«Հրապարակ». Ինչից է մահացել էջմիածինցի աշակերտը

«Հրապարակ». Ինչից է մահացել էջմիածինցի աշակերտը

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցի 15-ամյա աշակերտը համադասարանցիների կողմից ծեծի է ենթարկվել, ապա օրեր անց հիվանդանոցում մահացել: Մենք տեղեկացանք, որ մինչ այժմ որեւէ մեկը չի կալանավորվել, իսկ ծեծն իրականացրած աշակերտները չեն պատժվել:

Էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ աշակերտին որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, աշակերտների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին, եւ միայն օրեր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ մահացել է: Տնօրենը նշում է, որ տարածվող լուրերն այն մասին, թե աշակերտը ծեծի է ենթարկվել, չեն համապատասխանում իրականությանը: Նրա պնդմամբ` աշակերտի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ դպրոցում առկա տեսախցիկները ֆիքսել են, որ պարզապես քաշքշուկ է տեղի ունեցել, այլ ոչ թե ծեծկռտուք: 

Թե ինչ զուգադիպությամբ է 15-ամյա աշակերտն այդ միջադեպից հետո մահացել, տնօրենը չգիտի, սակայն մեզ վստահեցնում է, որ մահվան պատճառն առողջական խնդիրներն են եղել։ «Երկու շաբաթ առաջ մի միջադեպ է տեղի ունեցել, երեխան անվնաս, ոտքով` թռչկոտելով, դպրոցից տուն է գնացել: Սոցցանցերում շահարկվողն անճշտություն է եւ իրականության հետ ոչ մի կապ չունի: Կա դատաբժշկական փորձաքննություն, երեխայի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Եղել է քաշքշոց, որպես այդպիսին, աշակերտը ծեծի չի ենթարկվել: Ընդամենը իրար են քաշքշել»,- նշում է տնօրենը: Այսինքն` պնդում եք, որ երեխան առողջական խնդիրնե՞ր է ունեցել,- հարցրինք մենք։ «Այո, մնացածը թող քննչական բաժինն ասի»,- նշեց նա: 

Համացանցում լուրեր են պտտվում, թե միջադեպի մասնակիցներից մեկի հայրը հայտնի բժիշկ է։ Տնօրենն ասում է. «Դրանք սուտ ու փութ լուրեր են, որեւէ աղերս չունեն իրականության հետ: Ֆիզկուլտուրայի դասի ժամանակ` 20-30 վայրկյանի ընթացքում միջադեպ է եղել: Հետուառաջ ենք տալիս, որ տեսնենք՝ երբ իրար կպան, երբ բաժանվեցին: Ուսուցիչը նրանց կողքին է եղել, բաժանել է նրանց: Քաշքշուկը, բոլոր տրամաբանություններով, չէր կարող լինել երեխայի հիվանդության պատճառը, ինչի մասին կասի դատաբժշկական փորձաքննությունը»: Այնուամենայնիվ, քաշքշուկ տեղի է ունեցել, այն էլ՝ դասի ընթացքում։ «Ծեծկռտուք չի եղել: Աշակերտը դրանից հետո երեք ժամ դասի է նստել: Օրեր անց է առողջական վիճակը վատացել, ինչի մասին ես իրավասու չեմ խոսել: Շահարկումներ են անում անգրագետ եւ անփույթ ձեւով, ասում են՝ ծեծել են, անգիտակից վիճակով տարել են հիվանդանոց, բայց ոչ, նման բան տեղի չի ունեցել»,- ասում է տնօրենը։ Դպրոցը չունի՞ տեսուչ: Դեռ տարիներ առաջ որոշվեց, որ դպրոցներում պետք է ոստիկաններ լինեն նաեւ։ «Դպրոցին անչափահասների բաժնից տեսուչ է կցված, տեսուչը սերտ համագործակցում է` մեկ մեր դպրոցում է, հետո՝ այլ դպրոցում, այս աղմուկի վրա նաեւ անչափահասների բաժնից են այցելել դպրոց, տեսագրությունները տեսել են: Մեր դպրոցում բազմաթիվ տեսախցիկներ կան, բոլոր տեսանյութերը տարել են, անզեն աչքով անգամ երեւում է, որ երեխան մարմնական վնասվածք չի ստացել, մասնակցել է դասերին եւ վազքով դպրոցից դուրս է եկել` աստիճանները լոք-լոք անելով»,- նշեց մեր զրուցակիցը:

Առհասարակ, դպրոցում ի՞նչ աշխատանք է տարվում դեռահասներին նման իրավիճակներից հնարավորինս զերծ պահելու, նրանց հույզերը զսպելու, կոնֆլիկտները կանխելու համար։ «Եթե 20-30 րոպեների ընթացքում ուսուցիչը, ուսուցչի օգնականը տեղում են լինում, հաշտեցնում են: Դպրոցում գործում է սոցմանկավարժության ինստիտուտ` դասղեկականի փոխարեն: Մեծ աշխատանք է տարվում երեխաների հետ, բայց նրանք տներից գալիս են ագրեսիվ, գալիս են համապատասխան մշակույթով մեծացած, իրենց թույլ են տալիս հայհոյել, իրենց թույլ են տալիս ագրեսիա դրսեւորել: Մենք, իհարկե, այդ ամենի դեմ աշխատանքներ ենք տանում` ողջ օրվա ընթացքում: Դպրոցում վերահսկողական աշխատանքներ են տարվում: Բոլոր կողմերով փորձում ենք աշակերտների սոցիալականացումն ապահովել»: 

Միջադեպի մասնակից աշակերտները որտե՞ղ են այժմ, նկատողություն ստացե՞լ են, գուցե դպրոցից հեռացվե՞լ են։ «Հեռացում չի կարելի օրենքով, իսկ նկատողություն տվել ենք, իհարկե: Անկեղծ ասեմ, նաեւ այն աշակերտին, որին կորցրել ենք, որովհետեւ ինքն է հրահրել: Երեխայի վրա ոչ մի բռնության հետք ամեն դեպքում չի եղել, թոքերն են ախտահարված եղել, այդ ես չէ, որ պետք է ասեմ, թող բժիշկներն ասեն: Մենք ծանր ողբերգություն ենք ապրում երեխայի կորստի համար, ցավոք, երեխան արդեն չկա»,- եզրափակեց Էջմիածին քաղաքի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել, առաջինը` Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 5-րդ կետով (Մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը), երկրորդը` Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քննչականից մեզ հետ զրույցում նշեցին, որ նախաքննություն է իրականացվում` պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի եւ մահվան միջեւ պատճառական կապի առկայությունը։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։