Քաղաքականություն

«Հրապարակ»․ Գուցե այդ տեղեկությունները ոչ թե ԱԱԾ-ն, այլ ոստիկանությո՞ւնն է տրամադրել

«Հրապարակ»․ Գուցե այդ տեղեկությունները ոչ թե ԱԱԾ-ն, այլ ոստիկանությո՞ւնն է տրամադրել

Երեկ՝ լուսաբացից սկսած, Նիկոլ Փաշինյանն ու կինը մտել են Ֆեյսբուք՝ ողջ հոգեւոր դասին, հավատացյալ հայ ժողովրդին, բոլոր կիրթ մարդկանց հերթական շոկը պատճառելու ծրագրով։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի անհասցե մեղադրանքը՝ ուղղված ոմն սրբազանի, որի, իր խոսքով ասած՝ «քեռակնոջը դոմփելու» փաստը երեկվա ամենակարեւոր թեման էր, եւ հարկավոր էր հանրայնացնել, բառի ուղիղ եւ լայն իմաստով շոկ առաջացրեց հանրության շրջանում: Մարդիկ այնքան չէին հավատում իրենց աչքերին, որ մտնում՝ կրկնակի ստուգում էին, ապա հետաքրքրվում՝ կարո՞ղ է էջը կոտրել են։ Փաշինյանի ֆեյսբուքյան այդ գրառումը հազարավոր բարկության նշանի եւ շատ քիչ լայքերի էր արժանացել, մի քանի հազար ամոթանքի ու պարսավանքի խոսքեր էին գրել օգտատերերը՝ զարմանալով, որ այս աստիճանի ցածր մակարդակի տեր մարդ է երկիրը ղեկավարում: Նիկոլ Փաշինյանն այս խոսույթով եւ գործողություններով հատել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, խախտել էթիկայի ու բարոյականության բոլոր նորմերը: Բայց գրառումն ուշագրավ է նաեւ մեկ այլ առումով։

Կա՛մ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայությունն իր ձեռքի խաղալիքն է դարձրել եւ ծառայեցնում է մարդկանց մասին անձնական, գաղտնի, սահմանադրությամբ պաշտպանված ինֆորմացիա հավաքելու եւ այդ ինֆորմացիան հարկ եղած պահին օգտագործելու համար։ Եվ, ըստ այդմ, ԱԱԾ-ն փոխարենը երկրի անվտանգության հարցերով զբաղվի, Փաշինյանի պատվերով մարդկանց անձնական կյանք է մտնում, ինֆորմացիա հավաքում, թե ով ում հետ է կենակցում, ով ում քեռակնոջ հետ է անկողին կիսում: Կամ՝ երկրի առաջին դեմքն առաջնորդվում է բամբասանքներով՝ լսում է նման ցածրամակարդակ խոսակցություններ եւ անգամ տարածում դրանք։ Հետաքրքիր է` գավառամտության ցցուն օրինակ հանդիսացող Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո շարունակե՞լու է լիբերալ արժեքներից խոսել, մարդու ազատությունից եւ իրավունքներից: 

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ նախադեպ է, երբ Ազգային անվտանգության ծառայությունը, իր բանուգործը թողած, հոգեւորականների սեռական կյանքին ուղղված «դոսյեներ» է հավաքում, ո՞ր դեպքում օրենքը կարող է ԱԱԾ-ին նման իրավունք տալ: «Եթե կոնկրետ ապացույցներ, փաստեր ունեն, ապա պետք է ներկայացնել եկեղեցու հոգեւոր խորհրդին, եւ թող առաջացնեն համապատասխան հետեւանքներ, ընդհուպ` կարգալույծ անեն հոգեւորականին, բայց եթե չունեն ապացույց եւ ընդամենը հերյուրանքներ են տարածում, սրանով փորձ է արվում վարկաբեկել ողջ Հայ առաքելական եկեղեցին: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ ինֆորմացիա ստանալու միակ աղբյուրն ԱԱԾ-ն է, գուցե ոստիկանությո՞ւնն է, օրինակ, այդ տեղեկությունները հավաքել, ո՞վ գիտի: Ինչո՞ւ եք կարծում, որ հենց ԱԱԾ-ն է դրա ետեւում կանգնած»,- նշեց Համբարձումյանը: 

Պաշտոնյան, անգամ վարչապետի աթոռին նստած անձը, իրավունք ունի՞ ԱԱԾ-ից պահանջել՝ մարդկանց անձնական կյանքի մասին տվյալներ տրամադրել իրեն։ «ԱԱԾ տնօրենի գործառույթները կանոնակարգված են օրենքով: Եվ աշխատանքը կազմակերպվում է հենց այդ գործառույթների շրջանակներում: Եթե մարդու անձնական տվյալները վերաբերում են որեւէ հանցագործության դեպքի կամ տվյալ հանցագործության հետ կապ ունեցող շրջանակներին, ապա կարող են նաեւ տրամադրվել: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինֆորմացիա ստանալու տարբեր աղբյուրներ կան, եւ պարտադիր չէ, որ այն լինի ԱԱԾ-ն, օրինակ, գուցե ինչ-որ մի այլ հոգեւորական զրպարտչական տեղեկություններ է Փաշինյանին փոխանցել, ոչինչ չենք կարող պնդել»,- ասաց Համբարձումյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image