Ծանր է Մոնոմախի գլխարկը

Ծանր է Մոնոմախի գլխարկը

Բոլորս դյուրագրգիռ ենք դարձել, եւ դա բնական է՝ բնականոն կյանքը դուրս է եկել իր շավղից։ Իսկ ցանկացած անորոշություն մարդկանց նյարդայնացնում է, հունից հանում։ Այդ առումով բոլորս ծանր վիճակում ենք, եւ հատկապես ծանր վիճակում են իշխանավորները։ Բայց որքան հասարակական լարումը մեծանում է, եւ մենք դառնում ենք նյարդային, այնքան մեծանում են իշխանություններից մեր պահանջները։ Այո, հենց իշխանությունը պետք է կազմակերպի էքստրեմալ վիճակներում երկրի բնականոն գործունեությունը, պաշտպանի մարդկանց, երկիրն այնպես կառավարի, որ չավելանա այս վարակից ու այս վիճակից տուժողների քանակը։ Հակառակը՝ հենց պետության, իշխանությունների ջանքերով պետք է վարակը հաղթահարվի, վտանգը վնասազերծվի։ Բայց օպերատիվ կառավարման եւ համաճարակի հաղթահարման գործընթացը կազմակերպելու պահանջին զուգահեռ, մենք այլ պահանջներ էլ ունենք իշխանություններից։

Օրինակ, որ այս ծանր փուլում դադարեցնեն թշնամիների փնտրտուքը, ներիշխանական ինտրիգները, մի կողմ դնեն նեղ-ճղճիմ կրքերն ու վեճերը, ու ամենակարեւորը՝ խնայեն մեր նյարդերը եւ ավելորդ լարում չառաջացնեն երկրում։ Իսկ դրա համար նախեւառաջ պետք է իշխանության բարձր օղակներում գտնվողները հանդարտվեն եւ խաղաղ հռետորաբանություն որդեգրեն։ Խոսքը, բնականաբար, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի մասին է, ում սկսել է նյարդայնացնել ամեն ինչ․ այն, թե ինչ են մարդիկ իրենցից ակնկալում, այն, թե ինչ են խոսում եւ գրում, այն, թե ինչպես են ապրում ու աշխատում, անգամ այն, թե մարդիկ ինչ են մտածում եւ ինչ են զգում։ Նյարդայնանում է, որ երկրում կան աղքատ մարդիկ, որ կան իր նման չմտածողներ, որ կան իրենից հիասթափվածներ, որ իրեն կուրորեն չեն հավատում, որ չեն մտածում, որ ինքն ազնվության տիպար է եւ վարչապետի իդեալ։