«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում «Կատէ» չկար, չէին էլ թողնում, տեղափոխել․ մահացածի հարազատ 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում «Կատէ» չկար, չէին էլ թողնում, տեղափոխել․ մահացածի հարազատ 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի  հարազատները օրեր շարունակ խնդրել են, որ հիվանդին տեղափոխեն այլ ԲԿ, որտեղ կա վիրահատական բաժանմունք, սակայն հիվանդանոցը մերժել է։

«Իր մոտ աղի մտնող անոթը փակվել էր, մենք ուղղակի ընթացքում ուզում էինք տեղափոխել, որ վիրահատեին ․․․ «Կատէ» անեին, էդ չըխմախ հիվանդանոցում չկար էդ գործիքը։ Բժիշկները չէին թողնում, ասում էին՝ չեք կարող, հիվանդը կմահանա, եթե տեղափոխվի, իսկ էն ժամանակ, երբ հորքուրս ի վիճակի էր, որ տեղափոխվեր, էլի չթողեցին։ Իրեն էլ ասել էին, որ «քեզ տեղափոխեն, կմահանաս։ Զանգեց, մեզ ասաց՝ նստեք տեղներդ, ինձ ոչ մի տեղ չտանեք»,-մեզ հետ զրույցում Աննան, որը մահացածի եղբոր աղջիկն է։ Նա ասում է՝ «Էրեբունին», Մասիվի հիվանդանոցը, նրանք էլ են կորոնավիրուս բուժում, բոլոր գործիքներն ունեին և նորմալ կսպասարկեին։

Այսօր առավոտյան 10։15 հիվանդանոցից նրան զանգել են ու ասել, որ կինը մահացել է առավոտյան 7 անց կեսին։
Կնոջը մի քանի օր առաջ կորոնավիրուսի կասկածով տարել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին ծննդատան Covid-ի բուժման կենտրոն դարձած ԲԿ, նա հոսպիտալացվել է, ապա  կնոջ մոտ աղիների հետ կապված խնդիրներ են առաջացել, արյունահոսության կասկածներ։ Հարազատները ցանկացել են հիվանդին տեղափոխել այլ բժշկական կենտրոն, որտեղ ի տարբերություն այդ ԲԿ-ի կա վիրահատական բաժանմունք, որպեսզի վիրահատեն։ Վերջին օրերին կինը գտնվում էր վերակենդանցամն բաժանմունքում։ Ընտանիքի փաստաբանը, որ դեռ տեղյակ չէր, որ կինը մահացել է, մեզ հետ զրույցում նախքան այդ ասել էր․«Եվ եթե հիմա շտապ ինչ-որ բան չձեռնարկեն, այդ կինը կմահանա և կհայտարարեն, որ հերթական մահը տեղի ունեցավ կորոնավիրուսի հետևանքով։ Սակայն իրականում, եթե անգամ ինքը կորոնավիրուս էր, իր մոտ ներքին արյունահոսություն է սկսվել, որը կորոնավիրուսի հետո ոչ մի կապ չունի»։

Նշենք, որ կնոջից 15 օր առաջ մահացել էր նաև նրա ամուսինը։«Ու նույն ձևի, ուղղակի իր մոտ սրտի խնդիր էր»,-ասաց Աննան։
Դատ՞ի են տալու թե, ոչ, Աննան այս պահին չգիտեր, ասաց, որ զանգել է մահացածի տղային՝ տղան ոնց կորոշի։

«Հրապարակը» կապ հաստատեց Covid-ի կենտրոնի պատասխանատու Գևորգ Սիմոնյանի հետ, որը կնոջ հարազատների բողոքների առնչությամբ ասաց, որ իրավունք չունի ինձ հետ քննարկելու քաղաքացու հիվանդության մանրամասները, եթե հարազատները ինչ-որ մտահոգություններ ունեն, կարող են իրենք կամ փաստաբանի միջոցով կարող են դիմել, համապատասխան ընթացակարգերով իրենց հարցերի պատասխանները ստանան։
Լավ, իսկ «կատէ» չունեն, չեն էլ տեղափոխել։ Գևորգ Սիմոնյանը կրկնեց․«Մենք  առաջնորդվել ենք բժշկական ցուցումներով, մեր մասնագետները  պրոֆեսիոնալներ են, ոչ մի բանի պակաս մեր կենտրոնը չունի։ Եթե ինչ-որ բան անհրաժեշտ է եղել, արվել է։ Մնացածը, եթե իրենք ցանկանում են, թող այլ իրավական ընթացակարգերով հետաքրքվեն»։