

Թաթուլից հետո ողնաշարս կոտրվեց: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ պետք կգա, որ կարողանամ ոտքի կանգնել: Դատարկվել է կյանքս: Այնքան ահավոր է, երբ ունենում ես ամեն ինչ ու մի օր հասկանում ես, որ ոչինչ չունես: Մենք ամեն օր իրար սեր էինք խոստովանում, ես ամեն օր նորից սիրահարվում էի նրան: Ինձ համար կար ինքը, ու վերջ: Ինքն էլ ամեն օր մի էնպիսի յուրահատուկ բան էր անում: Ես ամեն արթնանալիս հասկանում էի, որ էսօր ավելի շատ եմ սիրում, քան երեկ: Ու ես ամեն օր եմ դա ասել իրեն: Ու գիտե՞ք, դա էնքան կարեւոր է: Հիմա ես ինձ չեմ մեղադրում: Ես ներսիս եղածը՝ մինչեւ վերջին տառը, տվել եմ իրեն: Ու ինքն էլ: Իմ վերջին նամակում էլ ես էլի գրել եմ, որ ես իրեն շատ սպասում եմ, ու ինքն իմ հերոսն է ու ինքը պիտի գա: Ինքն իմ ամբողջ սերը տարել է իր հետ, որովհետեւ ամենն ասել եմ, բան չեմ պահել»:
ՀԳ. Թաթուլ Տիգրանի Հակոբյան՝ ՀՀ ՊՆ հատուկջոկատային, հրամանատար, ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան մարտերի ակտիվ մասնակից, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, պարգեւատրված ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով: 

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image