Քաղաքապետարանում լարված ու ճամպրուկային մթնոլորտ է

Քաղաքապետարանում լարված ու ճամպրուկային մթնոլորտ է

Երեւանի քաղաքապետի պաշտոնից Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում լարված ու սպասողական վիճակ է։ «Վերեւից» հրահանգ է իջել՝ քաղաքապետարանը «մաքրել» Մարությանի կադրերից, ջնջել նրա հետքերը, բառի բուն իմաստով՝ կադրային ջարդ իրականացնել։ Իշխանությունը շատ ծանր է տարել նրա հրաժեշտի ելույթը եւ հասկացել, որ Մարությանն ավելի ծանր հարված հասցրեց իրենց, քան բոլոր նախորդ ազատվածները։ Վերջինս ամենաբարձր պաշտոնյան էր նրանց մեջ, ամենաերկարն է դիմացել, ամենից տեղեկացված անձանցից է եւ, թերեւս, ավելի բարձր հեղինակություն ունի, քան նախորդ հեռացածները։

Եվ այսպես․ Երեւանի քաղաքապետարանում սկսվել են ստալինյան «չիստկաները»՝ զտումներ։ Մարությանի ամենամերձավոր կադրերը նրա հեռանալուց հինգ րոպե անց սեփական նախաձեռնությամբ ազատման դիմումներ են գրել՝ թերեւս վախենալով, որ իշխանությունն իրենցից կազատվի իր որդեգրած հին ու բարի ճանապարհով, նաեւ քրեական գործեր կհարուցվեն, կհայտնվեն իշխանության թիրախում եւ այլն։ Առաջին ծիծեռնակներից մեկը քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն է, որը Մարությանին անվստահություն հայտնելուց րոպեներ անց Ֆեյսբուքում հրապարակեց իր հեռանալու մասին լուրը, ինչը լրատվական դաշտում բավականին մեծ ցնծությամբ ընդունվեց, քանզի նա ամենավատ աշխատող խոսնակներից էր եւ հայտնի էր իր անզուսպ բառապաշարով ու անկախ լրագրողներին եւ լրատվամիջոցներին թիրախավորելու սովորույթով։ Սակայն քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, ով Մարությանի մտերիմներից է, դեռեւս հապաղում է։ Նա այնքան չի ասոցացվում Մարությանի հետ, որքան Կարապետյանը, ուստի կարող է հույս ունենալ, որ կմնա եւ կշարունակի աշխատել։ 

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին հեղափոխական արժեքներից հեռանալու մեջ մեղադրող Մարությանը 2018-ից ի վեր Երեւանի քաղաքապետարանում ամենաբարձր եւ յուղոտ պաշտոններին էր տեղավորել իր մտերիմներին, մանկության ընկերներին, նույնիսկ մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել է շոու-բիզնեսում։ Ավագանու նիստում ՔՊ խմբակցության ղեկավարը հաստատում էր տարիներ շարունակ մեր գրած տեղեկությունները, որոնք ժամանակին հերքում էին։ Օրինակ այն, որ նա տան «պրարաբին» է պաշտոնի նշանակել, կամ Մարությանի կինը մեծ ազդեցություն ունի որոշումների կայացման վրա եւ անգամ երբեմն աշխատանքային խորհրդակցությունների է մասնակցում։

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, օրինակ, քաղաքապետ Մարությանի մտերիմ ընկերն է, հանրահայտ «Սուպեր մամա-2» ֆիլմի պրոդյուսերը։ Նա ավագանու անդամ է դարձել «Իմ քայլի» ցուցակով։ Երեկվա դրությամբ փոխքաղաքապետը դեռ իր «տեղում» էր, նա չի շտապում ինքնակամ լքել քաղաքապետարանը, իշխանությունը, ըստ էության, թանկ է ընկերությունից։ Թեեւ շատերը սպասում էին, որ առաջին հեռացողներից մեկը նա է լինելու։

Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, ով, Գալջյանի ասած՝ Հյուսիսային պողոտայում Մարությանի բնակարանի վերանորոգման աշխատանքների «պրարաբն» է եղել։ Հարությունյանը քաղաքապետարանում աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, որտեղ մինչ այդ աշխատել է որպես հիմնական միջոցների շինարարության, վերանորոգման եւ վերակառուցման կազմակերպման գլխավոր մասնագետ: Վերջինիս ազգական Կարեն Հարությունյանը, որն արդեն նախկին քաղաքապետ Մարությանի օգնականն է, եւս ճամպրուկային տրամադրությունների մեջ է։
Մարությանի ընկերն է նաեւ քաղաքապետի խորհրդական, Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Դավիթ Ճգնավորյանը։ Մյուս ընկերները՝ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, ովքեր Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռեւս 2019-ին են աշխատանքի անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։

Մարությանի հետ հեռացել է նաեւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Արմեն Բեգունյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա մարտին։ Նրա նշանակման ժամանակ ծագած աղմուկին մենք ժամանակին անդրադարձել ենք, Բեգունյանը Երեւանի խոշոր գծերից մեկի տնօրենն է, որի մեծ պարտքերը քաղաքապետարանին՝ 240 մլն դրամ, նախկին տնօրենի միջնորդությամբ «ջրվել» էին։ Մարությանի մտերիմներից է նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը, ով եւս գործող իշխանությունների «սեւ ցուցակում» է։

2020թ. սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստում նշանակված` ֆինանսական գծով փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի հետ Հայկ Մարությանը, ըստ մամուլի, ծանոթացել է իր մեդիա պրոյեկտներից մեկի շրջանակներում, որի ֆինանսական հարցերի մի մասով զբաղվում էր հենց Ներսիսյանը: Ի դեպ, վերջինիս նախաձեռնությամբ էր, որ  քաղաքապետարանի պարգեւատրումների ֆոնդը եւ տոնական միջոցառումներին հատկացվող բյուջեն վերանայվեց՝ արդյունքում երկուսն էլ կրճատվեցին: 

Քաղաքապետարանի մեր աղբյուրները չեն բացառում նաեւ կոմունալ տնտեսության վարչության պետի փոփոխություն, Կենտրոնի եւ Արաբկիրի թաղապետերի, ինչպես նաեւ Մարությանի ընկերոջ՝ Կենտրոնի փոխթաղապետ Նիկոլայ Սարիբեկյանի հեռացումը։
Այսպիսով՝ Մարությանը, որը մեղադրում է իշխանություններին «հեղափոխական արժեքներից» շեղվելու հարցում, պարզվում է՝ նրանցից հետ չի մնացել եւ առաջնորդվել է հին ու բարի ավանդույթներով՝ իր ղեկավարած հիմնարկը դարձնելով ծանոթ-բարեկամ-խնամի-ընկերների աշխատատեղի։

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին եւ քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին: Նախ շնորհավորել է Սարգսյանին՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելու առիթով, եւ «շնորհակալություն հայտնել Երեւանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար»: Վարչապետի գնահատմամբ, Հայկ Մարությանին հեռացնելով՝ իրենք «ինստիտուցիոնալ խնդիր» են լուծել: Ասել է․ «Երեւանում 2018-ի աշնանից սկսած՝ իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, եւ քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է․․․ կարեւորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով․․․ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է:

Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երեւանի քաղաքապետի, ավագանու եւ քաղաքական մեծամասնության միջեւ: Շատ կարեւորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետեւ այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարեւոր է: Ուզում եմ ասել, որ մինչեւ օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երեւանի քաղաքապետարանին, եւ այսուհետ եւս այդ աջակցությունը պիտի շարունակվի․․․ Պիտի իմանաք, որ ունեք կառավարության եւ իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնակությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երեւա երեւանցիների կյանքում»: