Հասարակություն

Ով կզբաղեցնի Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնը

Ով կզբաղեցնի Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնը

Գարնանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը, ով ԱՄՆ-ում տարիներ առաջ դատապարտվել էր գողության համար, ազատման դիմում ներկայացրեց: Նրա փոխարեն մարտի 21-ին ռեկտորի ԺՊ նշանակվեց պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Մինչ օրս բուհում մրցույթ չի կայացել ռեկտորի թափուր տեղի համար, պաշտոնավարում է ժամանակավոր պաշտոնակատարը:

Մենք տեղեկացանք, որ իշխանություններն արդեն մի քանի ամիս է` ռեկտորացուի փնտրտուքի մեջ են և չեն կողմնորշվում` ում կարգել ռեկտորի պաշտոնում, որպեսզի հավատարմորեն ծառայի իրենց` ինչպես ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կամ Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը: Բայց օրեր առաջ ՀՊՏՀ կայքում մրցույթի վերաբերյալ հայտարարություն է տեղադրվել` «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար», դիմումներն ընդունելու ժամկետը հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 28-ը` ներառյալ:

Լուրեր են շրջանառվում, որ թեկնածուներից մեկը Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, իջևանցի Հայկ Քամալյանն է, ով բավականին անփորձ է ու երիտասարդ: Եւ հենց ինքն է տարակուսանքի մեջ` ընդունե՞լ իշխանության առաջարկը, թե՞ ոչ: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության փորձ։ Հավակնորդը պետք է ներկայացնի նաեւ իր հրատարակած գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը, ՀՊՏՀ-ի զարգացման և բարեփոխման հայեցակարգ:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 128)։

Քանի որ լուրեր էին շրջանառվում, որ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը եւ բուհի պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը եւս հավակնություններ ունեն ռեկտորի ընտրության մրցույթին մասնակցելու, մենք կապվեցինք նրանց հետ: Արմեն Ճուղուրյանը «Հրապարակի» հետ զրույցում կարճ նշեց. «Ես չեմ դիմել, մտադրություն չունեմ, նման բան չկա» եւ ասաց, որ տեղյակ չէ, թե ովքեր են մասնակցելու մրցույթին: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ճուղուրյանին որոշ շրջանակներից ասվել է, որ ինքը իշխանական չէ, ուստի անիմաստ է իր առաջադրումը:

Նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը նույնպես մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ես չեմ առաջադրել իմ թեկնածությունը, չեմ առաջադրելու, ցանկություն չունեմ, և առհասարակ՝ չեմ էլ հետաքրքրվել, թե ովքեր են մասնակցելու: Ես հիմա արձակուրդում եմ գտնվում: Ես ամբիոնում պրոֆեսոր եմ, այլ ոչ մի բան», - ասաց Գալոյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image