Ասել եմ՝ ոստիկանները պիտի պատժվեն ու դուրս եմ եկել․ զոհվածի հայրը՝ Վահե Ղազարյանի հետ հանդիպման մասին

Ասել եմ՝ ոստիկանները պիտի պատժվեն ու դուրս եմ եկել․ զոհվածի հայրը՝ Վահե Ղազարյանի հետ հանդիպման մասին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պայմանավորվածության համաձայն, այսօր` հունվարի 26-ին հանդիպել է «Եռաբլուրում» կարմիր բերետավորների քաշքշուկից տուժած ծնողների հետ։ Նրա խոսնակ Նարեկ Սարգսյանը շատ մանրամասներ չհայտնելով հանդիպման մասին, միայն ասաց, որ հանդիպումը կայացել է։ Չնայած նախօրեին տեղեկացրել էինք, որ ծնողների մի մասը հրաժարվել է գալ հանդիպման: Մանավանդ ոստիկանների նկատմամբ հարուցված գործի կարճումից հետո հանդիպումն իմաստ էլ չուներ:

«Հրապարակը» պարզեց, որ Ղազարյանի հետ հանդիպել է միջադեպի օրը բերման ենթարկված զոհվածների ծնողներից նաեւ Բագրատ Ուզունյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ անդրադարձել են կարմիր բերետավորների կողմից զոհվածների ծնողների բռնության ենթարկելու դեպքերին։ 

«Հանդիպման ժամանակ խոսել ենք սեպտեմբերի 21-ի միջադեպից, ասել եմ, որ գործը չպետք է այդ ձեւով փակվեր, ոստիկանները պիտի պատժվեին, որովհետեւ ուժ են գործադրել մեր նկատմամբ։ Վահե Ղազարյանից իմացա, որ գործը վերաբացվել է։ Շատ երկար չեմ մնացել, իմ ասելիքը ասել եմ ու դուրս եմ եկել»,-պատմեց զոհվածի հայրը։

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ներկայացված բողոքը եւ վերացրել ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը։ Նշենք, որ 
ծնողների բողոքների հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, սակայն ավելի քան մեկ տարվա քննությունից հետո վարույթն իրականացնող մարմինը գործը կարճել էր՝ «հանցակազմի բացակայության» հիմքով։

Ավելի վաղ գրել էինք, որ Եռաբլուրում կարմիր բերետավորների եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների միջեւ տեղի ունեցած միջադեպից երկու տարի անց` ասուլիսում ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն «ափսոսանք» էր հայտնել կատարվածի կապակցությամբ եւ ծնողներին հանդիպման առաջարկ էր արել։ Եռաբլուրում բռնությամբ բերման ենթարկված «Որդիների կանչ» ՀԿ-ի ծնողները մի քանի օր մտածելուց հետո մեզ հայտնել էին, որ հրաժարվում են հանդիպման առաջարկից։ Հայտարարության մեջ գրել էին, որ մերժում են «այս իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ»։ 

«Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության եւ հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են: «Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ եւ ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»,- կոլեկտիվ որոշում կայացնելուց հետո նման բովանդակությամբ հայտարարություն էին տարածել ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Հրապարակ»-ը պարզեց, որ հանդիպման առաջարկ է արվել զոհվածների ծնողներից շուրջ 20 անձի, որոնց մի մասն ընդունել է առաջարկը, մյուս մասը` հրաժարվել։ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից հետաքրքրվել էինք, թե ինչու միջադեպից միայն երկու տարի անց Վահե Ղազարյանը ծնողներին տեսնելու ցանկություն հայտնեց, եւ ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ նախարարի հետ հանդիպման առաջարկը մերժվեց շատերի կողմից։ «Հարգանքով ենք մոտենում հանդիպման առաջարկը մերժած ծնողների որոշմանը։ Թե ինչու նախարարը հիմա որոշեց հանդիպման առաջարկ անել, ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ դեռ հանդիպումը չի կայացել, այն տեղի կունենա հունվարի 26-ին։ Կան ծնողներ, ովքեր ընդունել են առաջարկը»,- ասել էր Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հայտնի միջադեպը տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերի 21-ին։ Զոհվածների ծնողները գիշերվանից Եռաբլուրում էին, որպեսզի արգելեն Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։ Առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նախքան Փաշինյանի ժամանելը, ոստիկաններն ուժի գործադրմամբ բացեցին ՔՊ-ականների ճանապարհը՝ բերման ենթարկելով անգամ մայրերին, ինչը մեծ աղմուկի տեղիք տվեց եւ ստիպեց, որ վարույթ հարուցվի, որն էլ մեկ տարի քննելուց հետո կարճեցին, քանի որ թեման հանրային տիրույթում մոռացության էր մատնվել: