Հարցազրույց

«Հրապարակ». Կոլերովներին չեմ ցանկանում մեկնաբանել

«Հրապարակ». Կոլերովներին չեմ ցանկանում մեկնաբանել

Հակառուսական տրամադրությունները Հայաստանում ժամերով են աճում: Մի կողմից՝ գործող իշխանություններն են դա խթանում, մյուս կողմից` դրան նպաստում է դաշնակցի վարքը: Մենք մի քանի հարց ուղղեցինք պրոռուսական հայացքներ կրող Վահան Բաբայանին` Ռեֆորմիստների կուսակցության նախագահին:

- Թեպետ օրվա իշխանությունները երբեք ռուսամետությամբ աչքի չեն ընկել, սակայն հատկապես վերջին շրջանում, երբ կա նոր պատերազմի վտանգ, նրանք առավել ցայտուն հակառուսական կեցվածք են ընդունել: Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում, կարծես, փորձում էր մեղմել դա, արդարանալ:

- Ինչքան էլ հակառուսական գաղափարներ գեներացնեն, միեւնույն է՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ ավելի խորն են, քան կարելի է պատկերացնել: Կան գլոբալ հարցեր` տնտեսությունից սկսած, վերջացրած ժողովուրդների բարեկամությունով, պատմությամբ եւ մշակույթով: Այնպես որ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ, որ ինչ-որ մեկը կարողանա այն գեներացնել: Այնպես չէ, որ այդ մեկ հոգու հայտարարություններով հայ-ռուսական հարաբերությունները պետք է լավանան կամ վատանան: Հաշվի առեք, որ ռուսական կողմից գազ ենք ստանում, Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, հավանաբար՝ ոմանք մոռանում են, որ հենց ռուսական ռազմաբազան է Հայաստանում գտնվում` ապահովելով հայ-թուրքական սահմանը: Այնպես որ, կան բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք շրջանցել չենք կարող: Կարծում եմ, որ այս էտապը եւս կանցնի: Չեմ պատկերացնում, որ Հայաստանը մի օր կարող է դառնալ Ուկրաինա: Որոշ վերլուծաբաններ նման վերլուծություններ են անում, սակայն ես այդպես չեմ կարծում:

- Ասում եք, որ ինչ-որ մեկի հայտարարություններով չեն կարող վատանալ հայ-ռուսական հարաբերությունները, մոռանում եք, որ այդ մեկը Հայաստանի ղեկավարն է` շարքային քաղաքագետ կամ վերլուծաբան չէ, որոշումներ կայացնողն է:

- Դրանք զուտ դրվագներ են, որոնց արդյունքում կարող են արձանագրվել ինչ-ինչ երեւույթներ, սակայն մեծ ազդեցություն չեն կարող թողնել հայ-ռուսական օրակարգի վրա: Իրականությունը դա է, այ, կտեսնեք, որ ոչ մի լուրջ փոփոխություն էլ չի լինի:

- Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Հայաստանի «մահախոսականն» է կարդացել՝ գուժելով, որ առաջիկայում Հայաստան չի լինելու:

- Այն, որ Հայաստանի վիճակն այնքան էլ լավ չէ, դա բոլորս գիտենք, սակայն Կոլերովներին չեմ ցանկանում մեկնաբանել: Իհարկե, Հայաստանը վտանգի տակ է, իհարկե, տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանական զորքերը ներխուժել մեր սուվերեն տարածք, իհարկե, մենք ամեն օր շանտաժի մեջ ենք, մեզ փորձում են վախի մեջ պահել, մի կողմից էլ այս իշխանությունների անփառունակ քաղաքականության արդյունքում ամեն օր ավելի ենք թուլանում ու հեղինակազրկվում, սակայն Կոլերովին՝ այստեղից այնտեղ, չեմ ցանկանում մեկնաբանել:

- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մարիա Զախարովայի հետ հեռահար լեզվակռիվ ունեցավ: Աննա Հակոբյանը մեկնեց Ուկրաինա, իսկ ամուսինը երեկ ասաց` այդ այցը պետք չէ քաղաքականացնել:

- Եթե մարդն ընդունակ է քաղաքացու վրա թքել, ավելին նրանից պետք չէ սպասել: Դա իր ոճն է: Իսկ Աննա Հակոբյանը հանդիսանում է քաղաքական անձ` դե ֆակտո, գուցե դե յուրե չունի քաղաքական պատասխանատվություն, սակայն բոլորս էլ գիտենք, որ դա քաղաքական այց էր: Այն կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ: Ամեն դեպքում, քաղաքական ղեկավարների կանանց մասին խոսել չեմ ցանկանում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image