Մոսկվայում խոշոր ահաբեկչություն է կանխվել. օգնել են թուրքերը

Մոսկվայում խոշոր ահաբեկչություն է կանխվել. օգնել են թուրքերը

Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են ռուս գործընկերներին և օգնել կանխել Մոսկվայում երկրորդ ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգային սրահի վրա հարձակումից հետո: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Hurriyet թերթի մեկնաբան Հոնդե Ֆիրատի խոսքով՝ համերգասրահի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը պատրաստվում էր հարձակվել լեփ-լեցուն առևտրի կենտրոնի վրա:

«Թուրքական հետախուզությունը կանխել է այս երկրորդ խոշոր ահաբեկչությունը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ»,–նշված է հրապարակման մեջ:

Ավելի վաղ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաստատել է ուկրաինական ռազմական հետախուզության մասնակցությունը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը:

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին. հարձակվողներն ինքնաձիգից կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը: Զոհվել է 145 մարդ, տուժել են ավելի քան 550-ը։

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 4 ենթադրյալ կատարող՝ Մուրոդալի Ռաչաբալիզոդուն, Շամսիդին Ֆարիդունին, Դալերջոն Միրզոևը և Մուհամմադսոբիր Ֆայզովը, ինչպես նաև հանցագործության 8 մասնակից: