Մեզ ոչինչ՝ ոչ մի ճնշում ու սպառնալիք հետ չի պահի մեր նպատակից, այն է՝ հեռացնել կառավարումը տապալած իշխանություններին

Մեզ ոչինչ՝ ոչ մի ճնշում ու սպառնալիք հետ չի պահի մեր նպատակից, այն է՝ հեռացնել կառավարումը տապալած իշխանություններին

Մենք այսօր առավոտյան գրել էինք, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալել եւ երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից՝ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Օրվա ավարտին կապվեցինք Արթուր Վանեցյանի հետ եւ այդ կապակցությամբ հարցեր ուղղեցինք։ 

-Պ-ն Վանեցյան, մենք տեղեկություն ունեինք, որ վարչապետի հանձնարարությամբ այսօր ձեզ պետք է «ցանկացած գնով ձերբակալեին», օրվա վերջն է արդեն, կասե՞ք ձեզ հետ որևէ քննչական գործողություն, կամ հրավեր՝ իրավապահ մարմիններ, եղե՞լ է:

-Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:

-Իսկ համախոհների ու գործընկերների հետ ի՞նչ եք քննարկում, քաղաքական բնույթի հարցե՞ր են, թե՞ իրավական:

-Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից: