10-ամյա երեխային մեքենայի տակ գցող Արսեն Թորոսյանը պատասխանատվության չի ենթարկվի

10-ամյա երեխային մեքենայի տակ գցող Արսեն Թորոսյանը պատասխանատվության չի ենթարկվի

Անցած տարվա հունիսին այն ժամանակ դեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վրաերթի էր ենթարկել 10-ամյա երեխայի։ 

Ոստիկանությունից «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է․ «Ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով և օրենքով սահմանված կարգով ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու»։

Գլխավոր դատախազությունից էլ մեզ փոխանցեցին,որ ստուգվել է օրինականությունը․ոստիկանության կայացրած որոշումն օրինական է։

Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադառնալով ընդհանուր այս տիպի դեպքերին՝ նշեց գործ հարուցելու պահանջները հստակ նշված են քրեական դատավարության օրենսգրքում, գործի հարուցումը մերժվում է եթե չկան բավարար հիմքեր։ 

Հարցին, որ, եթե ինչ-որ դեպքում կա տուժող, նա պատասխանեց, որ պետք է նայել հանգամանքներին։

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։ Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրաստելու համար»,- դեպքից հետ հայտնել էր Թորոսյանը։