Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետը 5-րդ տեղակալը կունենա

Երեւանի քաղաքապետը 5-րդ տեղակալը կունենա

Իրենց օրինապահ հանրույթից դուրս դասողներն են անգամ այսօր կիսում պատերազմի հոգսը: Քրեական հեղինակություն Ա․-ն օրերս իր սեփական «Նիվան» նվիրեց իր մարզի կամավորական վաշտին: Արդեն գրվել է, որ պատերազմի հերոս, նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի հայրն է բանակին նվիրել իր ջիպը: Բոլոր նվիրատուների մասին գրելու կարիք չկա, որովհետեւ պատերազմող երկրում բարեգործությունը նորմ է, ոչ թե բացառիկ, այլ բնականոն վարքագիծ: Թվում էր, թե պետության միջոցները խնայելը եւս նորմ պետք է լինի: Չէ՞ որ պատերազմողի ամեն լումա պետք է ծառայի հաղթելու նպատակին, բանակին: ՊՆ-ն դեռ ռազմական դրության հայտարարումից առաջ պահանջել է կառավարությունից հավելյալ 10 մլրդ դրամ:

Աշխարհով մեկ բարեգործական դրամահավաքներ են անցկացվում, սակայն մեր պաշտոնյաներն ու պատգամավորները շարունակում են առանց խղճմտանքի ստանալ իրենց պարգեւավճարները, իսկ Երեւանի քաղաքապետի համար պատերազմը եւս մի տեղակալ ունենալու պատրվակ է: 4 տեղակալները, որոնցից յուրաքանչյուրն իր «սթաֆն» ունի՝ վարորդով, քարտուղարուհիով, քիչ են: Հինգերորդն է պետք: Համապատասխան օրինագիծը մշակել է վարչապետի աշխատակազմը, որն այս առաջարկը պայմանավորում է աշխարհազորի ձեւավորմամբ, իմա՝ սա լուրջ ու պատասխանատու գործընթաց է, եւ դրանով առանձին համակարգող պետք է զբաղվի:  

«Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի` որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը»,- ասվում է նախագծում:

Ընդդիմության ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, դեմ են լինելու նախագծին: 
«Լավ կլինի, որ քաղաքապետն իր տեղում լինի, որ իր ու իր երեք տեղակալների աշխատանքը մենք տեսնենք, գնահատենք, թե ինչ են արել, հետո նոր մտածեն, թե իրենց ընկերներից ում են գործի տեղավորում, այս անգամ արդեն օգտվելով պատերազմի շարժառիթից»,- մեկնաբանեց նախատեսվող օրենսդրական փոփոխությունը Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը: 

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ այս օրինագծով աշխարհազորի տրամաբանությունը խեղաթյուրվում է: «Որքան տեղյակ եմ, այդ նախագիծը բխում է այն օրենքից, որ աշխարհազորի հարցերով պետք է զբաղվի քաղաքապետի տեղակալներից մեկը, եւ, ըստ էության, նոր հաստիք են ավելացնում՝ մարդու, ով այդ գործառույթը պետք է ստանձնի: Այս օրենքի տրամաբանությունը եւ բովանդակությունն այն է, որ պետք է ինքնակազմակերպվի համայնքը եւ իր գործառույթը կատարի: Հիմա ի՞նչ, ամեն մի համայնք վերցնի նոր տեղակա՞լ նշանակի: Ես լավ չեմ հասկանում՝ եթե մյուս համայնքներն էլ պետք է հետեւեն Երեւանի օրինակին, նոր մարդ վերցնեն, էլ ո՞րն է աշխարհազորի իմաստը»: Մենք ունե՞նք ֆինանսական հնարավորություններ, որ նոր հաստիք ունենանք, նոր պարգեւավճարներ դուրս գրենք, նոր վարորդ, քարտուղարուհի:

Հարցին ի պատասխան՝ Խաժակյանը հիշեցրեց, որ նախկինում քաղաքապետի խորհրդականներից մեկը զբաղվում էր ազատամարտիկների, զինծառայողների խնդիրներով, սակայն այդ հաստիքը կրճատվեց: Նախկինում նաեւ քաղաքապետարանը պարբերաբար կազմակերպում էր զինծառայողների ծնողների այցելություններ իրենց զավակներին: «Ներկայիս քաղաքապետը մի անգամ է այս երկուսուկես տարում նման բան կազմակերպել: Այս բոլոր գործառույթները, փաստորեն, կրճատեցին, բայց եկել են, մի տեղակալ են ավելացնում»: Գուցե զինվորակա՞ն է պետք, որ հասկանա զինվորական գործից, զորք կազմակերպելուց: «Այս դեպքում դա դադարում է լինել աշխարհազոր»,- պատասխանեց Դավիթ Խաժակյանը: 

Աշխարհազորը, դրա համակարգման ու կազմակերպչական հարցերը կարգավորվում են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի 29.1 հոդվածի 6-րդ կետում ասվում է. «Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքում`Երեւանի քաղաքապետի տեղակալը»: Սակայն օրենքում գրված չէ, որ այս գործի համար նոր տեղակալ պետք է նշանակվի: Մանավանդ, որ կամավորների հոսքի մասին պատկերացումներում, կարծես, ցանկալին ու իրականը չեն համապատասխանում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ վարչապետը 7 մարզում փոխմարզպետներ նշանակեց՝ աշխարհազորի գծով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image