ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին

Նախորդ ընտրությունները Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում անցան աղմկոտ, մի քանի ուժ հաղթահարեց անցողիկ շեմը, բայց նրանցից ոչ մեկը որակյալ մեծամասնություն չունեցավ։ Նաեւ կոալիցիա չկարողացան կազմել, ավագանու ոչ իշխանական անդամներից մեկին համոզեցին, մի նիստ արեցին, սակայն ՔՊ-ի թեկնածուն այդպես էլ չկարողացավ անցնել իր պարտականությունների կատարմանը, եւ ստիպված եղան համայնքապետի ԺՊ-ին «հրաժարեցնել» ու գնալ նոր ընտրությունների: Ահա, նոր ընտրությունները նշանակված են մարտի 26-ին, եւ Սիսիանը պատրաստվում է դրանց:

Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։ Մենք փորձեցինք պարզել, թե կոնկրետ որ ուժերն են մասնակցելու Սիսիանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եւ, վերջապես՝ ի՞նչ տրամադրություններ են այժմ Սիսիանում: Նկատենք, որ կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 9-19-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ ընտրություններում «Զարգացող համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Մհեր Ազոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այժմ ընտրություններին մասնակցելու է, սակայն ոչ թե դաշինքով, այլ «Քաղաքացու որոշում» կուսակցությամբ. «Կուսակցության 7-րդ համարն եմ զբաղեցնում, առաջին համարը զբաղեցնում է Սիսիանի «ՎՏԲ» բանկի կառավարիչ Ավագ Ասատրյանը: Իշխանություններն ունեն բավականին մեծ ռեսուրսներ, սակայն կարծում եմ, այս անգամ կրկին 50+1 տոկոս չեն կարողանա հավաքել: Ընդդիմադիրներից Սիսիանում ակտիվացել է ՀՀԿ-ն: Ջիվան Մարգարյանն, ով Սիսիանի ՀԷՑ-ի տնօրենն է, դրանից առաջ էլ Սիսիանի ՀՀԿ-ի ղեկավարն էր, առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, գուցե ընդդիմությունը խաղից դուրս է եկել Հանրապետականի թեկնածուի համար, թե այլ է պատճառը: Մենք հանդես ենք գալու նոր թիմով, նոր կազմով: «Ապրելու երկիրը», որքանով տեղյակ եմ, այս ընտրություններին չի պատրաստվում մասնակցել: Քննարկումներ են անում, սակայն, կարծես, որոշել են ընտրություններին չմասնակցել: Քաղաքական դաշտը վերջին 4 օրվա ընթացքում է որոշել, թե ինչ անել: Մենք էլ էինք որոշել չմասնակցել, սակայն խմորումներից հետո որոշեցինք մասնակցել: Իշխանությունները բոլոր ժամանակներում էլ մեծ հնարավորություններ ունեն, սակայն 50+1 տոկոս ձայն, չեմ կարծում, թե հավաքեն», - նշեց նա:

Մեր այն հարցին, թե ե՞րբ է մեկնարկում նախընտրական քարոզարշավը, Ազոյանն ասաց. «Մարտի սկզբին հավանաբար կմեկնարկի քարոզարշավը»: