«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ասում էր, որ ռուսները Շահրամանյանի հետ կհամագործակցեն

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն ասում էր, որ ռուսները Շահրամանյանի հետ կհամագործակցեն

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի իշխող կուսակցության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավոր Նելլա Գրիգորյանն է:

- Արցախը հայաթափվեց, արցախցիները տեղափոխվեցին Հայաստան, որտե՞ղ եք Դուք այժմ, ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այս ծանր փորձությունը:

- Ես հիմա աղջկաս տանն եմ` Հայաստանում, հինգ հոգով ապրում ենք մեկ սենյականոց տան մեջ…. աղջիկս մի սենյականոց ուներ, ես տուն չունեմ:

- Այսօր արցախցիները ստացան փախստականի կարգավիճակ: Սա լա՞վ է, թե՞ վատ:

- Ճիշտն ասած, դեռ ոչ մի բանից տեղյակ չեմ, Փաշինյանի ելույթն եմ լսել, պետք է մերոնց հետ հանդիպեմ, նոր կարծիք ասեմ: Նախ պետք է հասկանալ, թե դա ինչ կարող է տալ մեզ, գուցե լավ է, գուցե` վատ:

- Այս ընթացքում պետական աջակցությունից օգտվե՞լ եք:

- Միայն այդ 100 հազար դրամը, ուրիշ ոչ մի բան: Ամաչում եմ, գնամ ասեմ՝ ի՞նչ տվեք` բրինձ ու լոբի՞:

- Ինչո՞ւ ամեն ինչ այսպես եղավ, ինչո՞ւ Արցախը կորցրինք, եւ վերջապես` ի՞նչ անել այսօր:

- Ես ուզում եմ, որ իմ Արցախը մնա, մնա իր ամեն ինչով, իր կառույցներով ու ինստիտուտներով, բայց ոնց տեսնում եմ, ամեն ինչ չեզոքացնում են ու չեն ուզում, որ մնա: Իմ հայրենիքը պետք է գոյատեւեր, գուցե մի ինչ-որ շրջանում այն կարողանանք նորից հետ բերել: Ցավոք, հակառակն եմ տեսնում: Ամեն բան ցիրուցան են անում: Մեզ ոչ մեկին այստեղ աշխատանքի չեն վերցնում ընդհանրապես, բացառությամբ մասնավոր ընկերություններից: Պետական ոչ մի աշխատանք: Ոչ մի պետական աշխատող այստեղ` Հայաստանում, դեռեւս աշխատանքի չի ընդունվել: Չեմ ասում՝ մարդիկ գնան, առաջին դեմքեր դառնան, բայց գոնե պետք է մի սովորական աշխատանք ունենան, որպեսզի ապրեն:

- Դուք ի՞նչ աշխատանք կցանկանաք:

- Ես իմ մասին չեմ խոսում: Ես արդեն թոշակառու եմ, տարիքս առել եմ, բայց մեր ժողովուրդն ինձ է դիմում: Մարդիկ որեւէ աշխատանք չեն կարողանում գտնել: Ես բոլոր արցախցիների համար եմ մտահոգված, խնդիրը ես չեմ:

- Արցախի Հանրապետությունը լուծարվելու է 2024 թվականի հունվարի 1-ից, բայց արդեն իսկ մարդիկ զրկվել են աշխատավարձերից, թոշակներից ու նպաստներից: Ինչո՞ւ:

- Դեռեւս մեր նախագահի` Սամվել Շահրամանյանի հետ չեմ հանդիպել, այդ մասով ոչինչ չգիտեմ: Բարդ է ասելը, թե ինչով է դա բացատրվում:

- ՀՀ իշխանությունն ինչո՞ւ է Արցախի պետական կառույցները ցանկանում լուծարել: Դա ինչո՞վ է խանգարում նրանց:

- Կարծում եմ` այդ հարցի պատասխանները Դուք ինձնից լավ գիտեք: Ամեն ինչ շատ պարզ է: Ես սպասում եմ Սամվել Շահրամանյանի խոսքին: Սպասենք՝ խոսի, ըստ այդմ՝ ամեն ինչ կհասկանանք:

- Հայաստանի իշխանությունները եւ որոշ շրջանակներ հայտարարում են, որ Սամվել Շահրամանյանն է հանձնել Արցախը, նա է ամեն ինչում մեղավոր: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

- Ոչ, ինչպե՞ս կարող եմ կիսել: Ո՞նց կարող է Սամվել Շահրամանյանն Արցախ հանձնել, մեզ նման մի փախստական էլ նա է: Սամվել Շահրամանյանն ուզում էր Արցախը փրկել, բայց նրան ընդամենը երկու ժամ ժամանակ են տվել. նրան սպառնացել են թուրքերը, որ եթե Արցախը չլուծարվի, տեռորիստական օպերացիա է սկսվելու: Ղեկավարն այդ պարագայում ի՞նչ կարող էր անել: Ի՞նչ լուծում տար՝ մեզ փրկելու համար: Այնպես որ, Շահրամանյանը գործել է սպառնալիքի տակ, նա ոչ մի բանում մեղավոր չէ:

- Իսկ ինչո՞ւ նա իշխանությունը վերցրեց՝ վերցնելով պատասխանատվությունն իր վրա, նաեւ այս սարսափելի շրջանի ողջ պատասխանատվությունը:

- Արայիկ Հարությունյանն ասում էր, որ ռուսներն իր հետ չեն համագործակցում: Պատճառը դա էր: Ռուսները Հարությունյանի հետ չէին ուզում համագործակցել, բայց կարծիք կար, որ եթե Շահրամանյանը լիներ նախագահ, իրավիճակը կփոխվեր, ամեն ինչ լավ կլիներ: Արայիկ Հարությունյանը մեզ ասել է, որ ամեն ինչ դեպի լավը կփոխվի, երբ ինքը հրաժարական ներկայացնի: Նա կարծում էր, որ ռուսները Շահրամանյանի հետ կհամագործակցեն, ու ամեն ինչ մեզ համար լավ կլինի: Մենք ընտրեցինք Շահրամանյանին, եւ եղավ հակառակը:

- Արցախցիները Շահրամանյանի դեմ ակցիա էին իրականացնում, նրան մեղադրում Արցախը հանձնելու մեջ:

- Ես նրանց կասեմ, որ սխալ են, չի կարելի: Շահրամանյանը տասը օրվա ղեկավար է: Նա ուզում էր մեզ հանել ծանր վիճակից, բայց ստացվեց այսպես: Ի վերջո, մարդիկ սովամահ էին արդեն լինում, ժողովրդի երեսին էլ հալ չկար: Ի՞նչ աներ Սամվել Շահրամանյանը:

- Արայիկ Հարությունյանը եւ նախկին նախագահները հայտնվեցին գերության մեջ: Ինչո՞ւ, ի՞նչ էր արել նա:

- Ես ոչինչ չգիտեմ, միայն գիտեմ, որ Արայիկ Հարությունյանը շատ հայրենասեր մարդ էր, ոչ մի վատ բան նրա մասին չեմ կարող ասել: Նա չէր ցանկանա, որ ամեն ինչ այսպես լիներ: Նա էլ մեզ նման խաբված էր ռուսների կողմից…