Կուսակցության հայտարարության համար ՔՊ-ն լրատվամիջոցին է դատի տվել

Կուսակցության հայտարարության համար ՔՊ-ն լրատվամիջոցին է դատի տվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ վճարել ֆինանսական փոխհատուցում` ընդհանուր 586 հազար դրամի չափով, որից 200 հազար դրամը՝ որպես հրապարակված հոդվածով զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, 386 հազարը՝ դատական ծախսերի հատուցում։ Մենք տեղեկացանք, որ հայցադիմումը կապված է iravaban.net կայքում տեղ գտած մի հրապարակման հետ։ Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն iravaban.net կայքի հիմնադիրն է։ Մեզ հետ զրույցում կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանն ասաց, որ կայքն ընդամենը տեղադրել է կուսակցություններից մեկի հրապարակած հայտարարությունը․

«Iravaban.net-ի տվյալ հրապարակումը լրատվամիջոցի կողմից որպես զրպարտություն, բնականաբար, չենք համարում․ հրապարակվել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը, եւ հրապարակված նյութի հենց վերնագրում նշվել է՝ «ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը», ապահովվել է նաեւ հայտարարության ֆեյսբուքյան էջի ակտիվ հղումը։ Մենք հայցադիմումին պատասխանել ենք։ Այժմ դատական վեճի մեջ ենք»,- ասաց Չիլինգարյանը։

Ինչ վերաբերում է «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, ապա այն վերաբերում է ՔՊ-ի կողմից ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու ենթադրյալ դեպքին։ Կուսակցությունը հայտարարության մեջ մասնավորապես նշել է․

«ՔՈ նախընտրական շտաբն օպերատիվ ռեժիմով տեղեկատվություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տեւական ժամանակ գտնվող եւ ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։ Մեր վստահված անձանց դիմում-բողոքները՝ նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին, ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել»։

Փաստորեն, ՔՊ-ն ոչ թե հայտարարության հեղինակ կուսակցության դեմ է հայց ներկայացրել, այլ այն լրատվամիջոցի, որը տեղադրել է հայտարարությունը։ Չնայած ՔՊ-ի դեպքում չպատճառաբանված ու անտրամաբանական որոշումներ կայացնելն օրինաչափ է, եւ այս դեպքում էլ ընդհանրապես զարմանալի չէ, որ լրատվամիջոցի դեմ են հայց ներկայացրել, հավանաբար՝ ակնկալել են, որ լրատվամիջոցը չի կարողանա հիմնավորել հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, մինչդեռ ՔՈ կուսակցությունը գուցե կարողանար հիմնավորել։