Ինչպե՞ս «Գորշ գայլերը» կարողացան Քյոլնի Հայոց Ցեղասպանության հուշարձանի ապամոնտաժմանը հասնել

Ինչպե՞ս «Գորշ գայլերը» կարողացան Քյոլնի Հայոց Ցեղասպանության հուշարձանի ապամոնտաժմանը հասնել

Լրատվամիջոցներով լուր տարածվեց այն մասին, որ մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված թուրքական «Գործ գայլեր» խմբավորումը կարողացել է հասնել նրան, որ Քյոլնում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը ապամոնտաժվի։ Հաղորդվում էր, որ հուշարձանը ապամոնտաժելու մասին հրամանը ստորագրել էր Քյոլնի քաղաքապետը։

Այս տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։

«Այո, քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ պետք է ապամոնտաժվի արձանը մինչև տարվա վերջ։ Չնայած կոնկրետ օր չի նշվում, բայց կա այդ որոշումը։ Ինչ վերաբերվում է «Գորշ գայլերին», ապա նրանց դերակատարությունը կա, բայց միայն իրենցով չի կատարվում սա։ Երկար պատմություն է, բայց իհարկե հիմնականում «գորշ գայլերը» չեն անում սա, նաև Գերմանիայի որոշ քաղաքական շրջանակներն են հետաքրքրված։

Հիմնականում, սակայն, սա Թուրքիայի քաղաքական իշխանության կողմից է կարգավորվում։ «Գորշ գայլերն» այդքան լծակներ չունեն, թուրքական պետությունը աջակցում է այստեղի կրոնական միություններին, և դրանց միջոցով է այս ամբողջը կոորդինացվում»,-ասաց Լուլուկյանը։

Հուշարձանը տեղադրվել է «Ցեղասպանության հիշողություն» կոչվող նախաձեռնության կողմից, որոնց կազմում հիմնականում ազգությամբ գերմանացիներ են, կա նաև ազգությամբ հայ։ Սակայն, վերջիններս 2017 թվականին քաղաքապետարանից իրավունք չեն ստացել այս հուշարձանի տեղադրման համար։

«Տարբեր դատական պրոցեսներ են գնացել, դիվանագիտական խողովակներով փորձել են ընդդիմանալ, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի»,- տեղեկացրեց Լուլուկյանը։