ԱՄՆ ՄԶԳ 15 միլիոն դոլարն ինչին է ծառայելու՝ խոսքի ազատությա՞նը, թե՞ ազատ խոսքի սահմանափակումներին

ԱՄՆ ՄԶԳ 15 միլիոն դոլարն ինչին է ծառայելու՝ խոսքի ազատությա՞նը, թե՞ ազատ խոսքի սահմանափակումներին

Հունիսի 20-ին պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որը, ըստ իրենց հայտարարության՝ «նպատակ ունի աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը»։ Ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուզ» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։ Հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է, ուստի զարմանալի չէ փողի հոտն առած տարբեր անձանց եւ կազմակերպությունների աժիոտաժը։

«Ծրագիրը հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից նախկինում ֆինանսավորված մի շարք նախաձեռնությունների վրա, որոնք առանցքային դեր են ունեցել ոչ միայն Հայաստանում անկախ լրատվամիջոցների ամրապնդման, այլ նաև մեդիագրագիտության կենսական հմտությունների տարածման գործում: Ամերիկայի ժողովրդի անունից ուրախ եմ տեղեկացնել, որ 15 մլն դոլար գնահատված այս ծրագիրը մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ ամենախոշոր ներդրումն է հայաստանյան մեդիա դաշտում»,- միջոցառման բացմանն ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։ Նման ծրագրեր նախորդ 30 տարիներին շատ են արվել, բայց այդ դրամաշնորհները ոչ թե ռեալ գործող լրատվամիջոցներին են ուղղվել՝ նպաստելով, որ նրանք ավելի արդյունավետ աշխատեն, այլ մեծ խումբ գրանտակերների, որոնք մամուլին աջակցության անվան տակ փողեր են ստանում, գրեթե ոչ մի արդյունք չստեղծելով։ Հակառակը՝ երբեմն էլ հանրային կյանքում բացասական դեր են խաղում, մինչեւ 18 թվականը՝ պայքարելով իշխանությունների դեմ եւ հասունացնելով իշխանափոխություն, իսկ 18-ից հետո՝ աջակցելով նրանց եւ նպաստելով ժողովրդավարությունից այս իշխանությունների արձանագրած նահանջին։

«Ինտերնյուզի համար շատ ուրախալի է Հայաստանում մեկնարկել լրատվամիջոցների համապարփակ աջակցության այս ծրագիրը։ Մենք աշխատելու ենք տարբեր ուղղություններով՝ կայացնելու մեդիա դաշտն ու դարձնելու այն ավելի կենսունակ, զարգացնելու հանրության քննադատական մտածողությունը և մշակելու դաշտի արդյունավետ կարգավորումներ՝ ի նպաստ ողջ հասարակության», - բարձրագոչ բառեր ասաց շնորհանդեսի ժամանակ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը:

Մենք լուրջ կասկածներ ունենք, որ նպատակը, միջոցները եւ իրականացնողները ճիշտ են ընտրված եւ որեւէ նպաստ են բերելու Հայաստանի մեդիադաշտին եւ հանրային տեղեկացվածությանը։

Մենք զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի երկարամյա նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, ով ևս ներկա էր ՄԶԳ-ի կողմից կազմակերպած միջոցառմանը եւ այս ծրագրի եւ ֆինանսական միջոցները բաշխողներից մեկն է:

- Պարոն Նավասարդյան, ի՞նչ ասել է 15 մլն դոլար՝ հայաստանյան մեդիայի զարգացման համար: Ինչպե՞ս եք այդ զարգացումը պատկերացնում, եթե անգամ ֆեյսբուքն է լրատվամիջոցներին տարատեսակ սանկցիաների տակ պահում, հասցնելով ֆինանսական ահռելի վնասներ: Էլ չեմ խոսում իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին։

- Ծրագիրն ունի բազմաթիվ բաղադրիչներ: Կան դասընթացների պատրաստման բաղադրիչներ, կա մեդիագրագիտության բաղադրիչ, կա օրենսդրության բարելավման բաղադրիչ և կա նաև խոսքի ազատության պաշտպանությանը միտված բաղադրիչ` մոնիթորինգ, թե ինչպես են աշխատում, օրինակ, դատավորներն ու մնացյալ պետական կառույցները, արդյո՞ք նրանք խախտում են լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները, թե՞ ոչ: Կան նաև նոր մեդիայի` սոցցանցերի հետ կապված խնդիրներ: Մենք պատրաստվում ենք այս ծրագրի շրջանակներում բարելավել սոցհարթակների հետ աշխատանքը: Փորձելու ենք անել այնպես, որ որևէ սահմանափակումները նախ անցնեն համապետական փորձաքննության` հանրային մակարդակով, հանրային կառույցների միջոցով: Ծրագիրը նաև նախատեսում է անմիջական դրամաշնորհային աջակցություն լրավտամիջոցներին: Լրատվամիջոցներին հատկացվել է երկուական 4 միլիոն դոլար գումար` այդ 15 միլիոնից:

- Ի՞նչ սկզբունքով, ինչի՞ համար եք տալու այդ գումարները:

- Դա ոչ թե ծրագիր իրականացնողների և նրանց գործունեության համար է, այլ հենց լրատվամիջոցների: Լինելու է մրցույթ, հավանաբար այս տարվա վերջին կլինի մրցույթը, կամ 2024-ի սկզբին: Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար:

- Ինչպե՞ս եք պատկերացնում սոցցանցերի հետ ձեր աշխատանքը: Նշում եք, որ պետք է որոշակի քայլեր անեք, որպեսզի այդ հարցը կարգավորվի:

- Կան տարբեր գաղափարներ, քանի որ արգելափակվում են կոնկրետ բառերի, անունների համար, մենք կարծում ենք, որ շատ կարևոր կլինի, որ Հայաստանում ձեւավորվի մի կառույց, որը լիազորված կլինի անմիջական կապ հաստատել սոցիալական ցանցերի ադմինիստրացիաների հետ: Սահմանափակումները պետք է ստուգվեն ազգային մակարդակով: Պետք է համախմբված մոտեցում այդ առումով:

- Օրենսդրական բարելավման արդյունքում մենք տեղեկացանք, որ նախատեսվում է լրագրողների անանուն աղբյուրների բացահայտում: Սա չի՞ հակասում ազատ խոսքին: Խոսվում է լրագրողների լիցենզավորման մասին։ Իշխանությունը որոշել է ճնշել լրատվադաշտին՝ նաեւ ձեր մասնակցությամբ։

- Անանուն աղբյուրի հետ կապված նախաձեռնությունը նաև մեր նախաձեռնությամբ արգելափակվել է: Խոսք չի կարող լինել լրագրողական լիցենզավորման մասին, այդպիսի նախաձեռնություն չեմ հիշում, բայց եթե լինի մենք կպաշտպանենք լրագրողներին և խոսքի ազատությունը: Մեր ծրագիրը զբաղվելու է օրենսդրական դաշտով և թույլ չի տալու, որպեսզի լրատվական դաշտի ազատականացման դեմ գործողություններ իրականացվեն:

- Դուք նշում եք, որ խոսքի ազատությունն ամենակարեւորն է, սակայն այս ծրագրի իրականացնողներից մեկը Մեդիանախաձեռնությունների կենտրոնն է, որին պատկանող media.am կոչվող կայքը գրանտներ է ստանում և անում է ճիշտ հակառակը՝ նպաստելով ֆեյսբուքում լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներին: Իշխանություններին քննադատող լրատվամիջոցները 2 տարի առաջ՝ ընտրությունների շրջանում այս կայքի թիրախում էին հայտնվել, որն իրեն գրաքննիչի կարգավիճակ էր շնորհել: Ըստ էության նման ծրագրերը դառնում են իշխանության ձեռքին գործիք` ազատ խոսքը լռեցնելու համար:

- Ձեր տեսակետը սուբյեկտիվ է: Media.am-ը չունի ազատ խոսքը լռեցնելու լիազորություններ:

- Դեպքեր եղել են եւ անգամ դատավարություն է եղել:

- Նրանք, ինչպես շատերն անդրադառնում են այն խնդիրներին, որոնք կապված են լրատվական դաշտի գործունեության հետ: Նրանք ևս կարող են սխալվել, չեմ բացառում: