Իշխանության մեռած

Իշխանության մեռած

Արցախը հանձնեցին, Ալավերդին վերցրին։ Եթե թշնամու դեմ էլ նույն եռանդով պայքարեին, ինչպես «Ապրելու երկրի» դեմ էին երեկ պայքարում, Արցախն այսօր մերը կլիներ։ Բայց նրանք կատաղի պայքար են մղում Ալավերդու ընտրված համայնքապետից եւ նրան ընտրած ալավերդցիներից իշխանությունը խլելու համար։ Պարզվեց՝ հայրենի հողն այդքան թանկ չէ նրանց համար, ինչքան իշխանությունը։ Պարզվեց՝ հայի դեմ, հայ քաղաքացու, հայ գյուղացու, հայ ընդդիմադիրի, հայ մտավորականի, հայ այլախոհի դեմ շատ ավելի արդյունավետ ու եռանդով են պայքարում, քան մեր թշնամիների։

Հային ոչնչացնող, հային ատող, հայ ազգի թշնամի որեւէ անձ այս տարիներին պերսոնա նոն գրատա հայտարարվե՞լ է, մինչդեռ անցանկալի անձ է հայտարարվել Հայաստանի նվիրյալ, մեծ հայրենասեր Մուրադ Փափազյանը։ Հայաստանի դեմ ոտնձգություն արած որեւէ օտար անձի, Հայաստանի անձեռնմխելիության եւ սուվերենության դեմ հայտարարություն արած որեւէ այլազգի պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ հարուցե՞լ են, ինչպես հարուցել են Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Նարեկ Մալյանի կամ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ, որոնք դատվում են ընդամենը խոսքի՝ ինչ-որ հայտարարությունների համար, որոնք իշխանության գլխին կանգնածները ծանր են տարել։

Այսքան էներգիա, խելք, միտք, հնարամտություն, որ ՔՊ-ականները ծախսում են ՏԻՄ-երում իշխանությունն իրենցով անելու վրա, եթե կիրառեին մեր երկիրն ու սահմանները պաշտպանելու ուղղությամբ, հաստատ մենք այսպիսի ողբերգական վիճակում չէինք լինի։ Այն դիվանագիտական հմտությունները, ռեսուրսները, կրեատիվությունը, որ կիրառում են հային հայի դեմ թշնամացնելու, սոցցանցերում կեղծ պրոֆիլներ պահելու, իշխանամետ քոմենթչիներին վճարելու վրա, կիրառեին արտաքին ֆրոնտում, մենք հիմա հզոր երկիր կլինեինք։